Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ․ «ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԱԶԱՏ ԹՌԻՉՔԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
Ջութակահար Վարդան Պողոսյանը՝ կոմպոզիտոր Արթուր Թադևոսյանի հետ համատեղ թողարկել է իր հերթական՝ «Պոեմ» (Poeme) տեսահոլովակը: Այս hուզիչ, զգացմունքային ու բովանդակալից երաժշտական ստեծագործությունը արդեն հասանելի է Youtube-ում։ Ավելին, երեք շաբաթվա ընթացքում այն մոտ 12 հազար դիտում է ունեցել և այսօր էլ շարունակում է իր շքերթը, ուշադրություն գրավելով մեղեդու գունային հարստությամբ ու անկեղծ, տաղանդավոր կատարումով:
Պոեմի» երաժշտության հեղինակ Արթուր Թադևոսյանը ի սկզբանե ստեղծել էր այն դաշնամուրի համար, սակայն շատ շուտ զգաց, որ ստեղծագործությունը ավելի գեղեցիկ կհնչի ջութակով: Այսպես սկսվեց Արթուրի և Վարդանի համագործակցությունը։ Նվագեցին, փորձնական ձայնագրեցին ու համոզվեցին, որ ջութակն է հենց այն գործիքը, որը կարող է արտացոլել «Պոեմի» նուրբ, լիրիկական, զգայական բոլոր երանգները: Վարդանը փոխադրեց «Պոեմը» ջութակի համար և տեսահոլովակի նկարահանումները սկսվեցին ։
«Արթուր Թադևոսյանի հետ մենք աշխատել ենք տարբեր նախագծերում, բայց հենց «Պոեմը» սկիզբ դրեց մեր հետագա համագործակցությանը։ Այս գործով մենք առաջին անգամ ներկայացանք հանրությանը, - ասաց Վարդան Պողոսյանը։ – Արթուրը գրել էր «Պոեմը» 2020 թվականին՝ համավարակի ժամանակ, երբ մարդիկ փակվել էին իրենց տներում, մեկուսանալով աշխարհից։ Կարելի է ասել, որ «Պոեմը» վատ օրերի լավ արդյունք է։ Արթուրը նոտաներով շարադրեց այդ ծանր օրերի իր ապրումները, որոնք կապված էին թե մարդկության մշուշոտ ապագայի, և թե անցյալի հիշողությունների հետ։ Մեղեդին այնքան գեղեցիկ էր, որ երբ նա առաջարկեց ինձ նվագել այն, ես անմիջապես համաձայնվեցի։ Մենք սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ․ հստակ պարզ էր, որ ջութակն ավելի խորն է թափանցելու ունկնդրի սիրտը»։
«Պոեմը» ձայնագրվեց անցյալ տարի, իսկ տեսահոլովակը թողարկվեց վերջերս։ Նկարահանումները տեղի ունեցան Երևանի բուսաբանական այգում, ուր հատուկ տեսահոլովակի համար դաշնամուր էր բերվել։ Արդյունքը տպավորիչ էր. «Պոեմը» գրավեց երաժշտասերների լայն լսարանի ուշադրությունը։ Ինչպես նշեց ջութակահարը, ժամանակակից մարդը, քաղաքում ապրելով, կտրված է բնությունից, բայց չէ՞ որ երաժշտությունն ու բնությունը փոխկապակցված են և երաժշտությունը ավելի վառ ու զգայական է հնչում բնության մեջ։ Այդ պատճառով էլ տեսահոլովակի հեղինակները ցանկացան վերադարձնել մարդկանց բնական միջավայր, որտեղ կադրն ու հնչյունը ավելի ներդաշնակ են իրար հետ։
«Պոեմը» Վարդան Պողոսյանի ձայնագրած ստեղծագործություններից չորրորդն է, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ։ Չնայած երիտասարդ տարիքին, Վարդանն արդեն մեծ ճանաչում ունի երաժշտությանը վերաբերվող տարբեր ոլորտներում։ Նրա կատարմամբ ձայնագրվել են հայկական հայտնի ֆիլմերի ու հեռուստատեսային նախագծերի մի շարք գլխավոր ու երկրորդական սաունդթրեքեր։ Այդ թվում են՝ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորվածը Հայաստանում», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ», Շավարշ Կարապետյանի Արցախյան առաջին պատերազմին նվիրված «Իմ խաչը» ֆիլմերը, «Ժիրայր Գլենց» հեռուստասերիալը, որը նկարահանվել է Մկրտիչ Արմենի վեպի հիման վրա Հ1 հեռուստաընկերության կողմից, և այլն։ Նա ընդգրկված է նաև տարբեր հեռուստաընկերությունների հայտնի երաժշտական նախագծերում։
