«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ Է ՏԳԵՂՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր»
Համաշխարհային առաջնորդները հաշվետվություն ներկայացրեցին անցնող տարվա վերաբերյալ, ո՞վ է վերջակետ դնելու «Ուկրաինա» անվանումով նախագծին
Զորքերը հետ քաշելու Երևանի առաջարկին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բացասական պատասխանից հետո, Ալիևի և Փաշինյանի բանակցություններում Թուրքիային որպես միջնորդ պարտադրելու փորձի, ինչպես նաև ազատ արձակված գերիների հարազատների հետ ռազմական հոսպիտալի մոտ ոստիկանների ընդհարման խորապատկերին՝ 2023 թվականի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու Փաշինյանի բոլոր փորձերը բացարձակապես իմաստազրկվեցին։
Ռեժիմի պարագլուխը ոչինչ չունի ներկայացնելու որպես շարժ ժողովրդավարության և անվտանգության ճանապարհին, ուստի նրա մասնակցությունը կուսակցական աշխատանքին՝ նախաձեռնող խմբի հետ դեկտեմբերի 14-ի հանդիպումից մինչև հետագա միջոցառումներ, թելադրված է միակ նպատակով. նախապատրաստել ՔՊ-ին հետագա զիջումների։ ԱՄՆ-ի նկատմամբ Ալիևի հռետորաբանությունը մեղմացել է, սակայն խաղաղությունն առաջվա պես շատ ավելի հեռու է, քան պատերազմը…
«Այնքան, որքան պետք լինի» սկզբունքով Կիևին աջակցելու մասին հավաքական Արևմուտքի բարձրահունչ խոստումները կախվեցին օդում։ Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում Ուկրաինային տրամադրելիք օգնության փաթեթի վրա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դրած վետոն վճռորոշ դեր խաղաց. Կիևը չի ստանա 50 մլրդ եվրոն ԵՄ-ից: Ուղիղ եթերում ՌԴ քաղաքացիների և ԶԼՄ-ների հարցերին պատասխանելիս Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինան ստացել է Արևմուտքի խոստացած ողջ սպառազինությունը և նույնիսկ ավելին, «իսկ մենք ամբողջը ոչնչացրել ենք», սակայն, նրա խոսքերով, զենք դեռ կմատակարարվի…
Պուտինը հիշեցրեց նաև. «Օդեսան ռուսական քաղաք է ռուս-թուրքական պատերազմի (1791թ.-Մ.Մ.) ժամանակներից ի վեր: Ի՞նչ կապ ունի այստեղ Ուկրաինան»։ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը դատարկ խոսակցությունների թեմա է, Թուրքիան այդ բանակցությունները վարում է անհիշելի ժամանակներից ի վեր։ Կոնգրեսն արդեն արձակուրդում է, ոչ ոք Զելենսկուն 60 միլիարդ դոլար չի տա, Բայդենը նշեց 200 միլիոն թիվը՝ բոլորովին վատ չզգալով այն հանգամանքից, որ հավաքական Արևմուտքը համաշխարհային հանրության աչքի առաջ «քցեց» Զելենսկուն հենց այն ժամանակ, երբ վերջինս խոստացավ «հաղթել Ռուսաստանին Սև ծովում»։ Սպիտակ տանը հասկացել են, որ հակահարձակման ձախողումից հետո «ձմեռային փակուղին» վերջինն է լինելու Ուկրաինայի զինված ուժերի համար։
Պուտինը հիշատակեց Ուկրաինայի զինված ուժերի Դնեպրի ձախ ափ ներխուժելու փորձի մասին, իսկ մեկնաբանները նշեցին, որ պատերազմի թեման ամենևին էլ գլխավորը չէր մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարի հաշվետվության մեջ: Հատուկ գործողության մասին հիշատակումների համատեքստում գերակշռում էին այն թեզերը, որ Ուկրաինայի իշխանությունները «մահվան են ուղարկում են իրենց մարդկանց»։ Պուտինը կարեկցանքով արտահայտվեց ուկրաինական կողմի զոհերի մասին, սակայն ընդգծեց, որ հատուկ գործողությունը կավարտվի միայն նպատակին հասնելուց հետո: Օդեսայի մասին հիշատակումը նախանշեց հետագա հարվածների հիմնական ուղղությունները. Խարկով, Դնեպրոպետրովսկ, Օդեսա։
