Զոհվածների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է
Զոհված զինծառայողների ծնողներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնությամբ բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է զոհվածների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը (9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ)»,– գրել է Հովհաննիսյանը։
Որոշման առնչությամբ փաստաբանը մի հանգամանք է ներկայացրել` նշելով, որ Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով, պանթեոն է ուղարկվել 439 ոստիկան (անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին)։
Հովհաննիսյանը շեշտել է, որ քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը հրաձիգներ են, հրաձիգ նռնականետորդներ և հրաձիգ գնդացրորդներ։
Sputnik Արմենիա