ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԿԱՆԴԱԼԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ. ՄԵՆՔ ԴԵՌ ՈՂՋ ԵՆՔ, ԴԵՌ ՉԵՆՔ ՀԱՆՁՆՎԵԼ

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդես է եկել Հայաստանում և Արցախում սաստիկ արձագանք հարուցած և քննադատական բազմաթիվ մեկնաբանությունների ու գնահատականների արժանացած իր վերջին հայտարարության պարզաբանումով: Խոսքը, մասնավորապես, ամերիկացի դիվանագետի այն արտահայտության մասին է, թե «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը կարելի է ապահովել»։

Դա ասվեց Արցախի արդեն յոթ ամիսը շարունակվող շրջափակման, ահագնացող հումանիտար աղետի և միջազգային բոլոր նորմերը կոպտորեն խախտող ու ամենաբարձր դատական ատյանների՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի վճիռները կատարել հրաժարվող Ադրբեջանի կողմից հայերի փաստացի ցեղասպանության խորապատկերին: Եթե չհաշվենք վերջին 35 տարիների ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպան ագրեսիվ քաղաքականության մյուս բոլոր անթիվ դրսևորումները։

Քվինի հարցազրույցի առաջացրած փոթորիկն այնքան ուժեղ էր, որ նա մի քանի օր անց ստիպված եղավ մեկնաբանել իր խոսքերը, ակնհայտորեն փորձելով փոքր-ինչ մեղմել դրանց իմաստը։ Դեսպանը հայտարարեց, թե, իբր՝ «Միացյալ Նահանգները չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքները, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և հիմքեր կապահովի խաղաղության համար»:

«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը»,- հայտարարեց նա՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

Նախ՝ տիկին Քվինի համար պարզաբանենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում ամենևին էլ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը չէ։ Հակամարտության հիմքը, դրա առանցքային խնդիրն ու էությունը միշտ էլ եղել է հանրապետության կարգավիճակի և սեփական Հայրենիքում նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Ցավալի է, որ այդ մասին տեղյակ չէ դիվանագետը, որը ներկայացնում է այն երկիրը, որը տասնամյակներ շարունակ եղել է հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդներից մեկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հետևաբար՝ տիկինը պարտավոր է հանգամանորեն իմանալ հարցի ակունքները, պատմությունն ու էությունը։

Կասկածից վեր է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի համապատասխան աշխատակիցներն ունեն կարգավորման գործընթացի փաստաթղթերի, փաստերի, անցյալ և ներկա իրողությունների ողջ թղթապանակը։ Եվ այդուհանդերձ այդ երկրի դեսպանն իրեն թույլ է տալիս իրականությունից բացարձակապես կտրված, անիրազեկ և հայ ժողովրդի համար վիրավորական հայտարարություններ անել։ Ընդ որում, ընդգծենք, դա տեղի է ունենում բնավ ոչ առաջին անգամ։

Հիշեցնեմ, որ մայիսի 31-ին Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ողջունեց Արցախի իշխանությունների «համաներման» մասին Ալիևի հայտարարությունը, առանց ամաչելու այն հանգամանքից, որ բացի ամենքից նաև իր երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներն են տարիներ շարունակ մեկնել Ստեփանակերտ, հանդիպել, ձեռք սեղմել և բանակցել նրանց հետ, ովքեր Բաքվի համար «հանցագործ» են և ում «համաներում» է խոստացված Բաքվի բռնապետի բոլոր պահանջները կատարելու դեպքում։

Իհարկե, իրավացի են նրանք, ովքեր համարում են, որ Քվինի հայտարարությունները հետևանքն են այն հակահայկական քաղաքականության, որ վարում են Հայաստանի դե ֆակտո իշխանությունները։ Իհարկե, նրա օգտագործած ձևակերպումը միջազգային շրջանառության մեջ է դրվել բացառապես Փաշինյանի ռեժիմի նախաձեռնությամբ։ Եվ իհարկե, դեսպանը պաշտպանում է նախևառաջ իր երկրի շահերը, որի ղեկավարությունն ու պաշտոնական ներկայացուցիչներն ամենևին էլ պարտավոր չեն ավելի «հայամետ» լինել, քան իրենք՝ հայերը։ Այս ամենը միանգամայն արդարացի է։ Բայց... այդքան բացահայտ ու քարթու աջակցել և խրախուսել ահաբեկչությունն ու ցեղասպանության քաղաքականությո՞ւնը:

ԱՄՆ-ը միշտ հայտնի է եղել իր «փափուկ ուժով», որը թույլ է տալիս կրկին իսկ պաշտպանել և առաջ տանել սեփական շահերը, բայց անել դա հնարավորինս նրբանկատորեն, հավասարակշռված և գործոնների ողջ համալիրի հաշվառումով։ Փաշինյանի քաղաքականությունը, բացի ամենից, փաստացի թույլ է տալիս այլ պետություններին այնքան անպատկառ ու ու լկտի պահել իրենց Արցախի և Հայաստանի նկատմամբ, որ դա անցնում է բոլոր սահմանները, անասելի վրդովմունք հարուցելով նույնիսկ ասես լեթարգիական քնի մեջ գտնվող հայ հասարակության միջավայրում։

Եվ դա ամերիկյան դեսպանի հայտարարությունների նկատմամբ ամենատեսանելի արձագանքն է, ինչը ցույց տվեց, որ ինքնապահպանման բնազդն ու ազգային արժանապատվությունը մեր մեջ այնուամենայնիվ դեռ վերջնականապես կորսված չեն։

Իրոք, Քվինի վրա թափված բացասական, զայրալից և միանգամայն իրավաչափ գնահատականների ու մեղադրանքների տարափը բովանդակում էր բազմաթիվ անհերքելի փաստեր միջազգային և ամերիկյան քաղաքականության մեջ առկա երկակի, եռակի և այլ չափանիշների վերաբերյալ, ինչը, ասենք այսպես, այնքան էլ հաճո չէր դեսպանի և նրա գերատեսչության ականջին։ Հասկանալի է, որ իրական քաղաքականությունն ամենևին էլ չի լսում և հաշվի չի առնում հույզերը։ Այդուհանդերձ կարելի է փաստել, որ հաջորդ անգամ Քրիստինա Քվինը և գուցե նաև նրա գործընկերներն ավելի ուշադիր ու ընտրողական կլինեն իրենց արտահայտություններում, քանզի հասկացան (եթե նույնիսկ մինչև հիմա, որքան էլ տարօրինակ է, չեն հասկացել) գլխավորը. Հայաստանում բնավ ոչ բոլորն են փաշինյաններ՝ զուրկ ազգային և պետական արժանապատվության, մտածողության ու դիրքորոշման չնչին իսկ նշույլից։

Եթե Պետդեպարտամենտը, որն իրեն թույլ է տալիս ոչ պրոֆեսիոնալ, միջազգային իրավունքից, ժողովրդավարությունից և, ներող կլինեք, բարոյականությունից հեռու սկանդալային հայտարարություններ անել, մինչև հիմա չի ընկալել, ապա հիմա, հուսանք, գիտակցեց, թե որքան ցավոտ է Արցախի հարցը հայ ժողովրդի համար։ Նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու իր մոլի ձգտման մեջ նսեմացավ Փաշինյանի պես ողորմելի արկածախնդրին աջակցելու աստիճանի, սեփական դիրքորոշումից և քաղաքականությունից իսպառ ջնջելով այն ամենը, որ հակամարտության կարգավորման հարցում մշակել էին այդ թվում ամերիկացի դիվանագետները 30 տարվա ընթացքում։

Եվ այն փաստը, որ Քվինը ստիպված էր հանդես գալ պարզաբանումներով (տվյալ դեպքում կարևոր չէ դրանց բովանդակությունը), վկայում է այն մասին, որ հայ ժողովրդի համար դեռ ամեն ինչ կորած չէ, այդ թվում՝ Արցախի հարցում: Չէ՞ որ եթե չլիներ այդչափ հզոր արձագանքը, ամեն ինչ նորից լուռումունջ կներվեր Պետդեպարտամենտին, ինչպես «համաներման» դեպքում։ Անշուշտ, սա փոքրիկ, բայց հաջողությունն է մեր ժողովրդի և հասարակության այն հատվածի, որը չի համակերպվել պարտության հետ, չի համակերպվել Արցախի կորստի հետ և չի պատրաստվում կորցնել Հայաստանը միայն այն պատճառով, որ այդպես են ուզում միմյանց հետ մրցակցող խոշոր դերակատարները:

Եվ անկասկած, սա ազդանշան է նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին, որ մենք դեռ ողջ ենք, չենք հանձնվել, մենք պայքարում ենք, և մենք կհասնենք մեր նպատակին. Արցախը կմնա հայկական, Հայաստանը կփրկվի։ Իսկ ուժային կենտրոնները թող ինչ-որ կերպ պարզեն իրենց հաշիվները. ոչ հայ ժողովրդի հաշվին։