ՈՏՔԸ ԴՐԱԾ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՓՈՑԽԻՆ՝ ԴԵՊԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՆՈՑ…

ՔՊ խմբակցության պատգամավորները, նախարարները, և Փաշինյանի կուսակցության ղեկավարության անդամները գրոհում են միջազգային ազդեցիկ կազմակերպությունները՝ ՀՀ օրինական իշխանություն կոչեցյալին հեռացնելու Մոսկվայի իբր ծրագրերի մասին նամակներով։ Փաշինյանը որոշել է գործի դնել հավաքական Արևմուտքին՝ ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու Կրեմլի առասպելական փորձերին հակազդելու համար։ Նամակներում պարտադիր հղում կա առ այն, որ Փաշինյանի հրաժարականը կնշանակի երկրի վերադարձ ՌԴ հովանու ներքո։ Մինչ Ադրբեջանը զինտեխնիկա և կենդանի ուժ է կենտրոնացնում Արցախի շփման գծի ողջ երկայնքով և ՀՀ-ին սահմանակից շրջաններում, ռեժիմի պարագլուխը դողում է հարկադիր հրաժարականի ահից, իսկ նրա ընչաքաղց ծառայանին հեծեծում է ի լուր ողջ աշխարհի, թե Կրեմլը ցանկանում է զրկել իրեն կերամանից։

Փաշինյանն ասաց, որ ռուս-հայկական հարաբերությունները գնահատում է առաջին դեմքերի մակարդակով, իսկ ՌԴ նախագահի վերջին արտահայտություններն այն մասին էին, որ ինքը կապի մեջ է Փաշինյանի հետ, և Հայաստանի պարագայում խնդիրներ չկան (իհարկե՝ չկան, Պուտինի խնդիրները հավաքական Արևմուտքի հետ են)։ ՌԴ նախագահի մակարդակից ցածր ռեժիմի պարագլուխը հարկ չհամարեց մեկնաբանել իրավիճակը, թեև ակնհայտ է, որ ռուսատյաց հիստերիայի պատվերը նրա կողմից թելադրված է Արևմտյան տերերի հրահանգով։

Այս առնչությամբ տեղին է հիշեցնել, թե ինչպես Արևմուտքը խաբեց Վիկտոր Յանուկովիչին, մահվան հասցրեց Լիբիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիին, ծանրագույն փորձությունների ենթարկեց Նահանգներին հավատարմաբար ծառայող Հոսնի Մուբարաքին։ Յանուկովիչն ու Ռեգիոնների կուսակցությունն ամեն կերպ պաշտպանում էին եվրոպական կուշտ Ուկրաինայի մասին առասպելը, արդյունքում՝ Մայդան։

2011-ին Կահիրեի փողոցներում ցուցարարներ էին մոլեգնում։ Նրանք պահանջում էին Մուբարաքի հրաժարականը, իսկ ԱՄՆ-ը պահանջում էր, որ Մուբարաքը նրանց դեմ ուժ չկիրառի։ Մղձավանջը տևեց 2 տարի, 2013-ին զինվորականները կրկին վերցրեցին իշխանությունը, Մուբարաքը դուրս եկավ բանտից, իսկ երբ զինվորականները Կահիրեի նույն փողոցներում կրակում էին նույն այդ հեղափոխականների վրա, ԱՄՆ-ը այլևս չմիջամտեց՝ պաշտպանելու «հեղափոխության» նվաճումները: Ցմահ ազատազրկման դատապարտված Մուբարաքի փոխարեն բանտում հայտնվեց տապալված նախագահ Մուրսին, որին հետո գնդակահարեցին։ Եթե հեռու չգնանք օրինակների հետևից, ապա բավական է մատնանշել նախկին նախագահ Սահակաշվիլիի քաղաքական կարիերայի խայտառակ մայրամուտը, որին օրերս ևս մեկ մեղադրանք կառաջադրվի բյուջեի գումարները ոչ նպատակային օգտագործելու, այդ թվում՝ արտասահմանյան շրջագայությունների համար. խոսքը 5 մլն դոլարի մասին է։ Փաշինյանի դեպքում գումարը բազմապատիկ ավելի մեծ կլինի…

