ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ. ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄԱՀԸ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

Արցախի շրջափակման 208-րդ օրը սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել. Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում մահացել են մանկահասակ երկու երեխաներ՝ 3 և 6 տարեկան: Դատախազությունը հաղորդել է նրանց մոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ հանրապետության Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ մահ պատճառելը) և 176-րդ հոդվածի 1-ին մասով (երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը):

ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՑՆՑՈՂ ԼՈՒՐԸ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ։ Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ-ն իր ավտոմեքենայում հայտնաբերել է մահացած երկու անչափահաս երեխաների: Տեսախցիկները ստուգելուց հետո պարզվել է, որ երեխաները ինքնուրույն (!!!) հասել են Մարտակերտ քաղաք, այնուհետ բացել նշյալ ավտոմեքենայի հետևի անսարք դուռը և քնել նստատեղին: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրահում բարձր ջերմաստիճանն է եղել։

Ավելի ուշ Մարտակերտի շրջանի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը News.am-ին տված հարցազրույցում պատմել է ողբերգության մանրամասները։ «Գյուղը մոտ է գտնվում Մարտակերտին, մայրը ոտքով եկել է քաղաք, երեխաներին սնունդ տանելու, տանը թողել է 3 տարեկան քնած երեխային ու 6 տարեկան աղջկան, բայց այդ ընթացքում երեխաները արթնացել են ու սկսել փնտրել մորը՝ ոստքով հասնելով Մարտակերտ։ Մութը վրա է տվել, ու այդպես դեպքը տեղի է ունեցել», -հայտնել է նա։ Եվ հավելել, որ բնակիչներն ամենուր ոտքով են գնում՝ շրջափակման հետևանքով վառելիքի բացակայության պատճառով։

Մինչդեռ ֆեյսբուքյան օգտատերերը գրում են, որ մայրը գնացել է գյուղից 5 կմ հեռավորության վրա գտնվող քաղաք, որպեսզի հերթ կանգնելով շաքարավազ ու կարագ ստանա կտրոններով: Եվ տալիս են հարցեր, որոնց պաշտոնական վարկածն առայժմ ոչ մի պատասխան չի տալիս։ Ինչպե՞ս կարող էին այդքան փոքր երկու երեխաները ոտքով 5 կմ անցնել ու հասնել Մարտակերտ։ Ինչպե՞ս է պատահել, որ ճանապարհին նրանց ոչ ոք չի տեսել, չի կանգնեցրել, չի հետաքրքրել, թե ինչ են անում տնից այդքան հեռու, միայնակ։ Ինչո՞ւ տեսախցիկները չեն ստուգվել նույն օրը, երեկոյան, երբ հայտարարվել է որոնումը:

Առայժմ հետաքննություն է ընթանում, և հույս կա ստանալ այս և այլ հարցերի պատասխանները։ Քրեական գործ է հարուցվել մոր դեմ, որը, անշուշտ, մեղավոր է երեխաներին մի քանի ժամ մենակ թողնելու համար: Մյուս կողմից, չի կարելի հաշվի չառնել գրեթե 7 ամիս շրջափակման մեջ ապրող մարդկանց հոգեբանական վիճակը։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես է ազդում և պահվածքային ու հոգեկան ինչ փոփոխություններ է առաջացնում առանձնակի խոցելի մարդկանց մոտ Արցախում ստեղծված իրավիճակը։

Բայց կասկածից վեր է մեկ փաստ, ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե չլիներ շրջափակումը։ Եթե գյուղում առաջին անհրաժեշտության ապրանքներ լինեին, մայրը ստիպված չէր լինի գնալ Մարտակերտ՝ սնունդ բերելու։ Եթե բենզին լիներ, և տրանսպորտն աշխատեր, նա ստիպված չէր լինի ոտքով գնալ 5 կիլոմետր և վերադառնալ: Եթե մանկապարտեզներն աշխատեին, ծնողները ստիպված չէին լինի տանը մենակ թողնել երեխաներին…

Եվ հետևաբար՝ խոսքն ամենևին էլ կնոջ անփութության հետևանք դարձած կենցաղային դրամայի մասին չէ։ Հետևաբար՝ սարսափելի ողբերգության գլխավոր և անմիջական պատճառը շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակն է։ Եվ մահացած երեխաներին կարելի է միանգամայն հիմնավորված համարել շրջափակման, Ադրբեջանի հանցավոր քաղաքականության հերթական զոհեր։ Ի դեպ, սոցցանցերում գրում են, որ այս փոքրիկները շրջափակման բնավ առաջին զոհերը չեն. պատմում են, որ Մարտունու շրջանում հովիվ է մահացել, նրա սիրտը վատացել է դաշտում, սակայն օգնության հասած գյուղացիները չեն կարողացել նրան կլինիկա տանել վառելիքի բացակայության պատճառով:

Շրջափակումը, հումանիտար աղետը, 120 000 արցախցիների ողբերգությունը, որ ծավալվում է «քաղաքակիրթ» աշխարհի բառացիորեն աչքի առաջ, ձեռք է բերում արդեն կոնկրետ անուններ, կոնկրետ դեմքեր։ Եվ այդ դեմքերը մանկական են: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ցեղասպանության պատանդ դարձած 30.000 հայ երեխաներից երկուսը հեռացան կյանքից՝ դառնալով դրա զոհերը։

Զարմանալի է, բայց ո՛չ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, ո՛չ էլ հանրապետության իշխանությունները առ այսօր, տեղի ունեցածից երկու օր անց, հանդես չեն եկել համապատասխան հայտարարությամբ, որ երկու մանկահասակ երեխաների մահվան իրական պատճառը Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունն է, և որ այս ողբերգությունը Բաքվի անմարդկայնության և ահաբեկչական գործողությունների անմիջական հետևանքն է:

Զարմանալի է նաև այն, որ արցախահայության հետ կատարվող ամենի մասին այս ևս մեկ՝ իր էությամբ սարսափելի ահազանգը պատշաճ արձագանք և գնահատական չստացավ Հայաստանի հասարակության միջավայրում։ Հենց հասարակության, քանզի ՀՀ դե ֆակտո իշխանություններից նման բան ակնկալելն անիմաստ է։

Մարտակերտցի երեխաների մահը արդեն մոտ 7 ամիս շարունակ հնչող ահազանգ է, կոչնազանգի ևս մեկ հարված, ևս մեկ իրական ազդանշան Արցախի հետ մեկտեղ ողջ Հայաստանի գլխավերևում կախված վտանգի մասին: Եվ եթե այն չլսվի մեր ամենքիս կողմից, ապա այդ երկու փոքրիկները կդառնան լոկ առաջին զոհերը, որոնց անխուսափելիորեն կհաջորդեն նոր զոհեր: