ՈՐՔԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱՅՆՔԱՆ ՆՎԱԶՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Անցնող շաբաթը բավական լարված էր Արցախի համար։ Լիակատար զգացողություն է, որ ահագնացման գործընթացները կտրուկ արագացվում են, իսկ որոշ ուժեր, և առաջին հերթին, իհարկե, Բաքուն, որոշել են վա-բանկ գնալ՝ ասես մտավախություն ունենալով, որ հետագա զարգացումները կարող են խանգարել ավարտին հասցնել 2018 թվականին սկսած հակահայկական «հատուկ գործողությունը»։ Մարտի 5-ի արյունոտ առավոտը, երբ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվեցին Արցախի ոստիկանության երեք աշխատակիցներ, կարող է հայկական երկրամասի համար պայքարի վճռական փուլի նախանշանակը դառնալ: Շաբաթվա ընթացքում պարզ դարձավ նաև, որ արտաքին ուժերը չափազանց դժկամությամբ ու անհամարժեք են արձագանքում տեղում կատարվող ամենին՝ հետապնդելով բացառապես իրենց սեփական, իրականությունից հաճախ կտրված շահերն ու նպատակները։

Հայ ոստիկանների մեքենայի վրա հարձակման հաջորդ օրը Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ հրավիրեց՝ ԱԺ քաղաքական ուժերի և շրջանային աշխատակազմերի ղեկավարների մասնակցությամբ, և հանդես եկավ իր էությամբ սենսացիոն հայտարարությամբ։ Խոսելով Ադրբեջանի ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպման մասին, նա հաղորդեց «ինտեգրացիա» բառի գործածումով քաղաքական թեմաներ քննարկելու Բաքվի պատվիրակների փորձերի մասին, որոնք կասեցվել են հայկական պատվիրակության կողմից։ Դրանից հետո, Հարությունյանի խոսքերով, ադրբեջանական կողմը հաղորդել է Ստեփանակերտին, թե «կա՛մ Արցախն ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ առկա խնդիրների լուծում չի լինի. ընդհակառակը, կլինեն ավելի կոշտ ու կտրուկ քայլեր»:

Այսինքն Ալիևը ուղիղ տեքստով հայտարարում է, որ Բերձորի միջանցքը բացել մտադիր չէ, չնայած արտաքին ճնշմանն ու ամենահեղինակավոր դատական ատյանների՝ ՄԻԵԴ-ի և Հաագայի դատարանի վճիռներին։ Էլեկտրամատակարարման և գազի հարցերը նույնպես հրաժարվում է լուծել։ Ավելին, Փաշինյանի «կառուցողական» յուզգյարը դիմում է ուժի կիրառման բացահայտ սպառնալիքի. Այլ կերպ հասկանալ «ավելի կոշտ ու կտրուկ քայլերի» հնարավորության մասին խոսքերն անհնար է։

Այսինքն ահաբեկչական պետության ղեկավարն արդեն սկսում է հրապարակավ շանտաժել արցախցիներին, հարկ չհամարելով թաքցնել իր ռազմատենչ ծրագրերն ու ահաբեկչական գործողությունները շարունակելու մտադրությունները։ Այն մասին, որ նրա հայտարարությունը և քաղաքականությունը խախտում են միջազգային իրավունքի հնարավոր ու անհնար բոլոր նորմերը, խոսելն անգամ ավելորդ է։

Ինչպե՞ս արձագանքեցին Հարությունյանի հայտարարությանը Երևանում: Ոչ մի կերպ. Բացարձակապե՛ս։ Մի բառ անգամ չհաջորդեց ո՛չ ԱԳՆ-ից, ո՛չ ընդհանրապես կառավարությունից, ո՛չ խորհրդարանից։ Ամենազարմանալին այն է, որ չարձագանքեց նաև ընդդիմությունը. ո՛չ հայտարարություններ, ո՛չ գոնե արտահերթ նիստ գումարելու պահանջ, նույնիսկ դեմքը պահպանելու փորձ չարեցին այն ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են անվանում և այդ կարգավիճակով ընտրվել են ԱԺ-ում։ Փորձագետների առանձին մեկնաբանությունները ոչ մի կերպ չազդեցին ընդհանուր տխուր պատկերի վրա, որի խորքային իմաստը քաղաքական ուժերի մեծամասնության և հայ հասարակության փաստացի անտարբերությունն է Արցախի գլխավերևում կախված միանգամայն իրական մահացու վտանգի նկատմամբ։

Գործնականում միաժամանակ տարածաշրջան ժամանեցին Արևմուտքի միանգամից երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն: Ընդ որում երկրորդի համար սա առաջին այցն էր այդ կարգավիճակում. հիշեցնենք, որ նա փոխարինել է Ֆիլիպ Ռիկերին, որն իր գործունեության կարճ ժամանակահատվածում աչքի ընկավ պրոֆեսիոնալիզմի և տարածաշրջանում իրավիճակի ըմբռնման բացակայությամբ։ Ասենք, Բոնոյի առաջին այցը նույնպես առանձնակի լավատեսություն չներշնչեց այդ համատեքստում։

