ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ՝ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՄԱԿԱՆՈՒՆՈՎ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ

«Կոնֆրոնտացիոն տրամաբանությունը», ըստ հուլիսյան ասուլիսում Փաշինյանի հայտարարության, «ամենամեծ խնդիրն» է, որը խանգարում է Հայաստանի զարգացմանը: «Մեզ պետք են նոր ձևակերպումներ և նոր տեսանկյուն»,- ընդգծեց ռեժիմի պարագլուխը: Ավելի ուշ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հանգամանորեն ներկայացրեց այդ «նոր տեսանկյունը»։

«2020 թվականին մեզ մեղադրում էին, որ ներքաշվել ենք պատերազմի մեջ, երբ կարելի էր հանձնել տարածքները՝ ռազմական գործողությունները շրջանցելով։ Այսօր համանման իրավիճակ է ստեղծվել։ Ինչո՞ւ ներքաշվել պատերազմի մեջ, մանավանդ որ նոր պատերազմը կլինի ոչ միայն Ադրբեջանի հետ»,- ընդգծեց նա։ Հիշեցնեմ, որ կապիտուլյացիա-2-ի մասին մենք նախազգուշացրել ենք մեր լսարանին «կոնֆրոնտացիոն տրամաբանությունից դուրս գալու» ռեժիմի պարագլխի առաջարկից դեռ շատ առաջ։

Արցախի ճակատագիրը, ինչպես հայտարարեց Չախոյանը, կորոշի Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը, որը «ենթադրում է օրակարգի առկայություն երկու կողմերից», իսկ երկխոսությանը մասնակցելը, նրա խոսքերով, սուբյեկտայնություն կհաղորդի Ստեփանակերտին: Այն մասին, որ ռեժիմի պարագլուխն ու իր հաճկատարները առանձնակի այլասերվածությամբ ծաղրում են ժողովրդին, մեր լսարանին մենք տեղեկացրել ենք բազմիցս։ Ուղիղ բանակցությունները, որոնք պիտի սուբյեկտայնություն հաղորդեն Ստեփանակերտին, ծանակումների նույն շարքից են։ Թե՞ ոմանք կարծում են, թե էթնիկ զտումները սկսվում են դահիճների կողմից զոհերի բանակցային օրակարգի ուսումնասիրությունից։

«Եկեք հասկանանք մեզ»,- առաջարկեց Փաշինյանը՝ խոսելով նոր աշխարհի մասին, որը «գլոբալ տրանսֆորմացիաների փուլում այլևս չի կարող երաշխավորել մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը»: Նիկոլը ասուլիսի ժամանակ ճղավեց, որ չի զոհաբերի Հայաստանը հանուն Արցախի։ Հայաստանում և Արցախում ընթացող իրադարձությունների լույսի ներքո արդիական է պատկերանում հետևյալ հարցը. իսկ ո՞վ է այսօր՝ «գլոբալ տրանսֆորմացիաների փուլում» խոսում միջազգային հանրության հետ պաշտոնական Երևանի անունից, կիրառելով նույն այն «նոր ձևակերպումները», որոնց մասին հիշատակեց ռեժիմի պարագլուխը։

Միանգամից պատասխանեմ, որ դիվանագիտական դպրոցի շրջանավարտները, որը 2009 թվականից գործում է պետբյուջեի միջոցներով, դրանով չեն զբաղվում։ Հայկական դիվանագիտությունը ղեկավարում է «Օմեգա» լրտեսական մականունով և թուրքական գործակալի համբավ ունեցող նախարարը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ակտիվորեն իրականացնում է Արցախից հրաժարվելու և Հայաստանը որպես պետություն վերջնականապես ոչնչացնելու Փաշինյանի քաղաքականությունը։ Այդպիսի նպատակի համար պրոֆեսիոնալ դիվանագետներ (21-րդ դարում այդպիսիք ողջ աշխարհում ոսկու գին ունեն) պետք չեն, այլ պետք են ազգային շահերին դավաճանող մեղսակիցներ՝ զուրկ «կոնֆրոնտացիոն տրամաբանությունից»։