Վարդանը հայտնի է հայ մտավորականության լայն շրջանակներում։ Նա հաճախ մասնակցում է կորպորատիվ համերգների, որտեղ կատարում է դասական երաժշտություն (Բախ, Վիվալդի, Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան և այլն), ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ (Միշել Լեգրան, Էնիո Մորիկոնե, Աստոր Պիացոլլա, Ջոն Ուիլյամս և այլն), ջութակի համար մշակված անվանի երգիչների (Ազնավուր, Բոչելի և այլն) էստրադային և այլ ժանրերի երգեր։ Նրան սիրում ու գնահատում են Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները, որտեղ նա արդեն մի քանի տարի դասավանդում է և փոխանցում իր գիտելիքները, հմտություններն ու փորձն ապագա տաղանդավոր ջութակահարներին։
«Ջութակը հայտնվեց իմ կյանքում ծնողներիս շնորհիվ։ Հայրս դաշնակահար է, բայց ջութակի դասարան ինձ մայրս տարավ։ Ես հաճախել եմ նույն՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, որտեղ այժմ դասավանդում եմ։ Իմ ուսման առաջին տարիները գրեթե չէին տարբերվում իմ ոչ երաժիշտ հասակակիցների կյանքից․ ես նույնպես սիրում էի ավելի շատ բակում խաղալ, քան ջութակի լարերի վրա մատներս վարժեցնել։ Բայց հանկարծ 11-12 տարեկանում հոգուս ներսում մի բան զրնգաց։ Հիշում եմ, որ պետք է սովորեի Վիվալդիի «Լյա մինոր կոնցերտը», երբ հանկարծ ինչ-որ բան ինձ տարավ, ձգեց դեպի երաժշտություն։ Մոռանալով ընկերներիս ու խաղերի մասին, ես սկսեցի սիրով սովորել Վիվալդիի երաժշտությունը։ Հետո ծանոթացա Բախի ստեղծագործություններին ու արդեն ինքնուրույն, առանց ծնողներիս պարտադրանքի սկսեցի մեծ հաճույքով նվագել ամեն օր», - պատմեց Վարդանը իր ստեղծագործական ուղու առաջին տարիների մասին։
Դպրոցը ավարտելուց հետո Վարդանն ընդունվեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, այնուհետև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Բուհում ուսանելու իր 6 տարիները սերտ կապված են եղել հայտնի ջութակահար ու մանկավարժ Արտաշես Մկրտչյանի հետ, ում դասարանում նա օրեցօր բացահայտում էր ջութակի գաղտնիքները, դասական ստեղծագործությունների կատարման նրբությունները, ձգտում էր լինել լավագույններից լավագույնը։ Սակայն կոնսերվատորիայում ուսումը ավարտելուց հետո Վարդանը չցանկացավ ներգրավվել որևէ նվագախմբի կազմում, գնաց ոչ ավանդական ճանապարհով և ընտրեց ազատ ստեղծագործողի ապագան։ Ըստ Վարդան Պողոսյանի, մասնագիտական ազատությունը լայն դռներ էր բացում իր առջև․ այն թույլ կտար նվագել դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, հորինել երաժշտություն ջութակի համար, խմբեր հավաքել տարբեր նախագծերի համար, գրել ու կատարել կինոերաժշտություն, մի խոսքով, ունենալ մասնագիտացման մեծ ընտրություն ու տարբեր հնարավորություններ։