Ապշեցուցիչ է, բայց արցախցի ոստիկանների վրա ահաբեկչական հարձակումից բառացիորեն մեկ օր անց ժամանելով Բաքու, Բլինքենի ավագ խորհրդականը բացարձակապես ոչինչ չասաց այդ մասին։ Նա մի բառով անգամ չհիշատակեց նաև Արցախի իշխանություններին ու ժողովրդին Բաքվի ներկայացրած վերջնագիրը։ Անհարմար է բան է ստացվում, բայց ստիպված ենք ենթադրել, որ Բոնոն տարածաշրջան է եկել՝ տեղյակ չլինելով վերջին նշանակալի իրադարձությունների մասին։ Այլապես կմնա մտածել, որ նա գիտակցաբար էր շրջանցում բոլոր սուր անկյունները՝ կա՛մ չցանկանալով անհարմար դրության մեջ դնել Ալիևին, կա՛մ լիովին համամիտ լինելով Բաքվի բռնապետի հետ այն հարցում, որ կարելի է և՛ շանտաժի ենթարկել, և՛ ահաբեկել արցախահայությանը, դնելով նրանց Հայրենիքից հեռանալու կամ մեռնելու ընտրության առջև։

Ուրիշ ինչպե՞ս հասկանալ Բոնոյի հետևյալ հայտարարությունը. «Նախագահ Ալիևը Մյունխենում հայտարարեց, որ ինչ-որ մեկին կնշանակի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ փոխգործակցության համար։ Մեզ հետ զրույցում նա ասաց նաև, որ պատրաստ է շարունակել տվյալ քննարկումները։ Ուստի մենք լավատեսությամբ ենք նայում կողմերի հետ այդ ուղղությամբ աշխատելու հնարավորությանը»։ Լավատեսությունը, իհարկե, շատ լավ բան է, բայց խորհուրդ կտանք պրն Բոնոյին երբեմն այնուամենայնիվ իրատես լինել, քանզի «տվյալ քննարկումները» գործնականում ավարտվել են՝ նույնիսկ չսկսված, քանի որ իր սրտին հաճո նախագահ Ալիևը նախընտրում է շանտաժի, վերջնագրի, ահաբեկչությունների և դիվերսիաների լեզուն։

Վարկածների ընտրությունը, այսպիսով, մեծ չէ. կա՛մ ավագ խորհրդականը լիովին կտրված է իրականությունից, կա՛մ Պետդեպարտամենտը սատարում է միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները խախտող, միջազգային բարձրագույն դատական ատյանների որոշումներն ու, ասելն անգամ սարսափելի՛ է, Բոնոյի շեֆի՝ պետքարտուղար Բլինքենի կոչերն անտեսող Ադրբեջանին։

Իր ամերիկացի գործընկերոջից բնավ ավելի լավ չպահեց իրեն նաև տարածաշրջանի գործերում շատ ավելի փորձառու Տոյվո Կլաարը, որը Բաքու ժամանեց ողբերգության օրը՝ մարտի 5-ին, և շատ յուրօրինակ, եթե չասենք ցինիկ կերպով արձագանքեց արցախցի ոստիկանների սպանությանը։ «Անհամբերությամբ եմ սպասում Ադրբեջանի ղեկավարության հետ բովանդակալից հանդիպումներին՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Մահացու ելքով այսօրվա միջադեպն ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունների առաջխմղման հրատապությունը»,- գրել էր նա իր թվիթերյան էջում։

Եվ ոչ մի բառ ահաբեկչության դատապարտման մասին։ Ոչ մի բառ այն մասին, որ Արցախի ժողովրդին պարտադրվող փաստացի նոր պատերազմի պայմաններում անհնար է խոսել խաղաղության մասին, քանի որ կողմերից մեկը պատկերացնում է խնդրի լուծումը բացառապես մյուս կողմին ահաբեկելու, ֆիզիկապես ոչնչացնելու կամ վտարելու միջոցով։

Եթե Տոյվո Կլաարը դա չի տեսնում, նշանակում է՝ նա ապիկար քաղաքական գործիչ է, չի համապատասխանում իր պաշտոնին և վատ է կատարում սեփական պարտականությունները: Բայց ինչ-որ բան հուշում է, որ խնդիրն այստեղ միանգամայն այլ է. ինչպեսև ԱՄՆ-ը, Եվրամիությունը սքողված աջակցում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը քարտ-բլանշ են տրամադրել Ալիևին՝ խաղաղության մասին դատարկախոսության աղմուկի տակ հարցը բռնի ճանապարհով լուծելու համար։

Ոչ մի նոր բան դրանում, իհարկե, չկա, ինչպեսև նրանում, թե ինչի դիմաց է (այստեղ, անշուշտ, դեր են խաղում ոչ միայն էներգակիրների հարցերը) Արևմուտքն աչք փակում Ադրբեջանի գործողությունների վրա։ Միայն թե ակամայից չի լքում դեժավյուի զգացողությունը։ Ավելի քան քառորդ դար շարունակ միջազգային միջնորդները խոսում էին «հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու» անհրաժեշտության մասին, նույնքան ջանադրաբար և ցուցադրաբար «չնկատելով» Ալիևի հանցագործությունները։ Քառորդ դար շարունակ Մինսկի խմբի համանախագահները մատնանշում էին ռազմատենչ հռետորաբանության, ուժի սպառնալիքի և ուժի կիրառման անթույլատրելիությունը։

Թե ինչի հանգեցրեց միջնորդների խաղաղասիրական դատարկախոսությունը՝ լավ հայտնի է։ Ինչպեսև նույնքան լավ ու բոլորին հայտնի է այն, որ այս անգամ էլ ոչ մի բան «խաղաղության» առումով չի ստացվի, քանզի որքան ավելի շատ են շուրջբոլորը ճամարտակում խաղաղության մասին՝ անտեսելով իրականում տեղի ունեցող ամենը, այնքան նվազում է տարածաշրջանում խաղաղությունը և այնքան ավելանում են բռնությունները, մահերն ու պատերազմները։

Հ.Գ.- Վերջին իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին՝ հաջորդ նյութում