Ռուսաստանի առաջնորդը ցույց տվեց, որ իր համար միևնույնը չէ ուկրաինացիների մահը. հավաքական Արևմուտքի կողմից նման հայտարարությունները չափազանց հազվադեպ են, Արևմուտքում ուկրաինացիներին և նախկին խորհրդային ճամբարի մյուս ժողովուրդներին վերաբերվում են որպես ստորին ռասայի, որի հիմնական նախանշանակությունը մեռնելն է՝ «ոսկե միլիարդի» պայծառ ապագայի համար։ Այդ վերաբերմունքն առավել ցայտուն արտահայտվեց Իսրայելի մարդկային կորուստների կապակցությամբ ամերիկացի քաղաքական գործիչների անկեղծ կարեկցանքի խորապատկերին…
Պուտինը 2 հազար կմ երկարությամբ ռազմաճակատային գծում տիրող իրավիճակը զուսպ բնորոշեց որպես «մեր ուժերի դիրքերի բարելավում շփման գծի ողջ երկայնքով», իսկ «նեզալեժնիի» իշխող ռեժիմի ապագայի վրա թանձր խաչ քաշեց Բայդենի հայտարարությունն այն մասին, որ «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը կորոշվի Ուկրաինայի հաղթանակից հետո»: Այլ կերպ ասած՝ հօգուտ անդամակցության այդ հարցը չի լուծվի երբեք։ Իր հերթին, Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտարարեց, որ Ուկրաինան չի կատարել ԵՄ-ին անդամակցելու 7 պայմաններից 3-ը: Բայց ախր Զելենսկուն խոստացել էին անդամակցում ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, միայն թե ներքաշեին Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։
Այժմ, երբ պատերազմն, ըստ էության, տանուլ է տրված, Զելենսկուն նրբանկատորեն ցույց տվեցին իր իրական տեղը, իսկ Օրբանին առավել ակնբախության համար հատկացրեցին «չար ոստիկանի» դերը։ Փաշինյանի ռեժիմը պետք է հետևություններ անի ստեղծված իրավիճակից։ Ուշադրություն դարձրեք, պարոնայք, Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու է դարձել Սահակաշվիլի ազգանունով կալանավորի առկայության պարագայում, իսկ դա նշանակում է, որ ԵՄ-ն նրան քաղբանտարկյալ չի համարում և համաձայն է, որ նախկին նախագահի տեղը բանտախցում է։ Վրացական խամաճիկին Արևմուտքը հանձնեց, ուկրաինական խամաճիկի հանձնումն ընթացքի մեջ է, հաջորդը ինքներդ էլ գիտեք, թե ով է…
Բայդենը անցնող տարեվերջին հայտարարեց, որ «ամերիկացի ոչ մի զինվոր չի զոհվել Ուկրաինայում», մնացյալ ամենը նրան չի հուզում և չպետք է հուզի։ Կիևը ստացավ տասնյակ միլիարդներ և անթիվ քանակությամբ զենք, հակահարձակման ձախողումը հանգեցրեց հավաքական Արևմուտքի ծրագրերի վերանայման՝ ոչ հօգուտ Զելենսկու ռեժիմի: Ուկրաինայում մարդիկ շարունակում են մահանալ, իսկ արևմտյան քաղաքական գործիչները հասկացնում են, որ իրենք պատասխանատու չեն ուկրաինացի ժողովրդի համար։
Ուկրաինացիներն իրենք են ընտրել Զելենսկուն որպես իրենց նախագահ, այժմ քաղում են այդ ընտրության հետևանքները, իսկ վաշինգտոնյան մարզկոմի և պաշտոնական Բրյուսելի խոստումների իրական գինը համաշխարհային հանրությունն իմացավ Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի և Բրյուսելում գագաթնաժողովի արդյունքներով:
Փաշինյանի ռեժիմը խաղադրույք է կատարում հավաքական Արևմուտքի վրա՝ ոտքը դնելով Սահակաշվիլիի և Զելենսկու փոցխին։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը հիմնված է միայն խոստումների վրա, Փաշինյանին դրդում են սառեցնել անդամակցումը ՀԱՊԿ-ին և միակողմանի դուրս գալ ՌԴ 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրից, փոխարենը ոչինչ չառաջարկելով՝ բացի խոստումներից։
