ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՌԵԺԻՄԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՄԵՂՔՆ Է

Ի՞նչ բանակցություններ, եթե Բաքուն շարունակում է կրակել

Զոհվեց ևս մեկ հայ զինծառայող. ևս մեկ ողբերգություն հայ ընտանիքում և սուգ՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների փոխարեն: Ամփոփագիրը. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

Ուրիշ ի՞նչ է «հաղորդում» ՊՆ-ն՝ բացի փաստն արձանագրելուց և զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին ցավակցություն հայտնելուց: Ոչի՛նչ:

Գուցե ՀՀ արտաքին գործերի նախարարությո՞ւնն է խիստ արձագանքել։ Նույնպես ոչ։ Հայաստանի ԱԳՆ-ը «խստորեն դատապարտել է Բաքվի գործողությունները»՝ հայտարարելով, թե «սահմանին նման սադրանքներ իրականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի»։ Գրողի ծո՛ցը գնացեք ձեր «խաղաղության գործընթացով»։ Մեր տղաներից դեռ քանի՞սը պիտի զոհվեն, որպեսզի ձեր ուղեղին վերջապես հասնի, որ չկա ոչ մի գործընթաց, այլ կա միայն ինչ-որ խելահեղ զիջախաղ, սքողված «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության դարաշրջանի» և իրականության հետ ընդհանուր ոչինչ չունեցող այլ զառանցանքների մասին դատարկախոսությամբ: Իսկ իրականությունը Ադրբեջանի չդադարող ագրեսիան է, իրականությունը մեր երիտասարդ տղաների մահն է, ընդ որում՝ իբր խաղաղ պայմաններում, իրականությունը իրենց հայրերին, ամուսիններին, եղբայրներին կորցնող ընտանիքներն են, իրականությունը մի ամբողջ գենոֆոնդի գերեզման դարձած Եռաբլուրն է։

Ինչպե՞ս արձագանքեց տեղի ունեցածին Արևմուտքը, ավելի ճիշտ՝ Եվրոպան, որն այսօր ներկայանում է իբրև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենաակտիվ մասնակից։

«Մտահոգիչ հաղորդումներ ենք ստացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության և մահվան դեպքի կապակցությամբ, - հայտարարում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:- Եվրամիությունն անընդհատ շփման մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ տեղում տիրի հանգստություն, իսկ բանակցային սեղանի շուրջ ձեռք բերվի վճռական առաջընթաց»։ Գյուտ արեց։ Միայն թե հանգստություն չկա, վճռական առաջընթաց՝ նույնպես, իսկ այն, որ Կլաարը մտահոգվել է՝ եթեր արձակելով հերթական հեռահավասար մեսիջը, ագրեսոր Ալիևի «տանձին չէ»։

Գուցե Կլաարը չափից ավելի դիվանագիտորե՞ն է արտահայտվում, գուցե եվրոպական կառույցներում արդեն որոշում է կայացվել պատժե՞լ Ադրբեջան ահաբեկչական պետությանը՝ առնվազն խիստ պատժամիջոցներ սահմանելով նրա դեմ։

Օրերս Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության իրականացման և ընդհանուր արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ տարեկան զեկույցները: Երևի չեք հավատա, բայց զեկույցներում դատապարտվում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների համար, ինչպեսև կոչ՝ կասեցնելու էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, դադարեցնելու բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ և նույնիսկ դադարեցնելու Ադրբեջանից նավթի ու գազի ներմուծումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական որևէ ագրեսիայի դեպքում։

Զի՛լ է։ Դատապարտեցին, կոչ արեցին, ևս մեկ կոչ արեցին, և դա այն դեպքում, երբ «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի» հաստագրված փաստերը ոչ մեկն են, ոչ էլ երկուսը, ինչի մասին եվրոպացի պաշտոնյաները քաջատեղյակ են։

Միեվնույն ժամանակ, այդչափ «ահեղ» կոչերին և տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը նպաստելու նպատակով Հայաստանում Եվրամիության առաքելության ստեղծման ողջունումներին (ո՞ւր է արդյունքը) և առաքելության կազմում փորձագետների թիվն ավելացնելու առաջարկություններին զուգահեռ, կարդում ենք լուրն այն մասին, որ Ադրբեջանն ու Եվրամիությունը կթարմացնեն էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի իրականացման «ճանապարհային քարտեզը»՝ էներգետիկայի գծով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի կողմից Ադրբեջանին հասցեագրված ներբողների ներքո՝ այդ «ռազմավարական գործընկերության» արդյունավետության առթիվ։ Իսկ ի՞նչ եղան պատժամիջոցների սահմանումը, նավթի ու գազի ներմուծման դադարեցումը, Էներգետիկայի մասին փոխըմբռնման հուշագրի գործողության կասեցումը։

