ՆՈՐ ԱՊՏԱԿ

Եվս մեկ ապտակ Իլհամ Ալիևից։ Ամեն ինչ ճիշտ է. մեծ քաղաքականության աշխարհում, եթե հարվածել են մի այտիդ, իսկ դու երկրորդն ես դեմ տալիս, ապա դրան էլ կհարվածեն։ Ու ճամփա կդնեն հետույքիդ զարկելով: Եվ կանվանեն դա «վերաինտեգրում» գեղեցիկ բառով։

ԱՊՏԱԿԸ ԲՆԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԵՍԻՆ ՉԷ, ՉՍԽԱԼՎԵՔ։ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՆԱ։ Այդ Անկախության հռչակագիրն է մեղավոր, Սահմանադրությունն է մեղավոր, «նախկիններն» են մեղավոր, «դասալիքներն» են մեղավոր, «5-րդ շարասյունն» է մեղավոր։ Իսկ Փաշինյանից ի՞նչ պահանջես։ Մարդը կարողանում է տեղ-տեղ ասֆալտապատել. դե, և զբաղված է ասֆալտապատումով։

Ապտակը Փաշինյանի այտին չէ, ապտակը ողջ հայոց աշխարհի դեմքին է։ Եվ ռուսական խաղաղապահ զորախմբի, որը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիական անձանց երթևեկության և բեռնափոխադրման անվտանգությունը։

Թեպետ... Կհարցնի ՌԽԶ-ն Ալիևին. «Այս ի՞նչ ես անում»։ Պատասխանը շատ պարզ կլինի. «Իսկ ի՞նչ խնդիր կա։ Մեր տարածքն է։ Մեր քրեական, վարչական և քաղաքացիական օրենսգրքերը: Երեք ուսանողներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իրենց երկրի՝ Ադրբեջանի դրոշի նկատմամբ։ Ի՞նչն է սխալ: Ահա նույնիսկ Փաշինյանն է պատրաստակամություն հայտնում ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Դո՞ւք ինչու եք իրար խառնվում: Մենք այսպես ենք դաստիարակում մեր քաղաքացիներին, խելքուխրատ սովորեցնում նրանց։ Եթե որևէ մեկը Ռուսաստանի տարածքում անհարգալից վերաբերմունք ցուցաբերի Ռուսաստանի դրոշի նկատմամբ, նա պատասխանատվության կենթարկվի՞: Ուրեմն ո՞րն խնդիրը: Եռակողմ համաձայնագի՞րը։ Ինչ է, քի՞չ են եղել այս աշխարհում համաձայնագրեր... Ժամանակները փոխվում են, և համաձայնագրերն էլ փոխվում են դրանց հետ»:

Ինչո՞ւմ իրավացի չի լինի Ալիևը։ Չէ՞ որ խնդիրը ոչ թե «ինչն» է, այլ «ով»: Խնդիրն այն է, որ մարդը, որը պետք է պաշտպանի Արցախի իրավունքները, վերցրեց ու նվիրեց Արցախը Ադրբեջանին։ Այլ բան է, որ Փաշինյանն այդպես չի համարում։ Նա ընդհանրապես չի համարում, որ իր այն խոսքերը, թե Արցախը Ադրբեջան է, խնդիր են։ Դե, մի բան էր՝ ասաց։ Այնքա՜ն բաներ է ասել ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղում ինչ-որ մեկին....

Կարևորը ասֆալտն ու փառատոններն են։ Եթե կան ասֆալտն ու փառատոնները, ուրեմն կարելի է ապրել և զվարճանալ: Մնացածը ինքնաբերաբար կհարթվի, իսկ եթե չհարթվի... Դե, ուրեմն թող այդպես լինի։

Դե, այո, տհաճ պատմություն ստացվեց երեք ուսանողների հետ, որոնք այժմ ադրբեջանական բանտում են։ Փոխարենը փառատոն եղավ Սիսիանում, որտեղ սրտանց զվարճանում էր վարչապետի տիկինը։ Այն ժամանակ, երբ ոչ այնքան հեռվում՝ Լաչինում փառատոնի ժամանակ զվարճանում էր Իլհամ Ալիևի կինը։ Միաժամանակ զվարճանում էին երկու առաջին տիկնայք իրարից ոչ այնքան մեծ հեռավորության վրա: Եվ սա՛ է գլխավորը, պարոնայք: Ուրեմն ապագա կա, ուրեմն «խաղաղության օրակարգը» հաղթում է։

Իսկ ուսանողներին Ալիևը կարող է խղճալ և ազատ արձակել։ Դե, հո գազան չէ. կիրթ, միանգամայն քաղաքակիրթ մարդ է։ Կտուգանեն ու բաց կթողնեն։ Դե, գուցե մի քիչ նստեն, հետո ազատ կարձակվեն։ Հանուն ասֆալտի ու փառատոնների ուսանողները կարող են մի քիչ համբերել։ Չէ՞ որ երիտասարդ են, ողջ կյանքն առջևում է: Կմեծանան-կմոռանան:

ՃԻՇՏ Է, ԿԱՐՈՂ ԵՆ ԵՎ ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ։ Ո՜վ գիտե, թե էլ ինչ է գրված այնտեղ՝ ադրբեջանական իրավական օրենսգրքերում։ Միգուցե մանկության տարիներին ուսանողները էլի ինչ-որ բան խախտել են: Դե, եթե այդպես է, ի՜նչ արած, պետք է պատասխան տան արածի համար։ «Խաղաղության օրակարգը» մի այնպիսի ոլոր-մոլոր բան է, հեշտ չի տրվում։

Փոխարենը՝ բոլորին դաս կլինի: Այսօր անցակետից առևանգում են Ադրբեջանի դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, վաղը կառևանգեն ֆեյսբուքյան գրառումների համար։ Վաղը չէ մյուս օրը՝ թուրքերեն հայհոյանքի:

Նիկոլ Փաշինյանը համաձայնե՞լ է, որ Արցախը Ադրբեջան է։ Համաձայնե՞լ է «վերաինտեգրմանը»՝ իրավունքների ու անվտանգության պահպանումով։ Համաձայնել է։ Ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը: Ուսանողներին այնուամենայնիվ չեն սպանել. պարզապես դաստիարակում են, որ հարգեն Ադրբեջանի դրոշը։

Որտե՞ղ և ե՞րբ է լինելու հաջորդ փառատոնը: Պարում են բոլո՛րը։