ԱԼԻԵՎՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Է ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ։ 2018թ. «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ…

«Ո՞ր ինկուբատորից»

«Հիվանդ հասարակության մեջ իշխանությունը ծնվում է ամենավարակված հատվածից։ 20 տարի առաջ ես ասել եմ, որ զգուշանում եմ այն իշխանությունից, որը կձևավորվի ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով... Ժողովրդավարությունը ռումբ է, որը դրել են մեր պետականության տակ։ Նորմալ հասարակության մեջ գոնե 10%-ն ունի պետական (համայնքային, քաղաքային) մտածողություն, այդպիսի հասարակության մեջ մարդիկ անձնական բարեկեցությունը կապում են իրենց գյուղի, քաղաքի, պետության զարգացման հետ: Մեր դժբախտությունն այն է, որ նույնիսկ այդ 10%-ն է վերացել։ Մնացել է 1% կամ 0,5%: Սա արդեն հիվանդ հասարակություն է, որն անկարող է ապահովել իր զարգացումը»,- հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

Նրա խոսքերով, եթե հասարակության 10%-ը ունակ լիներ վերլուծական մտածողության, ապա կկարողանար վերահսկել մնացած 90%-ին, սակայն իրավիճակն այսօր գերճգնաժամային է: «Եթե ընդդիմությունն օժտված է ողջամտությամբ, ապա պետք է հասկանա իրավիճակը. կան բացահայտ ու ծպտյալ թշնամիներ, ընդդիմությունը պետք է սովորի տարբերել նրանց»,- ընդգծեց Պեպանյանը:

Ահա արդեն 5 տարի շարունակ իշխող ռեժիմի գաղափարախոսությունը, որը հայերին բաժանել է ղարաբաղցիների ու հայաստանցիների, սևերի և սպիտակների, նախկինների ու ներկաների, ձևավորում է որևէ նպատակից և բարոյական ուղենիշներից իսպառ զուրկ հայ հասարակություն։ Այսօր հայ ժողովրդի ապագայի մասին երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերում ճամարտակում է բանակային ծառայությունից խուսափելու համար դատապարտված դասալիքը։ Հունվարին ՍԴ-ն հաստատեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, որը պարտավորեցրել էր «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանին ներողություն խնդրել ՀՅԴ-ից, որին վերջինս խորհրդարանի ամբիոնից անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»: Իշխանության զավթումից հետո Բաբաջանյանը բանտախցում տեսակցեց իր վաղեմի ընկերոջը՝ ահաբեկիչների հնգյակի պարագլուխ Նաիրի Հունանյանին և, ըստ ԶԼՄ-ների վարկածի, 1999թ.հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ կեղծ ցուցմունքների համաձայնություն ստացավ նրանից։ Կեղծիքն այնքան ակնհայտ էր, որ Փաշինյանը հրաժարվեց այդ ծառայությունից:

Ընդդիմադիր ուժի ցուցանակի տակ գործում է «Ազգային ժողովրդավարական բևեռը», որն իր հարկի տակ միավորում է ահաբեկչական խմբի գաղափարական հետևորդներին։ Կազմակերպության սկզբնական՝ «Սասնա ծռեր» անվանումը համընկնում է խմբի անվան հետ, որը կրակել է պետության վրա 2016թ.հուլիսի 17-ին, սակայն այդ կազմակերպության առաջնորդներին ոչ ոք չի հանդիմանում երեք ոստիկանների սպանության համար, քանի որ նրանք քարոզում են ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերում Հայաստանի տարածքից:

Իշխանական հեռուստաալիքներում գլխավոր վերլուծաբանի դերում հանդես է գալիս օլիգարխ Սամվել Ալեքսանյանի նախկին բարեկամն ու թիմակիցը, որն այնուհետ ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։ Այսօր հեռուստատեսային ընկերախմբում Սուրեն Սուրենյանցը համարվում է ամենախելացին, նույնիսկ 3 հոգուց բաղկացած իր կուսակցությունն է հիմնել։ Դա ուղիղ 3 անդամով պակաս է, քան Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը։ Այսօր Նիկոլին ծառայող գաճաճ ուժերի առաջնորդները 24-ժամյա ռեժիմով քաղաքացիների գիտակցության մեջ են մտցնում Հայաստանի լուսավոր քաղաքական ապագայի պատկերները՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտում։ Նրանց ջանքերը հիշողության մեջ թարմացնում են աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկի հարցը. «Ո՞ր ինկուբատորից է լույս աշխարհ եկել թուրքի ու ռնգեղջյուրի այս խառնուրդը»։

«Հայ հասարակությունը հետադիմել է...»

