ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈ՞ՒՄ ԵՆ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ»

Ի՞նչ գիտենք մենք՝ Հայաստանում ապրողներս, Արցախում տեղի ունեցող ամենի մասին։ Գործնականում՝ ոչինչ, բացի պաշտոնական հաղորդագրություններից և սոցիալական ցանցերում արված գրառումներից, հիմնականում՝ բավական զգուշավոր, ինչը միանգամայն հասկանալի է այնտեղ ստեղծված իրավիճակի և ԱԱԾ-ի մշտական զգուշացումների պարագայում։ Եվ եթե մինչև վերջերս պաշտոնական հաղորդագրությունները վկայում էին Փաշինյանի և ընկերախմբի հակահայկական ծրագրերին դիմակայելու պատրաստակամության մեջ արցախցիների ոգու կորովի, տոկունության և միասնականության մասին, ապա վերջին օրերին արտահոսում են այլ բնույթի տեղեկություններ։

Մենք չէինք անդրադառնա շատ նուրբ ու վտանգավոր այս թեմային, եթե այն արդեն ողջ թափով չքննարկվեր տեղեկատվական տիրույթում։ Լրատվամիջոցները գրում են, որ Արայիկ Հարությունյանը, հղում անելով ռուսական կողմի հետ պայմանավորվածությանը, թույլատրել է ուղևորներով մեքենաների մուտքը Հայաստան՝ Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղադրած ապօրինի անցակետով: Ինչպես հաղորդում է «Փաստ» օրաթերթը. «Նիկոլ Փաշինյանը հանձնառություն ունի ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ գործով երաշխավորել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը, իսկ Արայիկ Հարությունյանն իր քայլերով նպաստում է դրան»:

«Թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ այս օրերին Արայիկ Հարությունյանն Արցախում ինտենսիվ հանդիպումների մեջ է և փորձում է պարզաբանումներ ու արդարացումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելին, մեզ հայտնի է դարձել նաև, որ հանդիպումների ժամանակ մարդկանց այն դիտարկմանը, թե նույն Հարությունյանը ժամանակին խոստացել ու հրապարակավ հայտարարել էր, որ Արցախի ադրբեջանակակացում չի լինի, որ ամեն ինչ արվելու է ինքնորոշման հարցն առաջ տանելու համար, վերջինս արդարացել է, թե «Նիկոլն ամեն ինչ հանձնեց, ես ի՞նչ կարող եմ անել»,- գրում է թերթը։

Այս առիթով մի քանի օր առաջ հայտարարություն էր հրապարակել նաև Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» խորհուրդը: Հունիսի 9-ին «Հրապարակ» օրաթերթը տեղեկացրեց, որ Հարությունյանը սեփական նախաձեռնությամբ ընդունել է խորհրդի ներկայացուցիչներին, և հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ տեղի ունեցածը Արցախի նախագահի հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան կապի ապահովման խախտում է:

«Արայիկ Հարությունյանը խուսափողական պատասխաններ է տվել, չի հստակեցրել, թե կոնկրետ ով է նման բան որոշել: Նշել է, որ հազարավոր մարդիկ դժգոհում են, որ Հայաստանի հետ կապը չի ապահովվում, հատկապես հիվանդներ տեղափոխելու համար, չնայած Կարմիր խաչը ռուս խաղաղապահների օգնությամբ հոգում է այդ հարցը: Ասել է, որ ուսանողներից է դիմումներ ստանում, և չեն կարող հավերժ շրջափակված մնալ։ Շարժման անդամները պնդել են, որ հստակ հայտարարի, թե ով է կայացրել ուղևորափոխադրման մասին որոշումը, Հարությունյանն ասել է, որ Անվտանգության խորհրդում են քննարկել դա, և ինքը, պետնախարարը և կառավարությունն էլ են հակված դրան»,- ասվում էր հրապարակման մեջ։

Դրանից երկու օր առաջ նույն թերթը հաղորդել էր, որ ադրբեջանական անցակետով ուղևորափոխադրումը թույլատրելու Հարությունյանի որոշումը վրդովմունքի ալիք է բարձրացրել Արցախի հասարակական-քաղաքական շրջանակներում։ «Արցախի մեր աղբյուրների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը շուրջ վեցամսյա շրջափակման պատը փորձում է ճեղքել Նիկոլ Փաշինյանի պահանջով, և սրանով առաջին քայլն է արվում Ադրբեջանի հետ Արցախի ինտեգրման գործընթացում»,- գրել էր պարբերականը:

Այն, որ Փաշինյանը Հարությունյանից պահանջելու է գործնականում սկսել «ինտեգրումը», միանգամայն սպասելի էր։ Դատելով ամենից, իրավիճակն Արցախում, որի ժողովուրդն արդեն ավելի քան կես տարի դիմադրում է Բաքվի զավթողական ծրագրերին և տոկունորեն դիմանում գազի և էլեկտրամատակարարման բացակայության, շրջափակման հետ կապված ծայրահեղ վիճակի բոլոր զրկանքներին, գլխավոր փորձաքարն է «խաղաղության պայմանագրի»՝ Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի ստորագրման ճանապարհին, ինչպես այն անվանում են բազմաթիվ փորձագետներ։ Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու պատրաստակամության մասին Նիկոլի բանավոր հավաստիացումներն, ըստ էության, բախվում են արցախցիների հաստատակամությանը, ինչպես նաև բուն Հայաստանի և Սփյուռքի դիմադրությանը։ Այս պայմաններում Փաշինյանին մնում է ապավինել իր հանցակից Արայիկ Հարությունյանին՝ պարտադրելով նրան կատարել Բաքվի պահանջները։