«Ես ցանկացա ավելի հանրայնացնել ջութակը, ստեղծել երկացանկ, որտեղ կլինեն թե հայտնի դասական ստեղծագործություններ, թե հանրահայտ մեղեդիներ ու էստրադային երգեր, որոնք գեղեցիկ են հնչում ջութակով։ Ելույթներիս հիմքում ես դրեցի դասական, ժամանակակից գործիքային ստեղծագորխություններից ու տարբեր ժամանակների էստրադային հիթերից կազմված հետաքրքիր միքս։ Բայց ինչքան էլ համատեղում եմ տարբեր ժանրերի գործեր, իմ երաժշտության արմատներում, միևնույն է, դասականն է, - խոստովանեց Վարդանը։ - Դասական երաժշտությունն ինչ որ տեղ ավելի հեշտ է կատարել, քան ժամանակակից հեղինակների գործերը։ Դասականն արդեն բազմիցս հնչել է, ու դու հնարավորություն ունես լսել վարպետների կատարումները, սովորել նրանցից կամ ընդօրինակել նրանց։ Իսկ երբ մեր կողքին ապրող, մեր օրերում ստեղծագործող կոմպոզիտորների երաժշտության առաջին կատարումը հենց քեզ են վստահում, դու պետք է պատրաստ լինես ստանձնելու նման պատասխանատվություն, գիտակցելով, որ նոր սերունդն էլ իբրև օրինակ հենց քեզ է ի նկատի ունենալու»։
Վարդանի խոսքով, կինոերաժշտություն կատարելը ևս շատ պատասխանատու է ու տարբերվում է այլ ոլորտներից։ Կինոյում երաժիշտը պետք է զգա կադրը իր ամբողջ խորությամբ, ծանոթ լինի թե ֆիլմի սյուժեին, թե ռեժիսորի որդեգրած գաղափարին, որ կարողանա լիարժեք փոխանցել տվյալ դրվագի իմաստն ու բովանդակությունը, զգացմունքներ արթնացնել հանդիսատեսի մոտ։ Ինչ վերաբերում է իր մանկավարժական գործունեությանը, դա մի առանձին էջ է նրա կյանքում, որն սկսվել է 2017 թվ․։
«Դասավանդելու որոշումը ես ընդունեցի ոչ պատահական։ Հիմա, 33 տարեկան հասակում ես զգում եմ, որ արդեն ձեռք եմ բերել գիտելիքների ու հմտությունների մեծ պաշար և կարող եմ փոխանցել այն մանուկ սերնդին, այնպես անել, որ նրանք սիրեն ջութակն ու առհասարակ երաժշտությունը, ինչպես ժամանակին արեցին իմ դասատուները։ Այս գործում շատ կարևոր է, որ ուսուցիչը միաժամանակ գործող երաժիշտ լինի, կարողանա ցույց տալ աշակերտներին այն ամենը, ինչ սովորեցնում է, ուղորդել նրանց դեպի երաժշտության հարուստ աշխարհ, կիսվել սեփական գիտելիքներով, որոնք ձեռք է բերել սեփական փորձով, - ասում է Վարդան Պողոսյանը։ - Ես փորձում եմ փոխանցել աշակերտներիս այն ամենը, ինչը ինքս չեմ ստացել մանուկ ժամանակ, ուզում եմ այնպես անել, որ նրանք առաջին դասարանից կապվեն ջութակի հետ։ Եվ դա ինձ, կարծես, հաջողվում է։ Իմ սաներից շատերը արդեն մեծ հաջողություններ են գրանցել, նրանց մեջ կան հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ»։
Վարդան Պողոսյանը ելույթներ է ունենում նաև լարային կվինտետի կազմում, որը հենց ինքն է հավաքել։ Նա նաև նվագել է Գրիգոր Առաքելյանի «Օշական» քառյակի կազմում, համերգներ տվել Երևանի լավագույն դահլիճներում։ Ջութակահարը ֆրանսիական հայտնի ստուդիաներից մեկում ձայնասկավառակներ է լույս ընծայել, համագործակցել է անվանի ամերիկահայ ջութակահար Աշոտ Տիգրանյանի ղեկավարած հայ-ամերիկյան՝ СССО (Classical Concert Chamber Orchestra) կամերային նվագախմբի հետ, որի կազմում հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 10 քաղաքների լավագույն բեմերում (Եվրոպա, Չինաստան և այլն)։
«Կոնսերվատորիան ավարտելուց հետո ես կանգնած էի ընտրության առջև՝ կրթությունս շարունակել և ապագա կարիերան ստեղծել արտասահմանում թե՞ մնալ հայրենիքում, ամեն ինչ զրոյից ստեղծել ու իմ սեփական տեղը գտնել երաժշտության բնագավառում։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը՝ մնացի Հայաստանում, հնարավորություն ունենալով մասնակցելու արտերկրի հետ կապված նախագծերում, և բոլորովին չեմ փոշմանել», - ասաց մեր զրույցի վերջում Վարդան Պողոսյանը, հավելելով, որ միտք ունի պատրաստել նոր ծրագիր՝ իր մենահամերգի համար, որի ժամանակ կներկայացնի իր՝ տարիներ շարունակվող «ազատ թռիչքի» ստեղծագործական ձեռքբերումները։