Հայ հասարակությունը հետադիմել է այն աստիճան, որ անվերապահորեն հավատում է, թե ԵՄ 100 դիտորդներն ի վիճակի են ապահովել երկրի անվտանգությունը և զերծ պահել նրան Ադրբեջանի նոր ագրեսիայից: Հաղորդագրությունն այն մասին, որ նրանց միայն կեսն է անզեն լինելու, ըստ էության ոչինչ չի փոխում։ 100 մարդիկ եղանակ չեն ստեղծի, նույնիսկ եթե նրանց շարքերում ֆրանսիացի ժանդարմներ ու գերմանացի պոլիցայներ կան։

Ընդդիմության փորձերը՝ բացատրելու զանգվածներին, որ այդպիսի անվտանգություն չի լինում, խլացվում են նիկոլական քարոզչամեքենայի կողմից։ Համարժեք վիճակում լինելու դեպքում հասարակությունը վաղուց հասկացած կլիներ, որ իշխող ռեժիմն ի վիճակի չէ ապահովել երկրի և ժողովրդի տարրական անվտանգությունը, իսկ Փաշինյանին ամենից քիչ հետաքրքրում է Արցախի ապաշրջափակումը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, լինելով Թուրքիայում, մի բառ անգամ չասաց խնդրի մասին, թեև ընդդիմությունը բազմիցս մատնանշել է, որ շրջափակման հետևում երևում են Անկարայի ականջները։

Մի՞թե դա նորմալ է, որ Արցախում հումանիտար իրավիճակի սրմանը զուգընթաց նվազում է հայ հասարակության հետաքրքրությունը շրջափակման նկատմամբ։ Մի՞թե նորմալ է, երբ սոցհարցման ընթացքում հարցվածների ավելի քան 90%-ը դեմ է արտահայտվում Արցախի ներառմանն Ադրբեջանի կազմում, սակայն զանգվածները չեն ցանկանում պայքարի ելնել տրամագծորեն հակառակ քաղաքականություն վարող ռեժիմի դեմ։

Փաշինյանի քարոզչամեքենային հաջողվեց 5 տարվա ընթացքում ներշնչել զանգվածային հայ մարդուն, թե իրենից ոչինչ կախված չէ։ Փորձագետներն արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ Արցախի շրջափակումը ձեռնտու է Ալիևին ու Փաշինյանին, քանի որ երկուսն էլ շահագրգռված են, որ ռուս խաղաղապահները հեռանան։ Օրերս ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը հաստատեց, որ Արցախի անկախության նշաձողի իջեցման գաղափարը պատկանում էր ոչ թե եվրոպացի գործընկերներին, այլ հենց Փաշինյանին։ Դա դուր եկավ դեռահասի գիտակցություն ունեցող մարդկանց, որոնք մինչ օրս սրբորեն հավատում են, թե Արցախից հրաժարումը կբերի Հայաստանին բաղձալի «լավ կյանքը», որ խոստացել էր «Սերգո ջանին» Նիկոլի քաղաքական կնքահայրը։ Առողջ հասարակությունը չէր հավատա այս հեքիաթին…

ԱՄՆ-ից ու Եվրոպայից բացահայտ ասում են, որ չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, իսկ իշխող ռեժիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, իսկ Հայաստանից դուրս բերվի 102-րդ ռուսական ռազմակայանը։ Մյունխենում Ալիևը ախտորոշեց հայ հասարակության վիճակը՝ մատնանշելով, որ նա համակերպվել է կապիտուլյացիայի և Արցախի կորստի հետ, այդ իսկ պատճառով 2021 թվականի ընտրություններում քվեարկեց կապիտուլյանտի կուսակցության օգտին։ Կարելի է առարկել, թե այդ կուսակցությունը խաբել է ընտրողներին՝ իր նախընտրական ծրագրում խոստանալով դեօկուպացնել Շուշին ու Հադրութը, բայց այդ դեպքում անմիջապես հարց կծագի. ինչո՞ւ ժողովուրդը չի բողոքում խաբեության դեմ։

Հանուն իշխանության պահպանման՝ ռեժիմի պարագլուխը պատրաստ է ցանկացած զիջման, իսկ «3 միլիոն վարչապետներն» իրենց այնպես են պահում, ասես աշխարհի քաղաքական քարտեզից անհետացման եզրին է գտնվում ոչ թե իրենց երկիրը, այլ մի հեռավոր կղզի-պետություն։ Այս պասիվությունը կարելի է վերագրել նրան, որ վերջնական համաձայնեցման փուլում գտնվող «խաղաղության համաձայնագրի» տեքստը դեռևս հասանելի չէ զանգվածներին, բայց չէ՞ որ զանգվածները ծանոթ են Բաքվի 5 սկզբունքներին, որոնք դրված են այդ փաստաթղթի հիմքում...

«2018-ի հեղափոխության առաջին նպատակը Արցախն Ադրբեջանին հանձնելն էր, իսկ երկրորդը՝ Հայաստանը Թուրքիայի տակ դնելն ու երկիրը թուրքական բեռնատարների համար միջանցիկ բակ դարձնելը»,- հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պատմաբան Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ Փաշինյանի այն խոստովանությունը, որ ինքը կարող էր հանձնել Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը առանց 5 հազար զոհի, հանցագործության ամենաաղմկալի խոստովանությունն է հայոց ողջ պատմության մեջ։ Մի՞թե առողջ հասարակությունը 5 տարի շարունակ կհամակերպվեր այն բանի հետ, որ մեկ անձնավորությունը փորձում է հողին հավասարեցնել հայկական երկու պետություն։