ԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՄԱՆԱՍՅԱՆԸ ԱԼԻԵՎԱՅԻՑ, ԿԱՄ Ո՞Վ Է ՀԻՇՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պաշտոնական լրահոսի վերջին հաղորդագրությունները. Փաշինյանը խոսել է Կլաարի, Միրզոյանը՝ Բլինքենի տեղակալի պաշտոնակատարի հետ։ Տեղեկատվությունն ասես պատճենաթղթով գրված լինի՝ գործնականում կրկնելով թեման. զրուցակիցները, իբր, քննարկել են «հարաբերությունների կարգավորումը, պայմանավորվածությունների կատարումը, սահմանազատումը, Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»... Եվ հաղորդագրություններից ոչ մեկում վաղուց արդեն մի բառ անգամ չկա հայ ռազմագերիների վերադարձի մասին, այդ թվում՝ այն երկու պայմանագրային զինծառայողների, որոնք առևանգվել են մայիսի 26-ին Սյունիքում՝ դիրքեր սնունդ տանելիս։
ՊՆ-ն եվ ՔԿ-ն առաջին երկու օրերին ակտիվորեն հաղորդագրություններ էին տպում այդ թեմայով՝ պաթոսով հայտարարելով, թե իբր՝ «իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու և զինծառայողների առևանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»։ Ընդամենը երկու օր անց՝ մայիսի 28-ին, Բաքվում շտապ դատական խեղկատակություն կազմակերպեցին և կալանավորեցին առևանգված հայերին «Ադրբեջանի տարածք զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի փաստով»:
Այդ օրվանից ՀՀ իշխանությունները իսպառ լռում են Հարութ Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի մասին, ասես ոչ մի առևանգում չի եղել։ Եվ առավելևս չի հնչում նրանց վերադարձնելու ոչ մի պահանջ։ Անցել է 10 օր. նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին թույլ չեն տվել այցելել նրանց, և կարելի է միայն պատկերացնել, թե ինչի միջով են ստիպված անցնել Բաքվի բանտերում այդ երկու տղաները, ինչպես որ նրանցից առաջ՝ մեր հարյուրավոր հայրենակիցներ։ Բայց հայկական իշխանություններին դա ընդհանրապես չի հուզում. սրանք ողջ ուժով շտապում են ձևակերպել Արցախի և «անկլավների» հանձնումը, բացել ճանապարհները թուրքերի համար և կնքել «խաղաղության պայմանագիր»՝ ի նշանավորում Հայաստանի թուրքացման արդեն պաշտոնական գործընթացի մեկնարկի։
Մի՞թե նրանց կհետաքրքրի երկու ջահել տղաների վիճակը, եթե 44-օրյա պատերազմից հետո թշնամու գերության մեջ մնացած 80-ից ավելի ՀՀ քաղաքացիների ճակատագրի հանդեպ էլ երկրի դե ֆակտո ղեկավարությունը խորապես անտարբեր է։
«ԳԱ»-ն արդեն գրել է այն մասին, որ Ալիև-Փաշինյան թուրքական տանդեմը սինքրոն է գործում բոլոր հարցերում, այդ թվում՝ գերիների։ Բայց այդ թեման արդիականացվում է բացառապես այն ժամանակ, երբ այն հետաքրքիր է Ալիևին։ Այսօր նա ցանկանում է վերադարձնել Հայաստանի տարածք ներթափանցած իր երկու դիվերսանտներին, որոնց, հիշեցնեմ, բռնել են բնավ ոչ համապատասխան պետական կառույցները, այլ երկու դեպքում էլ՝ հասարակ քաղաքացիները։ Մեկին արդեն դատապարտել են 11 տարվա ազատազրկման, իսկ երկրորդի պարագայում ավելի բարդ է. նա մեղադրվում է ԶՊՄԿ-ի 57-ամյա պահակի սպանության մեջ։ Հունիսի 9-ին նշանակված է այս գործով դատական նիստը, որը տեղի կունենա Սյունիքում։