Ինչպե՞ս դա անել՝ հաշվի առնելով Հարությունյանի բազմիցս հնչեցրած հայտարարությունները «կարմիր գծերի» առկայության և դրանք հատելու անհնարինության մասին։ Դե, շատ պարզ. շանտաժով։ Դժվար թե որևէ մեկը կասկածի տակ առնի այն, որ Նիկոլը հսկայական կոմպրոմատ ունի Հարությունյանի դեմ. ասենք, ինչպեսև հակառակը։ Քանզի այդ երկու դավաճանները կապված են հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների նույն ամուր թելով. հանցագործություններ, որոնք վաղ թե ուշ հրապարակվելու են:

Միայն թե երևանյան դավաճանի հնարավորությունները, իսկ գլխավորը՝ արտաքին աջակցությունը դեռ շատ ավելի մեծ են, քան արցախյան դավաճանինը, որը մեծ հաշվով ոչ մեկին պետք չէ. թերևս՝ միայն Բաքվին, «ներում շնորհելու» համար։ Հարությունյանն, ըստ էության, հայտնվել է երկու կրակի արանքում, հարկադրված լինելով ընտրել չարյաց փոքրագույնը։ Համենայնդեպս նրան թվում է, թե դա փոքրագույնն է:

Մինչդեռ նախագահի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը ունեցել է և դեռևս ունի հնարավորություն՝ գոնե ինչ-որ չափով քավելու վերջին 5 տարիներին իր արածի մեղքը, հավատարիմ մնալով իր իսկ հայտարարություններին ու հավաստիացումներին։ Հնարավորություն՝ դառնալու այն ժողովրդի առաջնորդը, որը հակառակ բոլոր զրկանքների՝ ընտրել է ազատությունն ու անկախությունը, ընտրել է արժանապատվությունն ու հավատարմությունը իր պատմությանը, իր սրբություններին, իր արժեքներին ու իդեալներին, անհնար համարելով որևէ կերպ մաս կազմել հայատյացության մոլուցքով բռնված ահաբեկչական պետությանը: Ընտրել է պատիվը, այլ ոչ թե պատվազրկությունը՝ գիտակցելով իր ընտրության գոյաբանական ողջ նշանակությունը Հայաստանի ճակատագրի և միասնական Հայրենիքի ապագայի համար:

Արդեն վեց ամիս շարունակվում է դիմակայությունը օկուպացիոն ռեժիմի դավաճանությանն ու հակահայկական քաղաքականությանը։ Վեց ամիս շարունակ 120 000 արցախցիները, որոնց աջակցում է հայ ժողովրդի գերակշիռ մասը Հայաստանում (վերջին հարցումները դրա ապացույցն են) և Սփյուռքում (տարբեր երկրների զանազան կազմակերպությունների բազմաթիվ հայտարարությունները դրա ապացույցն են) ցուցադրում են աներևակայելի տոկունությունն ու խիզախությունը արտաքին աշխարհի անտարբերության և ցեղասպանության կրկնության իրական վտանգի պայմաններում:

Արայիկ Հարությունյանը դեռևս ուներ ժողովրդի կողքին կանգնելու, կամք ու արիություն ցուցաբերելու և դավաճանի վերջնական խարանից խուսափելու վերջին հնարավորություն: Ամենայն հավանականությամբ, նա ընտրել է այլ տարբերակ, ինչը սկզբունքորեն շատ տրամաբանորեն տեղավորվում է նրա նախորդ գործունեության մեջ և ապացուցում, որ այդ մարդը միանգամայն արժանի էր ալիևյան «ներմանը»։

Որքան ավելի կատաղի է Փաշինյանը ձգտում ավարտին հասցնել թուրքական ծրագրերը, այնքան ավելի մեծ դիմադրություն և արդեն կազմակերպված ու համակարգված բնույթի հակազդեցություն է դա առաջացնում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Միանգամայն հնարավոր է, որ բանակցություններում Բաքվի վերցրած դադարը պայմանավորված է հենց թուրքերի առաջ քաշած վերջնագրով. ստիպել արցախցիներին սկսել «ինտեգրման» գործընթացը։ Եվ միանգամայն հավանական է, որ Հարությունյանը Փաշինյանի պահանջով ձեռնամուխ է եղել այդ վերջնագրի կատարմանը, ոչ միայն վերջնականապես խաչ քաշելով իր քաղաքական կարիերայի վրա (ներկայիս պայմաններում դա ծիծաղելիորեն անկարևոր է հնչում), այլև ստորագրելով իր դատավճիռը։

Այս ամենի մեջ կա ևս մեկ էական պահ, որի մասին նույնպես գրում են ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում. ադրբեջանցիների ձեռքին ինչ-որ ցուցակների առկայությունը՝ Արցախյան պատերազմների մասնակիցների և Ղարաբաղյան շարժման ակտիվիստների անուններով. այդ ցուցակներով նրանք ստուգում են անցակետով երթևեկող բոլոր անձանց: Բայց այդ մասին՝ հաջորդ հոդվածում։