ՕԿԱՄՊՈՅԻ ՑՈՒՑԱԿԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԻ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Փաշինյանի մտերիմ և նրա կողմից հատուկ հանձնարարություններով դեսպանի կոչման արժանացած Էդմոն Մարուքյանը X սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրել է, որ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որը հրապարակվել է, հիշեցնենք, օգոստոսի 7-ին Նյու Յորքում, կարող է հիմք դառնալ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրանք ներկայացնելու համար։ Սա այն բացառիկ դեպքն է, երբ Նիկոլի հաճկատարի հետ կարելի է համաձայնել։ Բայց այստեղ անխուսափելիորեն հարց է առաջանում. ո՞վ պետք է ստանձնի և համակարգի այդ աշխատանքը, եթե ոչ Հայաստանի կառավարությունը։ Եվ մի՞թե դեսպանը կարծում է, թե իր ղեկավարն ունակ է դրան։

Առանց այս հարցերի պատասխանների՝ Մարուքյանի գրառումը կարելի է համարել ոչ միայն դատարկախոսություն, այլև բացահայտ երեսպաշտություն ու փարիսեցիություն։ Քանզի Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցն իսկապես այնքան արժեքավոր ռեսուրս է, որ դրանից չօգտվելը հավասարազոր է հանցագործության։ Բայցև այն, որ նիկոլական ոհմակը մատը մատին չի տա, որպեսզի իրապես և գոնե ինչ-որ չափով օգտագործի դա ի նպաստ Արցախի և Հայաստանի թե՛ արդիական, թե՛ ռազմավարական շահերի, կասկածից վեր է։ Եվ Մարուքյանն ինքն էլ գերազանց գիտի, որ Փաշինյանը երբեք չի համարձակվի նույնիսկ մտածել Ալիևին և Արցախում հայերի ցեղասպանության մյուս կազմակերպիչներին ու իրականացնողներին մեղադրանքներ ներկայացնելու մասին, որոնք անուն առ անուն նշված են դոկտոր Օկամպոյի զեկույցում։

Մի քանի խոսք «Փորձագիտական կարծիք. հայերի ցեղասպանություն 2023 թվականին» վերնագրով 28 էջանոց աշխատության հեղինակի մասին։ Բացի իր հայրենիքում՝ Արգենտինայում ակտիվ մասնագիտական գործունեությունից, Լուիս Մորենո Օկամպոն աշխատել է որպես հրավիրյալ պրոֆեսոր Սթենֆորդի համալսարանում և Հարվարդի իրավաբանական դպրոցում: Հանդես է եկել որպես Համաշխարհային բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի և ՄԱԿ-ի խորհրդատու: 2003թ. ընտրվել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ: 2012թ. հունիսի 5-ին պաշտոնավարման 9-ամյա ժամկետի ավարտից հետո լքել է այդ պաշտոնը:

Դժվար է գերագնահատել համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետի փորձագիտական գնահատականը: Նրա եզրակացությունը նախևառաջ իրավունք է տալիս միանգամայն հիմնավորված պնդելու, որ Արցախում տեղի ունեցող ամենի նկատմամբ կիրառվի «ցեղասպանություն» իրավական տերմինը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ինչպես նաև հնարավորություն է ընձեռում լայնորեն օգտագործել անվանի իրավագետի ստորագրությամբ աշխատության բովանդակությունը արտաքին քաղաքական գործունեության մեջ: Բայց քանի որ պարզ է, որ նման բան աներևակայելի է ՀՀ-ում թուրքական օկուպացիոն ռեժիմի առկայության պայմաններում, կարելի է ապավինել միայն Սփյուռքի հասարակական ակտիվությանն ու ջանքերին։

Տվյալ հոդվածում կցանկանայի ուշադրություն հրավիրել Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցի ամենակարևոր տեսանկյուններից մեկի վրա: Այն է՝ ցեղասպանության մեղավորների հարցի և նրանց պատասխանատվության ենթարկելու հնարավորության։ Բնավ պատահական չէ, որ ՄԱԿ-ի համապատասխան փաստաթուղթը, որի վրա, անկասկած, հիմնվել է արգենտինացի իրավաբանը, կոչվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիա:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միտումնավոր արգելափակել է պարենով և անհրաժեշտ այլ պարագաներով Լեռնային Ղարաբաղի հայերի մատակարարումը: Նա հրապարակավ չի ընդունել Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների անարգել տեղաշարժն ապահովելու Միջազգային դատարանի հատուկ հրամանները: Արդարադատության միջազգային դատարանը նրան նախազգուշացրել է, որ Լաչինի միջանցքի փակումը հայերի առողջությանը և կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգ է»,- գրում է Օկամպոն։ Եվ նախանշում պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը, ինչպես նաև նրանց միջազգային պատասխանատվության ենթարկելու իրավական մեխանիզմները:

Ըստ ՄՔԴ-ի նախկին դատախազի՝ Արցախի հայերի ցեղասպանության մեղավորներն են.

1. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին դոկտոր Օկամպոն անվանում է ցեղասպանության «ոգեշնչող»,

2. Զաքիր Հասանովը՝ ԱՀ պաշտպանության նախարար,

3. Էլչին Գուլիևը՝ ԱՀ պետական սահմանապահ ծառայության պետ,

4. Ակշին Մեհերամովը՝ ԱՀ պետական սահմանի պահպանության սահմանապահ ստորաբաժանման շտաբի պետ,

5. Միսիր Ալիևը՝ ԱՀ պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման բրիգադի հրամանատար,

6. Ֆարիդ Շաֆիևը՝ ԱՀ միջազգային հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի աշխատակից:

Տվյալ թվարկումը միանգամայն հիմնավորված կարելի է անվանել «Օկամպոյի ցուցակ», ընդ որում իրավագետը նշում է, որ ցուցակը թերի է և կարող է ընդարձակվել։ Այդ մարդկանց նկատմամբ պետք է միջազգային հետախուզում հայտարարել ցեղասպանության իրականացման մեղադրանքով։ Համաձայն ընդհանուր պրակտիկայի, նման քայլ կարող է ձեռնարկել այն երկիրը, որի քաղաքացին տուժել/տուժում է տվյալ դեպքում Ադրբեջանի արարքներից: Հաշվի առնելով, որ Արցախի բնակիչները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, հենց ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի մեղավորներին պատժելու ուղղությամբ:

Ավելին, դոկտոր Օկամպոն ոչ միայն նախանշել է անձանց շրջանակը, այլև ներկայացրել նրանց միջազգային պատասխանատվության ենթարկելու իրավական մեխանիզմները: Այդ թվում՝ Իլհամ Ալիևի նկատմամբ ՄՔԴ-ի հետաքննություն անցկացնելու հնարավորությունը, ինչի համար, արգենտինացի իրավագետի կարծիքով, կա երեք ճանապարհ։ 1. Ադրբեջանը դառնում է անդամ պետություն (Հռոմի ստատուտի-խմբ.)։ 2. Ադրբեջանն ընդունում է դատարանի իրավասությունն իր տարածքում։ 3. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Միջազգային քրեական դատարան է ուղարկում Լաչինի միջանցքում և Արցախում 2022 թվականի դեկտեմբերից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործը:

«Սակայն Ադրբեջանը չի միացել Հռոմի ստատուտին և չի ընդունում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ Ըստ այդմ, պետությունները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման համար, որի համաձայն Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ գործը կփոխանցվի Միջազգային քրեական դատարանին»,- ընդգծում է իրավաբանը՝ ներկայացնելով համապատասխան նախադեպերը։

ԱՆՇՈՒՇՏ, ԱՅՍ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՆԵԼԻՔՆ ԵՆ։ Սակայն մեր դեպքում հարցն ունի ոչ միայն իրավական, այլև քաղաքական բաղադրիչ, և վերջինս շատ էական խոչընդոտ է Լուիս Մորենո Օկամպոյի խորհուրդների իրականացման համար: Խոսքն, իհարկե, Հայաստանի դե ֆակտո իշխանությունների մասին է, որոնք ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկի այդ ուղղությամբ, այլև, անկասկած, ակտիվորեն կխոչընդոտեն այդ կարգի բոլոր ջանքերին։ Եվ չնայած Մարուքյանի ամպագոռգոռ հայտարարություններին, համաձայնեք, անհնար է պատկերացնել, թե Փաշինյանի կառավարությունը կարող է մեղադրանքներ ներկայացնել Ալիևի գլխավորած Բաքվի ռեժիմին՝ Արցախի ժողովրդի ցեղասպանության համար. նույն այն Արցախի, որից դավաճանների ոհմակը վաղուց հրաժարվել է։

Հայաստանի հասարակությունն ու մասնագիտական հանրությունները չափազանց երկար մնացին քնափության մեջ՝ զբաղվելով փաշինյանական ռեժիմի հիմնականում միայն բանավոր քննադատությամբ։ Իրավիճակը վաղուց պահանջում է ոչ թե խոսքեր, այլ վճռական գործողություններ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Լուիս Մորենո Օկամպոյի փայլուն զեկույցը և այդ ուղղությամբ աշխատել շարունակելու պատրաստակամությունը հիանալի հնարավորություն են ընձեռում Հայաստանում և Սփյուռքում հասարակական ուժերի ջանքերը միանգամից մի քանի ուղղությամբ միավորելու համար:

Այսօրվա գլխավոր խնդիրն է՝ հասնել Արցախի շրջափակման վերացմանը և հայերի ցեղասպանության ամենածանր հետևանքների կանխարգելմանը։ Դա անքակտելիորեն կապված է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ներկայիս ստատուս քվոյի միջազգային ճանաչման հետ՝ հետագայում նրա անկախության ճանաչման խնդրով։

Եվ հնարավոր է, որ հենց հիմա է եկել հայ ժողովրդի ցեղասպանության մեղավորներին միջազգային իրավական մակարդակով պատժելու հարցը բարձրացնելու պահը։ Ոչ միայն 2023 թվականին, այլև առնվազն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր իրականացվող ցեղասպանության։