Որպեսզի ընթերցողները լիակատար չափով գիտակցեն, թե ով է այսօր խոսում համաշխարհային դերակատարների հետ ՀՀ քաղաքացիների անունից, հիշեցնեմ, որ Միրզոյանի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2013-ին, երբ նրան վռնդեցին ԵՊՀ-ից՝ որպես ոչ հիմնական դասախոսի: Հետո նա աշխատանք գտավ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» անվանումով հիմնադրամում, որից հետո ակտիվ քաղաքականության ոլորտում նրա ամենաերևելի արարքը դարձավ խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ գունավոր ծուխ արձակելը, ընդ որում Միրզոյանն այդ քայլին դիմել համարձակվեց բնավ ոչ միայնակ, այլ Լենա Նազարյանի հետ։ Ակցիան ավարտվեց դահլիճն օդափոխելու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խնդրանքով: Դա 2017-ի խորհրդարանում էր, Նազարյանն ու Միրզոյանը ներկայացնում էին «Ելք» խմբակցությունը, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո Միրզոյանը դարձավ ԱԺ նախագահ, որին Նիկոլը թեթև սրտով նետեց կատաղած ամբոխի հարվածների տակ՝ 2020-ի նոյեմբերի 10-ի գիշերը խայտառակ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Միրզոյանը թող չկասկածի. Փաշինյանը իրեն հարվածի տակ կդնի նաև կապիտուլյացիա-2-ի ստորագրումից հետո, բայց արդեն որպես ԱԳ նախարարի։ Ներկայումս բազմաթիվ աղբյուրներից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Միրզոյանը նվազագույնի է հասցրել շփումները ԱԳՆ աշխատակազմի և մերձավոր ու հեռավոր արտասահմանում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների բոլոր դիմումներին պատասխանում են ոչ թե նախարարն ու նրա տեղակալները, այլ խորհրդարանից ԱԳՆ տեղափոխված խորհրդականներն ու փորձագետները։ Փոխարենը Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից քննադատություն հնչեցրեց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հասցեին։ Նա հարցրեց. «Ինչո՞ւ չէիք կախում Արցախի Հանրապետության դրոշները, երբ իշխանություն էիք»։ Միրզոյանը «մոռացել է», որ նախկին իշխանության օրոք ոչ ոք չէր ճանկում Արցախի դրոշը խորհրդարանի ամբիոնից, ինչպես վարվեց Վահագն Ալեքսանյանը, ուստի կարիք չկար գրոհել ԱԳՆ մուտքի դռները Արցախի դրոշը տեղադրելու համար, մինչդեռ ներկայումս բարձրաստիճան պաշտոնյաները վախենում են նույնիսկ բարձրաձայն արտասանել Արցախի Հանրապետություն անունը։

Լիլիթ Մակունցը «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պատոնից տեղափոխվեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աթոռին, թիկունքում չունենալով դիվանագիտական աշխատանքի չնչին իսկ փորձ. նա հասարակ ուսուցչուհի էր, որը անգլերեն էր սովորեցնում Փաշինյանին և ընկերություն անում Աննա Հակոբյանի հետ: Եթե մի օր ՀՀ-ում իշխանության վերադառնան ազգային օրակարգ ունեցող ուժերը, ապա տիկինը մեղադրյալի աթոռից անպայման կպատասխանի այն հարցին, թե ով էր իրեն հրամայել Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի նախաշեմին «գործի իմացությամբ» հայտարարել, թե Թուրքիան չի մտնի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեջ։

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը և Գերմանիայում դեսպան Վիկտոր Ենգիբարյանը նույնպես որևէ առնչություն չունեն պրոֆեսիոնալ դիվանագիտության հետ: Իսկ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում Փաշինյանը կարող է շնորհել նույնիսկ Չալոյին, եթե շնիկը համաձայնի

Նույնը կարելի է ասել նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին, որը ներկայացնում է մեր երկրի շահերը Թուրքիայի հետ բանակցություններում՝ թիկունքում չունենալով ո՛չ պրոֆեսիոնալ փորձ, ո՛չ մասնագիտական գիտելիքներ։ Ասենք, բոլոր հարցերում զիջումների գնալու համար դիվանագետի դիպլոմ պետք չէ։ Ռուբինյանը բանիմաց է ձևանում «ուսապարկերի» խմբակցության առջև, իսկ իր թուրք գործընկերոջ՝ փորձառու դիվանագետի խորապատկերին, մեղմ ասած, այնքան էլ լուրջ չի դիտվում։ Դիվանագիտությունից, ինչպեսև բանակից, Փաշինյանը նպատակաուղղված վտարեց պրոֆեսիոնալ կադրերին։ Եկավ փողոցից ու սկսեց բանակցություններն «իր կետից». Իր ինչի՞ն են պետք պրոֆեսիոնալները։ Վերոթվարկյալ անձանց մեղքով խաղաղության և միջպետական հարաբերությունների համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները իրական նախադրյալներ ստեղծեցին նոր ագրեսիայի համար։

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ փաշինյանական ռեժիմի դիվանագիտության խորապատկերին «Մադրիդյան սկզբունքները» «դիվանագիտական գլուխգործոց» են, կարելի է հավելել, որ այդ խորապատկերին «դիվանագիտական գլուխգործոց» կարող են համարվել նույնիսկ Թատերական հրապարակում Տեր-Պետրոսյանի պարերը 2008թվականին՝ Իսրայելի դրոշի տակ։ Ինչպես նաև ՀՀՇ-ի ժամանակների ԱԳՆ-ի հարբած ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի հետ պատահած միջադեպը, որի հետևանքով օտարերկրյա դիվանագետ տուժեց։

Ինչո՞վ «գլուխգործոց» չէ Կոռնիձորի այսօրվա իրադարձությունների խորապատկերին, ուր Հայաստանի ԱԳՆհրավիրել էր ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին՝ ցույց տալու Ալիևի վերաբերմունքը Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի նկատմամբ: Այդ կապակցությամբ ռեժիմի խոսափող Գնել Սարգսյանն իր հաղորդման եթերում կես ժամ շարունակ ներշնչում էր քաղաքականացված հանրությանը, թե պաշտոնական Երևանը «բարդ բազմաքայլ դիվանագիտական պարտիա է ձեռնարկել»։ Այդ «պարտիան» լրտեսական մականունով ԱԳ նախարարի աստեղային ժամն է, եթե չհաշվենք հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ունեցած ելույթը, երբ Միրզոյանն առաջին անգամ ՀՀ քաղաքացիների անունից հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին (86 հազար 600 քառ.կմ), Արցախի ներառմամբ։