ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ. Ի՞ՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲԱՑԱՏՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԷՐԴՈՂԱՆԸ
Եվ այսպես, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Նոր նախագահ Սամվել Շահրամանյանի շուրջ միավորվել են քաղաքական բոլոր ուժերը՝ բացառությամբ Սամվել Բաբայանի կուսակցության, որը, սակայն, չհամարձակվեց դիմել բացահայտ առճակատման և ուժային գործողությունների: Ընտրություններն Ազգային ժողովում անցան առանց ցնցումների, որոնց վտանգն ակնհայտ էր: Այդուհանդերձ հասկանալի է, որ լարվածությունը ոչ միայն պահպանվում է, այլև շարունակելու է աճել։
Մինչդեռ բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվում «ընտրությունների արդյունքները չճանաչելու» վերաբերյալ արտաքին ուժերի հայտարարությունների առումով։ Առայժմ իրավիճակը հետևյալն է. բացի, բնականաբար, Ադրբեջանից և Թուրքիայից, հայտարարություններով հանդես են եկել Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Մոլդովան, Պակիստանը և Վրաստանը: Ընդ որում Լոնդոնից պաշտոնական հաղորդագրություն չի հնչել. այնտեղ սահմանափակվեցին ընդամենը Ադրբեջանում իրենց դեսպանի սոցցանցային գրառումով:
Ինչ վերաբերում է մնացածներին, ապա նրանց պարագայում ամեն ինչ պարզ է. Ուկրաինան հաստատեց թուրքամետ պետության իր համբավը, ընդ որում արեց դա Փաշինյանի կնոջ Կիև կատարած սկանդալային այցից անմիջապես հետո։ Մոլդովան շտապեց հետևել Ուկրաինայի օրինակին, հավանաբար համարելով, թե դրանով հաստատում է իր հակառուսական (?) ու եվրոպամետ դիրքորոշումը: Թբիլիսին, ինչպես հայտնի է, սաստիկ կաշկանդված է երկու թուրքական պետություններից իր տնտեսական կախվածությամբ, ընդ որում սեփական խնդիրներն ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի առումով։ Դե, իսկ Պակիստանը, հիշեցնենք, մինչև հիմա չի ճանաչել նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը, այնպես որ այդ երկրի կարծիքը դժվար թե կարող է հետաքրքրել մեզ։
Իսկ այ Եվրամիության հայտարարությունը բավական անմիանշանակ ստացվեց։ Բրյուսելում նշեցին, որ «Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել են ընտրությունները»: Միևնույն ժամանակ ԵՄ-ում կարծում են, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել «դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ քննարկումներում»:
Այս հայտարարությունից անմիջապես հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցում կրկին ընդգծեց, որ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա, «այլ ճանապարհները, ինչպիսին Աղդամն է, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք»:
Ինչ վերաբերում է «սահմանադրական և իրավական շրջանակին», որում անցկացվել են ընտրությունները, ապա թե՛ Եվրամիությունում, թե՛ շահագրգիռ բոլոր երկրների մայրաքաղաքներում գերազանց գիտեն, որ այդ շրջանակը թելադրված էր հանրապետությունում ստեղծված աննախադեպ իրավիճակով՝ 9-ամսյա շրջափակմամբ և միջազգային հեղինակավոր փորձագետների կողմից որպես ցեղասպանություն բնորոշված հումանիտար աղետով։ Ուրիշ ինչպե՞ս կարելի է նման պայմաններում անցկացնել պետության ղեկավարի ընտրություններ՝ հավատարիմ մնալով օրենքի ոգուն ու տառին։
Իրավաչափ է նաեվ մեկ այլ հարց. իսկ արդյոք նախորդ բոլոր տարիներին, երբ Արցախում, ի տարբերություն ավտորիտար Ադրբեջանի, անցկացվում էին համաժողովրդական, կատարյալ ժողովրդավարական և արդար ընտրություններ, Եվրամիությունն ընդունո՞ւմ էր դրանց արդյունքները: Եվ ոչ միայն ԵՄ-ն. տարածաշրջանում ներկայացված արտաքին ուժերից որևէ մեկն ընդունո՞ւմ էր ընտրությունների արդյունքները։ Ուրեմն ինչո՞ւ հանկարծ այսօր, երբ Արցախում տեղի է ունենում ամենաիսկական ցեղասպանություն, իրենց «ժողովրդավարական ու եվրոպական» համարող երկրներին անհրաժեշտ եղավ վերահաստատել սեփական աջակցությունը տոտալիտար պետության տարածքային ամբողջականությանը։
Հենց նույն Ուկրաինան, Մոլդովան և նույնիսկ հարևան Վրաստանը գոնե մեկ անգամ արտահայտվե՞լ են Արցախի անմարդկային շրջափակման մասին, գոնե մեկ անգամ հայտնե՞լ են իրենց վերաբերմունքը 120 000 մարդու ողբերգության նկատմամբ. թեկուզ զուտ հումանիտար առումով։
Երկրորդ կարևոր տեսանկյունը. առայժմ, սեպտեմբերի 10-ի երեկոյի դրությամբ, ոչ մի կերպ չեն արտահայտվել Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները, որոնք առաջվա պես առաջին ջութակն են նվագում Արցախյան հարցի համատեքստում: Լռում են Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը։ Ավելին, Նյու Դելիում իր մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի բառ անգամ չասաց ընտրությունների մասին, կենտրոնանալով բացառապես ՀՀ իշխանություններին հասցեագրված սուր քննադատության վրա։ Սա թույլ է տալիս մեծ հավանականությամբ ենթադրել, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ կերպ մեկնաբանել Արցախում տեղի ունեցած իշխանափոխությունը, ինչն ընթացել է, պետք է ենթադրել, առնվազն ոչ առանց իր գիտության։ Ինչը միանգամայն բնական է՝ այնտեղ խաղաղապահ զորակազմի ներկայության լույսի ներքո։
Փոխարենը՝ Ալիևն ու Էրդողանը սաստիկ իրար խառնվեցին։ Բաքվում չեն հոգնում ջանադրաբար շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր արտահայտվել են Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» օգտին, և հավանաբար ինտենսիվ աշխատանք են տանում առայժմ սուղ ցուցակի համալրման ուղղությամբ։ Սա չի կարելի բացառել, սակայն մի բան հաստատ է. նման հայտարարությունները, այն ամենի խորապատկերին, ինչ անում է Բաքուն Արցախում, միանշանակ կարելի է բնորոշել որպես ցինիզմի բարձրագույն աստիճան և փաստացի աջակցություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը:
Այսինքն Արցախի ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը դարձավ միջազգային իրավունքի նորմերին և մարդասիրության ու բարոյականության արժեքներին այս կամ այն երկրի հավատարմության կոնկրետ լակմուս։
Այս խորապատկերին խաղի մեջ որոշեց բացահայտ մտնել Էրդողանը՝ իր կրտսեր եղբոր խնդրանքով, որն ակնհայտորեն մտահոգված է Արցախում տեղի ունեցած իշխանափոխությամբ և հասկանում է, որ իր հանցակից Փաշինյանը կորցնում է վերահսկողությունը Ստեփանակերտի նկատմամբ։ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ երկուշաբթի օրը բանակցություններ է վարելու Փաշինյանի հետ: «Ղարաբաղում ձեռնարկված քայլերը սխալ են։ Դրանք անընդունելի են։ Մենք դրական չենք նայում այդ ամենին»,- ասաց Էրդողանը։ Իսկ ոչ ոք այլ բան չէր էլ սպասում:
Թե Ղարաբաղում ձեռնարկված որ «սխալ քայլերն» է բացատրելու թուրքը Փաշինյանին, հասկանալի է բոլորին, ինչպեսև այն, թե ինչ է նա պահանջելու Հայաստանի իշխանություններից։ Մեր կողմից՝ խորհուրդ կտայինք Էրդողանին զբաղվել իր երկրով, որտեղ ահռելի քանակությամբ գլոբալ խնդիրներ կան, և դրանք լոկ ավելանում են։ Լիակատար տպավորություն է, որ Երկնային պատիժն է պատուհասել Թուրքիային, որը բառացիորեն «աչք չի բացում» երկրաշարժներից, ջրհեղեղներից, սելավներից, փոթորիկներից և բնական այլ աղետներից։ Եվ իրենց երևանյան վասալին փրկել էլ Ալիևին ու Էրդողանին արդեն դժվար թե հաջողվի. փորձագետները գրեթե միակարծիք են, որ Փաշինյանի իշխանության ժամանակը սպառվել է, և սեպտեմբերի 9-ի նրա հեռախոսային տենդը դրա հավելյալ հաստատումն էր։
Վերջապես, թուրք երկու նախագահների այդպիսի մտահոգության փաստն ինքնին խոսում է այն մասին, որ զարգացումները հերոսական Արցախում վերջապես ընթանում են միանգամայն ճիշտ ուղղությամբ. հայկական շահերի հունով, և կարող են վերջնական ազդակ հաղորդել Հայաստանում համանման գործընթացներին։
Իսկ Փաշինյանն այդպես էլ չհամարձակվեց շնորհավորել Արցախի Հանրապետության նոր նախագահին՝ է՛լ ավելի իջեցնելով սեփական հատակի նշաձողը։ Ասենք, իսկ պե՞տք է արդյոք: Այդ սուբյեկտը ապականում է այն ամենը, ինչին դիպչում է նույնիսկ բանավոր, այնպես որ՝ թող ավելի լավ է լռի: Մանավանդ որ այսօր նրան սպասվում է ծանր խոսակցություն և ակնհայտ շշպռանք իր տիրոջից։