Վերնագրում տեղ գտած արտահայտությունը պատկանում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Դեվիդ Քեմերոնին։ Այնպես է ստացվել, որ հենց նրան վիճակվեց փակել «Ուկրաինա» անվանումով նախագիծը, թեև նախարարի պաշտոնում իր առաջին այցը լորդը կատարել է հենց Կիև։
Քեմերոնը ամենևին էլ տգեղ չէ, բայց արտահայտությունը խորհրդանշական է մեծ քաղաքականության մեջ շոումենների ներգրավման խորապատկերին՝ ի դեմս Սաակաշվիլիի, Զելենսկու և Փաշինյանի։ Արևմուտքը նրանց իշխանության բերեց հանուն իր նպատակների իրականացման, իսկ գունավոր հեղափոխությունների ցուցանակի տակ ԱՄՆ ԿՀՎ-ի հատուկ գործողությունները ամենուր լի էին «թերզարգացած» ժողովուրդների համար նախատեսված շոուի տարրերով։ Այդպիսիք օգտագործվում են նաև ԱՄՆ-ի նախագահական մրցավազքում, որտեղ, ըստ մի շարք կանխատեսումների, ընտրողների քննադատաբար տրամադրված մասը ցանկանում է ազատել երկիրը ոչ միայն Բայդենից, այլև Թրամփից, ուստի արդեն կան կանխատեսումներ, որ ծերունիների մարտում կարող է հաղթել Ռոբերտ Քենեդի կրտսերը: Նա նույնպես դեմ է Զելենսկու ռեժիմին օգնության հետագա ցուցաբերմանը։ Իսկ առանց փողի ու սպառազինության 21-րդ դարում չես պատերազմի։
Կոնգրեսում Զելենսկուն խնդրեցին ներկայացնել «հաղթանակի ռազմավարությունը», բայց ի պատասխան ոչ մի ըմբռնելի բան չլսեցին, իսկ Սև ծովում հաղթանակի մասին հեքիաթը ոչ մեկին չոգևորեց: Հավաքական Արևմուտքը նույնիսկ նեղություն չի տալիս իրեն՝ հարցնել. «Ո՞ւմ վերագրել պարտությունը»։ Արդեն մեղավոր են նշանակել Զելենսկուն, իսկ վրացական և ուկրաինական թորվածքի «հակաՌուսաստաններին» փոխարինելու է շտապում հայկական «հակաՌուսաստանը»՝ Փաշինյանի գլխավորությամբ։
Նրա ռեժիմն անվանում է ներկայիս գործընթացներ «անվտանգության համակարգի տարբերականացում», մինչդեռ իրականում խոսքը ինտեգրման վեկտորի փոփոխության մասին է, իսկ արևմտյան անվտանգության համակարգին ինտեգրվելն անհնար է առանց միաժամանակ ինտեգրվելու եվրոպական արժեհամակարգին, այնպես որ նույնասեռ ամուսնությունների ճանաչումից կարող էր հրաժարվել Էրդողանը, իսկ Փաշինյանը դժվար թե կարողանա դա անել։
Հավաքական Արևմուտքը հիմնովին ջլատված է Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի հետ պատերազմից, ուստի Փաշինյանի ռեժիմը ստիպված կլինի երկար սպասել ՀՀ ԶՈՒ-ի խոստացված վերազինմանը ՆԱՏՕ-ի օրինակով։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան կարող է խաչ քաշել ռեժիմի պարագլխի վարդագույն ծրագրերի վրա, չէ՞ որ արցախահայության ցեղասպանության ու բռնի տեղահանման վերաբերյալ հավաքական Արևմուտքի արձագանքը պատժամիջոցների չհանգեցրեց ցեղասպան պետության դեմ։ Փաշինյանի ապավինումը Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից հետո զսպման գործոնին՝ ի դեմս հավաքական Արևմուտքի, կարող է թյուր լինել:
Անվտանգության համակարգի տարբերականացումը գոյություն ունի միայն խոսքերով, իսկ իրականում տեսնում ենք հրաժարում ՌԴ միջուկային հովանոցից՝ արևմտյան հրահանգիչների թելադրանքով։ Նրանց պետք է հերթական «հակաՌուսաստանը» Հարավային Կովկասում։ Որին սպասում է նախորդ երկուսի ճակատագիրը. Թեպետ, Վրաստանին հաջողվեց պահպանել իրեն որպես պետություն, Ուկրաինան նույնպես մասնատումից հետո կարող է պահպանել իրեն որպես պետական միավոր, իսկ Հայաստանից կարող է մնալ միայն «խաղաղության խաչմերուկ»՝ Բաքվի և Անկարայի համար…