Փոքր-ինչ շեղվելով թեմայից՝ նշեմ, որ հենց Կապանում, լրատվամիջոցների և փորձագետների աչքից հեռու է փաշինյանական իշխանությունը կազմակերպում կարևոր դատական նիստերը, որոնք այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի հետ։ Եվ, որպես կանոն, դրանք անցկացնում է ծածկադմփոցով, հապճեպորեն. այդպես եղավ ահաբեկիչ-վարձկանների պարագայում, որոնք հայտնի չէ՝ մնացել են Հայաստանում, թե նրանց էլ սուսուփուս հանձնել են Բաքվին: Այդպես եղավ նաև առաջին դիվերսանտի դեպքում, որի դատավարության մասին ընդհանրապես ոչինչ նախապես չհաղորդվեց, և դատավճռի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցեց Հանրային հեռուստաընկերությունը (?) արդեն փաստից հետո: Փաշինյանը վաղուց արդեն չի թաքցնում իր առանձնակի սրտաթրթիռ վերաբերմունքն այն ամենի նկատմամբ, ինչը կապված է իր հոգուն այնքան հարազատ ազեր-թուրքերի հետ, ինչպես որ չի թաքցնում իր ջերմ ցանկությունը՝ օր առաջ Ալիևին վերադարձնելու նրա դիվերսանտներին։
Վերոնշյալ նյութում մենք գրել ենք, որ այդ երկուսը աշխատում են միմյանց պաս տալով, և հայ զինծառայողների առևանգումը միանգամայն տեղավորվում է այդ արյունալի խաղի մեջ։ Եվ նշել ենք, որ չի կարելի բացառել առևանգման կազմակերպման գործում տանդեմի համակարգված գործողությունները, որպեսզի հետո արագ փոխանակեն դատապարտված գերիներին։ Ընդ որում, Բաքուն չի վերադարձնում «նախորդ» հայ ռազմագերիներից ոչ մեկին, իսկ Երևանն արդեն չի էլ պահանջում դա։
Վերջին օրերին այդ զազրելի «պաստվոցին» իջել է, որքան էլ հրեշավոր հնչի, օմբուդսմենների մակարդակին։ Հունիսի 5-ին Բաքվում կազմակերպել էին հանցավոր պետության համար սովորական շոու՝ առևանգված հայ զինվորականների մասնակցությամբ։ Իբր՝ «Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է հայ զինծառայողներին»։ Ըստ Բաքվի ԶԼՄ-ների՝ «Ալիևան կոնֆիդենցիալ ընդունել է նրանցից յուրաքանչյուրին ու տեղում լսել նրանց։ Օմբուդսմենի ընդունած անձինք չեն բողոքել պահման և բուժման պայմաններից, շնորհակալություն են հայտնել Ադրբեջանին ստեղծած պայմանների համար». ահա այդպես, ոչ ավելի, ոչ պակաս՝ շնորհակալությո՛ւն։
Ընդ որում լուսանկարում չգիտես ինչու ոչ թե առանձին «կոնֆիդենցիալ» հանդիպումներ են, այլ երկու հայ (?) միասին նստած են Մարդու իրավունքների հանձնակատար կոչեցյալ կնոջ առջև: Բայց այդ «հանձնակատարին», չգիտես ինչու, չի հետաքրքրում հետևյալ հարցը. եթե նրանց մոտ ամեն ինչ կարգին է, և նրանք երախտագիտությամբ են տոգորված ադրբեջանական պետության նկատմամբ՝ «ստեղծած պայմանների համար», ապա ինչո՞ւ թույլ չեն տալիս նրանց այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչներին։
Եթե գերիների թեմայի շուրջ Բաքվի ցինիկ խաղիկների առումով ամեն ինչ վաղուց պարզ է (այդպիսի շոուներ կազմակերպվել են թե՛ 10, թե՛ 15 տարի առաջ), ապա հիմա դրանց, ըստ էության, օժանդակում է Մարդու իրավունքների պաշտպանի աթոռին Փաշինյանի նստեցրած տիկինը։ Սկզբում սույն անձնավորությունը այցելեց ադրբեջանցի դիվերսանտներին, որպեսզի անձամբ համոզվի, որ նրանց հետ շատ հոգատար են վարվում։ Նրա հետ, հիշեցնեմ, ով խոստանում էր հնարավորինս մեծ թվով հայերի արյուն թափել և ամենայն հավանականությամբ սպանել է ԶՊՄԿ-ի պահակին միայն այն բանի համար, որ նա հայ էր: Բայց եթե այդ այցը պաշտոնապես տեղավորվում է Մանասյանի ծառայողական պարտականությունների մեջ, ապա երկու հայ ռազմագերիների ճակատագրի նկատմամբ նրա բացարձակ անտարբերությունը չի տեղավորվում որևէ շրջանակներում:
10 օրվա ընթացքում ոչ մի անգամ նա չի բարձրացրել առևանգված ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցը, ոչ մի անգամ։ Միայն հաջորդ օրը՝ մայիսի 27-ին Մանասյանը ստիպված արձագանքեց առևանգված տղաների հարազատների դիմումին և հերթապահ «կոչ արեց միջազգային ինստիտուտներին անհապաղ ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և նրանց հայրենիք վերադարձնելու համար»:
Այդ ժամանակից ի վեր «օմբուդսմենը» ծպտուն անգամ չի հանել այդ թեմայով։ Ասես խոսքը Հայաստանի քաղաքացիների մասին չէ, որոնց իրավունքներն ինքը պարտավոր է պաշտպանել։ Կարելի է չկասկածել, որ եթե անգամ այդ տիկինն ունի նման ցանկություն, նրան արգելում են դա անել։ Ի վերջո, Փաշինյանը ՄԻՊ պաշտոնում իրեն լիովին հնազանդ մարդու է նշանակել հենց նրա համար, որ ապահովագրի թուրքամետ իշխանություններին ավելորդ հայանպաստ ակտիվությունից։ Այդ պաշտոնում իշխանության նախկին դրածո Քրիստինա Գրիգորյանն անգամ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում էր գերիների թեման։ Մանասյանին, դատելով ամենից, հրահանգված է ընդհանրապես չշոշափել դա։
Պետք է ենթադրել, որ այս «պաստվոցի» խաղի «ադրբեջանցի դիվերսանտների փրկություն» փուլում բանը մոտենում է ավարտին։ Հունիսի 9-ին օպերատիվ կերպով կանցկացնեն դիվերսանտ-մարդասպանի դատավարությունը, ձևի համար կդատապարտեն ինչ-որ ժամկետի, իսկ մի քանի օր անց կկազմակերպեն առևանգված հայերի փոխանակումը ՀՀ սահմանը զենքը ձեռքին գիտակցաբար հատած և հանցագործություններ, այդ թվում՝ սպանություն կատարած ադրբեջանցիների հետ։
Ընդ որում Նիկոլն իրեն կներկայացնի իբրև «փրկիչ», թեև հանցավոր գործարքի պայմաններն ուղղակի աղաղակող կլինեն։ Միշելը գոհունակությամբ կարձանագրի, թե «Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են», Պետդեպարտամենտը կգովաբանի Ալիևին և Փաշինյանին «բարի կամքի և մարդասիրության դրսևորման» համար, Մոսկվան էլ կարող է մի ինչ-որ բան հայտարարել՝ երեսպաշտության հարցում մրցակիցներից հետ չմնալու համար…
Իսկ մեկ ամիս անց կամ ավելի շուտ ՀՀ սահմանը կհատեն Ալիևի հերթական դիվերսանտները, որոնք այս անգամ կարող են սպանել Հայաստանի ոչ թե մեկ, այլ երկու և ավելի քաղաքացիների, կատարել այլ հանցագործություններ հայոց ինքնիշխան պետության տարածքի հետագա յուրացման ճանապարհին։ Եվ ինչո՞ւ պիտի, մի հարցնող լինի, Ալիևը չանի դա, եթե մարդասպան Սաֆարովի հետևորդներին վերադարձնելու հարցում Փաշինյանի համակողմանի աջակցությունն ապահովված է, այդ թվում՝ հայ զինծառայողների արյան և տառապանքի գնով։