2014 թվականի փետրվարի պետական հեղաշրջումը Ուկրաինայի ինքնասպանության մեկնակետն էր՝ որպես պետության։ ՀՀ-ի համար այդպիսի կետ դարձավ 2018թ. ապրիլը: Իշխանության հակասահմանադրական զավթումից 3 տարի անց Երևանում նույնպես եղավ ռեժիմի տապալման փորձ՝ գլխավոր շտաբի 40 գեներալների հայտարարությունից հետո (2021թ. փետրվարի 25), դա կասեցվեց Անկարայի միջամտությամբ, որը սկսեց աշխարհով մեկ ճղավել Հայաստանում ռազմական հեղաշրջման սպառնալիքի մասին…

Մեր օրերում ռուսատյաց հիստերիան կոչված է ներշնչելու հայ հասարակությանը, թե Մոսկվան խանգարում է ՀՀ ինտեգրմանը արևմտյան աշխարհին՝ նրա անվտանգության երաշխիքներով, որտեղ մեզ, ի դեպ, ոչ ոք չի սպասում։ Փաշինյանին, որպես հնազանդ խամաճիկի, առճակատման են մղում Մոսկվայի հետ, նա կատարում է ռուսատյաց տրամադրությունների համատարած արմատավորման պատվերը՝ գերազանց գիտակցելով, որ դրանով վնաս է հասցնում Արցախի և Հայաստանի անվտանգությանը։ Ռեժիմի պարագլուխն ու իր խունտան անում են դա գիտակցաբար։

Այս օրերին Փաշինյանին հաճախ են հիշեցնում այն երկրների ճակատագրի մասին, որոնց առաջնորդներն Արևմուտքի թելադրանքով բացահայտ առճակատման են գնացել ՌԴ-ի հետ. Մոլդովայից մինչև Վրաստան և Ուկրաինա։ Է՛լ ավելի հաճախ են խոսում գազի գնի մասին, որը գերազանցում է միայն այն, ինչ վճարում է ՌԴ հարևան Բելառուսը, ինչպես նաև՝ ՌԴ տարածքում բնակվող միլիոնավոր հայրենակիցների մասին, և այդ պատճառով ենք մենք նախընտրել շարունակել նորմալ հարաբերությունների թեման առաջին դեմքերի մակարդակով։

Ռուսատյաց հիստերիան վարչախմբի պարագլուխը նախաձեռնել է ոչ միայն Արևմտյան տերերի պատվերով, այլև Պուտինին ցույց տալու համար, որ միայն ինքը՝ Փաշինյանն է կողմ հայ-ռուսական համագործակցության շարունակմանը։ Փաշինյանն ուզում է ցույց տալ, թե իր թիմակիցներն ու արբանյակները համառորեն պահանջում են, որ ինքը խզի հարաբերությունները ՌԴ-ի հետ և ՀՀ տարածքից դուրս բերի 102-րդ ռուսական ռազմաբազան, իսկ ինքը միայնակ զսպում է հակառուսական տրամադրությունները երկրի ներսում, որպեսզի դրանք չանցնեն սահմանը։ Այդպիսի պարզունակ եղանակով Փաշինյանը փորձում է համոզել նախագահ Պուտինին, թե վարչապետի պաշտոնում իր մնալը ձեռնտու է ՌԴ-ին, քանի որ հրաժարականի դեպքում վարչապետի պաշտոնում իրեն կարող է փոխարինել ծայրահեղ արևմտամետ քաղաքական գործիչ:

Մեծ քաղաքականության հարթակից այս ճիգերը նույնքան անհեթեթ են դիտվում, որքան պետական հեղաշրջման նպատակով իբր ՀՀ տարածք նետված 3-12 հազար վագներականների որոնումները ԱԱԾ-ի կողմից: Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ այդ ասեկոսեները տարածել է մի աղբյուր, որը վերահսկվում է Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից։ Հիշեցնեմ, որ Արմեն Գրիգորյանին է պատկանում այն արատավոր թեզը, թե ՌԴ-ն ճնշում է գործադրում ՀՀ-ի վրա՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանն անդամակցել պարտադրելու նպատակով։ Հազիվ էին մարել կրքերը «սատանայի կոդը վերծանելու» ԱԱԾ ղեկավարությանը տրված հրահանգի շուրջ, իսկ Փաշինյանն արդեն խոստովանեց խորհրդարանի բարձր ամբիոնից, թե ԱԱԾ-ն արձագանքում է վագներականների մասին տեղեկություններին և որոնում նրանց ՀՀ տարածքում։ ՀՀ-ին սահմանակից տարածքներում և Արցախի շփման գծում հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումների պայմաններում ԱԱԾ-ն ուրիշ անելիք չունի. ասենք, տեղեկություններ կան, որ այդ որոնումներին արդեն միացել են նաև ոստիկանության որոշ ստորաբաժանումներ, ամեն ինչ շատ «լուրջ» է:

«Լրջությունը» թելադրված է խուճապի նոպաներով. Փաշինյանը երևակայել է, թե Պուտինն ուզում է հեռացնել իրեն։ Իր գավառամտության պատճառով ռեժիմի պարագլուխը չի հասկանում, թե հավաքական Արևմուտքի աչքում որքան ծիծաղելի է Պուտինի զոհի դերում ներկայանալու իր փորձը, մինչ իր «քութիկները» հաչում են Մարիա Զախարովայի վրա։ 44-օրյա պատերազմից հետո, երբ խուճապի նոպան Փաշինյանին քշեց բունկեր, նրա դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով քրեական հետապնդման ենթարկվեցին 4 անձինք։ Մեղադրանքներ ներկայացվեցին (բացարձակ անհիմն) ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) և ՀՅԴ անդամ նկարիչ Աշոտ Ավագյանին: Ավելի ուշ, երբ Փաշինյանը հանդարտվեց և դադարեց վախենալ մահափորձից, մեղադրանքները հանվեցին։

Այսօր Փաշինյանը վախենում է Ալիեվին տված խոստումների վերաբերյալ բացահայտումներից, այդ իսկ պատճառով հայտնվել է ՀՀ-ում նոր հեղափոխություն կազմակերպել ցանկացող վագներականների թեման։ Արցախի 5-րդ նախագահի ընտրվելուց հետո Փաշինյանի տակ աթոռը սաստիկ երերաց։ Նոր վախերով է թելադրված նաև ՔՊ-ականների չափազանց բուռն արձագանքը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտնի հայտարարությանը, թեև այն, որ ՀՀԿ-ն պատրաստվում է բողոքի փողոցային ակցիաների, հայտնի էր վաղուց:

Ստեփանակերտում արդեն կոչեր են հնչում՝ արգելելու ՔՊ-ի գործունեությունը հայկական երկրորդ հանրապետության տարածքում և վտարելու սորոսական կազմակերպությունների մասնաճյուղերը, որոնք Ստեփանակերտ էին ուղարկվել դեռևս նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ՝ իբրև դիտորդներ: Խոսքը, մասնավորապես, Դանիել Իոաննիսյանի Իրազեկ քաղաքացիների միավորման և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի մասին է:

Արցախից հետո արդեն ժամանակն է ՔՊ-ի և սորոսաթուրքական 5-րդ շարասյան ռեժիմից ազատելու ողջ Հայաստանը։ Այսօր Փաշինյանը դեռևս պարում է՝ ոտքը Սահակաշվիլիի փոցխին դրած շարժվելով դեպի պատմության աղբանոց, բայց վճռորոշ խոսքը ասելու են բնավ ոչ Մոսկվան ու Վաշինգտոնը. դավաճանի ճակատագիրը կորոշի ժողովո՛ւրդը։ Տեսեք, թե ինչ տեսք ունի այսօր 2003 թվականի նոյեմբերի վրացական վարդերի հեղափոխության առաջնորդը: Այդպիսի տեսք է ունենում հավաքական Արևմուտքի բանեցրած քաղաքական նյութը։ Ճիշտ նույնպիսին է պատկերանում Փաշինյանի ապագան՝ հոկտեմբերին նշանակված բանակցություններից հետո…