Ադրբեջանին պարբերաբար «երկնային պատիժներով» սպառնացող ամերիկացիները նույնպես տարօրինակ են ։ Օվկիանոսի այն ափից զայրալից ուղերձներ են հղում, իսկ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին, ժամանելով Բաքու, հայտարարում է. «Մենք անհամբերությամբ սպասում ենք ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանք սկսելու հնարավորությանը»: «Մենք» ասելով նա հո նկատի չունի սեփական սիրելի անձը. նա նկատի ունի այն երկիրը, որը ներկայացնում է: Այսինքն «ԱՄՆ-ը անհամբերությամբ սպասում է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանք սկսելու հնարավորությանը»։

Ռուսաստանն էլ առանձնապես չի արձագանքում (իսկ նրա կարծիքը հայկական կողմից ոչ ոք չի էլ հարցնում), բավարարվելով առավելապես նույն հեռահավասար արտահայտություններով։ Եվ Հայաստանի ղեկավարության կողմից վերջին նիստերի ցուցադրական բոյկոտի խորապատկերին ՀԱՊԿ-ը պատրաստվում է Իրանի և Չինաստանի հետ լայնածավալ ռազմածովային զորավարժությունների ու ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետ լիաֆորմատ համաձայնագրի ստորագրման։

Մինչդեռ ինչ դժգոհություններ էլ որ հնչեն հայ-ադրբեջանական օրակարգում ընդգրկված այս կամ այն դերակատարների երկակի չափանիշների թեմայով, ամենագլխավոր հարցը մնում է հետևյալը. իսկ ի՞նչ է անում Հայաստանի ղեկավարությունը, որպեսզի պաշտպանի իր ժողովրդին կողքի ագրեսորից:

Վերջերս, ելույթ ունենալով Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «ստանալով Լեռնային Ղարաբաղն առանց հայերի, Ադրբեջանն այժմ թիրախավորել է Հայաստանի ինքնիշխան տարածքը»: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության, հայատյացության և ուժի կիրառման սպառնալիքների, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարթակներում կազմակերպված բանակցությունների բոյկոտման վրա: «Ադրբեջանի այս բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ նա շահագրգռված չէ խաղաղություն կնքել», - նշել է Միրզոյանը՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ օրակարգին:

Այսինքն, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերոնշյալ ամենն ամփոփում է ՀՀ «խաղաղ օրակարգով»՝ իրեն չմեղադրելով նույնիսկ այն բանի համար, որ հենց հայկական իշխանությունների գործողությունների «շնորհիվ» էր, որ «Ադրբեջանը ստացավ Լեռնային Ղարաբաղը». նվեր, որի մասին Ալիևը, ամենայն հավանականությամբ, չէր էլ երազել։ Բայց ասել, որ Բաքուն թիրախավորում է Հայաստանի ինքնիշխան տարածքը, սպառնում, խափանում բանակցությունները, իսկ այնուհետ՝ «Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ օրակարգին», դա ընդհանրապես ծայրահեղ է։

Ի՞նչ «խաղաղ բանակցություններ», խաղաղ օրակարգ, խաղաղության պայմանագիր, երբ Փաշինյանի ծանուցած «խաղաղության խաչմերուկում» շարունակ զոհվում են մեր տղաները։ Ինչո՞ւ չի կարելի կոշտ ու հստակ հայտարարել, համանման ուղերձ հղելով նաև միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի և «կրտսեր եղբորը» ամեն կերպ սատարող Թուրքիայի հետ որևէ բանակցությունների մասին խոսք անգամ լինել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել Բաքվի ռազմական ագրեսիան հայերի դեմ։

Մինչդեռ հայկական ղեկավարությունը ոչ միայն նման բան չի հայտարարում, այլև հպարտությամբ ազդարարում է հայ-թուրքական սահմանի անցակետի շահագործման պատրաստակամություն, ինչի մասին հրճվալից տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ-ը, թե իբր՝ «հայկական կողմը դրական ազդակներ է ակնկալում Թուրքիայից»: Եվ սա այն իրավիճակում, երբ Թուրքիան հրապարակավ գովաբանում է Բաքվի բոլոր հանցավոր, ահաբեկչական գործողությունները հայերի դեմ։

Զոհվեց ևս մեկ հայ զինվոր, ևս մեկ ընտանիք զրկվեց որդուց, ամուսնուց, իսկ երեք տարեկան դստրիկը՝ հորից։ Եվ սա չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը ձևացնում են, թե ոչ մի առանձնակի բան չի կատարվում: