ԻՆՉՈ՞Ւ ԲԱՔՈՒՆ ՀԱՆԵՑ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԵՏՈՆԵ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐԸ

Հունիսի 24-ին, 4 օր ձգված բանակցություններից հետո, ռուս խաղաղապահներին հաջողվեց Ստեփանակերտից Երևան տեղափոխել ծանր հիվանդ մեկամյա երեխային: 4 օր ՌԽԶ հրամանատարությունը Բաքվին համոզում էր թույլ տալ տեղափոխել փոքրիկին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր հայտնվել հենց այն պատճառով, որ հունիսի 15-ից Արցախը լիակատար շրջափակման մեջ է։ Այս դեպքը թերևս լավագույն պատասխանն է նրանց, ովքեր անվերջ բարբաջում են Արցախի ժողովրդի «իրավունքների և անվտանգության երաշխիքների» շուրջ Ադրբեջանի հետ «երկխոսության» մասին։ Նախևառաջ՝ պատասխանը Հայաստանի իշխանություններին. ի՞նչ երաշխիքների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր համառորեն հրաժարվում էին հնարավորություն տալ փրկելու հիվանդ երեխային, թույլ չտալով տանել նրան բուժման:

Վերջին 5-6 օրերին Արցախի շրջափակման հետ կապված իրավիճակում բավական շատ իրադարձություններ տեղի ունեցան։ Մի ամբողջ շաբաթ արդեն բացարձակ շրջափակման շուրջ գործնականում խուլ լռություն էր տիրում, այդ թվում՝ Հայաստանում։ Որոշակի բեկում տեղի ունեցավ միայն հունիսի 22-ին, երբ պարզ դարձավ, որ Արցախում այլևս չի հասունանում, այլ սկսվել է ամենաիսկական հումանիտար աղետ, որն ահավոր ողբերգությամբ է սպառնում հանրապետության 120 000 բնակիչներին։

Հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը լսումներ անցկացրեց, որոնց ընթացքում կոշտ հասցեական գնահատականներ հնչեցին Բաքվի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության վերաբերյալ և ընդունվեց համապատասխան բանաձև: Հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսին կից Մարդու իրավունքների հանձնաժողովում նույնպես անցկացվեցին մի խումբ կոնգրեսականների, դիվանագետների և փորձագետների կազմակերպած լսումներ, որոնց ժամանակ ևս իրերը կոչվեցին իրենց անուններով, իսկ Իլհամ Ալիևին համեմատեցին Սադամ Հուսեյնի հետ: Նույն օրը Եվրախորհրդարանի պատվիրակությունը Եվրամիության առաքելության անդամների հետ մեկնեց Հակարի կամրջի հարակից տարածք և արձանագրեց Լաչինի միջանցքով երթևեկության իսպառ բացակայությունը:

Դրան հաջորդեցին մի շարք հայտարարություններ։ Ռուսաստանի ԱԳՆ-ը հանդես եկավ Բաքվին ուղղված պահանջով՝ բացելու ճանապարհը, համանման հայտարարություն արեց Եվրամիությունը: Բարեհաճեց ձայն հանել նույնիսկ Հայաստանի ԱԳՆ-ը, որը մինչ այդ մի ամբողջ շաբաթ մի բառ անգամ չէր ասել Արցախի լիակատար շրջափակման մասին։ Պարզ դարձավ, որ Ադրբեջանի վրա լուրջ ճնշում է գործադրվում՝ գոնե հումանիտար փոխադրումների համար միջանցքն ապաշրջափակել ստիպելու նպատակով։

Այս ամենից ակնհայտորեն կատաղած Ալիևը հրամայեց ի պատասխան ցուցադրաբար բետոնե արգելապատնեշներ տեղադրել իր ապօրինի անցակետի մոտ։ Նրա օգնական Հաջիևը հայտարարեց, թե իբր՝ «հայկական լոբբին վճարում և կոռումպացնում է եվրոպացի քաղաքական գործիչներին ու Եվրախորհրդարանի պատգամավորներին, և նրանք հետո սելֆի են անում սահմանից այն կողմ»: Բաքվում շտապ կազմակերպեցին Ադրբեջանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագետների այցը Լաչին՝ ապացուցելու համար, թե «Լեռնային Ղարաբաղի հայերը մինչև վերջերս անարգել մտնում էին Ստեփանակերտ»:

ԱԳ նախարար Բայրամովը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Ադրբեջանը մերժել է Վաշինգտոնում խաղաղ բանակցությունների նոր փուլի նախաշեմին արցախաբնակ հայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը: Նա հայտարարեց, թե «նման երաշխիքների կարիք չկա, իսկ պահանջը հավասարազոր է Ադրբեջանի գործերին միջամտելուն»:

Այդուհանդերձ հունիսի 24-ին Բաքուն ստիպված եղավ հեռացնել բետոնե պատնեշը, իսկ հունիսի 25-ին վերսկսվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան և հետադարձ ուղղությամբ հիվանդների հումանիտար փոխադրումները: Սակայն իրավիճակը նույնիսկ այս հարցում շարունակում է մնալ անկայուն, չենք խոսում արդեն այն մասին, որ շրջափակումը շարունակվում է և վերականգնված չէ խաղաղապահների կողմից նույնիսկ նվազագույն քանակի պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների փոխադրումը:

Ընդգծենք. այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ դեռ չկա Հայաստանի իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին ստորագրված փաստաթուղթ։ Արցախի՝ որպես «Ադրբեջանի ինքնիշխան տարածքի» մասին իր պնդումներում Բաքուն թափահարում է միայն Փաշինյանի բանավոր հայտարարությունը, իսկ Ալիևը շարունակում է պահանջել փաստաթղթի ստորագրում, ինչը, սակայն, ակնհայտորեն արգելակվել է։ Եվ պատճառը ոչ միայն այն դիմադրությունն է, որը, անկախ ամենից, աճում է Հայաստանում և խանգարում Փաշինյանին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունները, այլև աշխարհաքաղաքական բարդ իրադրությունն ու հակասությունները համաշխարհային կենտրոնների միջև:

Ուշադրության առնենք ևս մեկ հաղորդագրություն. հունիսի 24-ին Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հանդիպման մասին։ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, վաղուց է փորձում հասնել նրան, որ ԿԽՄԿ-ն իր գործունեությունն Արցախում իրականացնի ոչ թե Երևանի, այլ Բաքվի ներկայացուցչության հովանու ներքո: Հաշվի առնելով ԿԽՄԿ-ի աշխատանքի փակ բնույթը՝ իրավիճակն այս առումով բավական մշուշոտ է, թեև կարելի է ենթադրել, որ կազմակերպությունը դեռևս չի համաձայնում:

Բայրամովի և Կոժիչի հանդիպումը հաստատ հերթական քայլն է այդ ուղղությամբ։ Նախարարը հայտարարել է, թե իբր՝ «Ադրբեջանը պատրաստ է հնարավորություն ստեղծել ազգությամբ հայ բնակիչների համար սահմանային անցակետով բժշկական նպատակներով ելումուտ անելու և ԿԽՄԿ-ի միջոցով անհրաժեշտ դեղամիջոցներ մատակարարելու համար»: Բացի այդ, Բայրամովը ևս մեկ վտանգավոր հայտարարություն է արել. «ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջոցով կարող է Աղդամ-Ստեփանկերտ ճանապարհի օգտագործմամբ օգնություն ցուցաբերել հայերի այլ կարիքների ապահովման հարցում»: Բնականաբար՝ լռելով, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։

Ադրբեջանի նպատակները միանգամայն պարզ են, և Բաքվում դրանք չեն էլ թաքցնում. փակել Արցախի բոլոր և ամեն տեսակի շփումները Հայաստանի հետ և պարտադրել շրջափակման բարդագույն պայմաններում արդեն 7 ամիս ապրող արցախահայությանը խոնարհվել և համաձայնել Ադրբեջանից անհրաժեշտ ապրանքների և մթերքի մատակարարմանը։ Ինչը, բնականաբար, կնշանակի համաձայնություն տխրահռչակ «ինտեգրմանը», այլ կերպ ասած՝ ահաբեկչական պետության բոլոր պահանջների ու պայմանների հնազանդ կատարմանը։ Այն, ինչ վաղուց արդեն անում են Հայաստանի դե ֆակտո իշխանությունները։

ԱՅՍ ԱՄԵՆԻ ՄԵՋ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊՇԵՑՆԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ։ Հունիսի 22-ին, երբ ԵԽԽՎ-ում բավական կոշտ ելույթներ էին հնչում եվրապատգամավորների կողմից, իսկ Կոնգրեսին առընթեր հանձնաժողովում ոչ պակաս հստակ գնահատական էին տալիս Բաքվի հանցավոր քաղաքականությանը, այդ թվում՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ, «վարպետապետը» ելույթ ունեցավ կառավարության նիստում։ Եվ առաջարկեց «ելքը». Միջազգային դատարանի որոշման իրագործում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով, և «Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկում, որի ընթացքում կբարձրացվեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը»: Թե կոնկրետ ով պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ դատարանի որոշումը կատարելու պահանջով, Փաշինյանը, բնականաբար, չհստակեցրեց։

Նա ընդամենը ակնհայտ հաճույքով հերթական անգամ արձանագրեց, թե «սա էթնիկ զտման հենց այն քաղաքականությունն է, որի մասին Հայաստանը խոսել է տարիներ շարունակ»։ Այն մասին, որ նման քաղաքականությունը հնարավոր է դարձել հենց իր գործողությունների արդյունքում, կրկին ոչ մի բառ։ Իսկ գլխավորը՝ ոչ մի բառ այն մասին, որ ոչ մի միջազգային երաշխիք չի կարող ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի կազմում, և ոչինչ չի խանգարի Բաքվին հասնել իր ուզածին՝ ստանալ Արցախն առանց հայերի։

Եվ եթե փաշինյանական խզբզոցով ամրագրված բաղձալի փաստաթուղթը դեռ չստացած Ադրբեջանը դիմում է Արցախը խեղդելու ահաբեկչական մեթոդների՝ կատարելով ռազմազմական հանցագործություն, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի ստորագրումից հետո։ Եթե, իհարկե, այդ խզբզոցը դրվի։

Իսկ առայժմ մնում է հերթական անգամ արձանագրել. Հայաստանի իշխանությունները մեղսակից են Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը։ Ադրբեջանի իշխանությունները փոքր զիջման գնացին՝ թույլ տալով հիվանդների տեղափոխումը, միանգամայն հիմնավորված վստահ լինելով, որ այդ չնչին մեղմացումներից հետո կրկին բոլորը կմոռանան շրջափակման մասին, ինչը իրենց հնարավորություն կտա շարունակել կամաց-կամաց սեղմել օղակը հերոսական Արցախի շուրջ՝ Հայաստանի օկուպացիոն ռեժիմի լիակատար համաձայնությամբ և աջակցությամբ։