ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ-2-Ը ՄՈՏ Է. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ՝ Ի ՎՆԱՍ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ
2023-ի տարեվերջին կուսակցական բջիջների ղեկավարության հետ հանդիպումները բացահայտեցին ռեժիմի ղեկավարի դժգոհությունը ՔՊ-ի շարքերում քաղաքացիների ներգրավման աշխատանքների արդյունքներից։ Փաշինյանը հասկացնել տվեց, որ մտադիր է ուժեղացնել վերահսկողությունը տեղական ստորաբաժանումների նկատմամբ՝ շարունակելով կուսակցական շարքերի զտումը։ Ամանորյա տոներին ՔՊ-ի ղեկավարության, համանուն խորհրդարանական խմբակցության և կառավարության անդամները Երևանից կարող էին բացակայել միայն Փաշինյանի թույլտվությամբ։ Ոմանք ստիպված են եղել չեղարկել ուղևորությունը Դուբայ, քանի որ պարագլուխը բոլորին հրամայել է շուրջօրյա կապի մեջ մնալ և չբացակայել երկրից։
Առանձնակի մտերիմները Փաշինյան ընտանիքին շնորհավորել են անձամբ, մյուսներն արձակուրդն անցկացրել են հասանելիության գոտում՝ լիակատար պատրաստականության ռեժիմով։ Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ՔՊ-ի սորոսական թևն իրեն թույլ է տվել բացասաբար արձագանքել Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ կատարած այցին, թե իբր՝ ռեժիմի պարագլուխն իրենց խոստացել էր, որ չի գնա Պուտինի առջև խոնարհվելու։ Այդ հանրությունը ռեժիմի պարագլխի ենթակայության տակ է ճիշտ այնպես, ինչպես կուսակցության մյուս անդամները։ Սորոսականների ազդեցությունը վերջին շրջանում զգալիորեն թուլացել է, Փաշինյանը չի լսում նրանց խորհուրդները, իսկ «Ինչի մասին որ պետք է, էն էլ բանակցում ենք» հայտնի սկզբունքին ավելացել է շարունակությունը. «Կուզենամ՝ կշարունակեմ գործընթացը Վաշինգտոնի ու Բրյուսելի հովանու ներքո, կուզենամ՝ կբանակցեմ առանց միջնորդների կամ կվերախաղարկեմ Մոսկվայում»։ Այդ իրեն է թվում, թե թույլ կտան վերախաղարկել…
Խոսելով Փաշինյանի բռնապետության մասին՝ հարկ է նշել, որ ամենամեծ ճնշումն իր վրա զգում է ՔՊ-ի ղեկավարությունը բոլոր մակարդակներում՝ կուսակցության վարչությունից մինչև տարածքային բջիջների խորհուրդներ։ Դեռ վերջերս «ուսապարկեր» բնորոշման տակ էին ընկնում Փաշինյանի հետ ամեն ինչում համաձայն ՔՊ խմբակցության պատգամավորները, իսկ այսօր այդ կատեգորիային կարող է դասվել կուսակցության ողջ ղեկավար կազմը, կառավարությունը, ներառյալ ուժային կառույցները, և դատական իշխանության ղեկավարությունը։
Փաշինյանը վերահսկում է բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով մասնակից են պետության կառավարմանը. պատգամավորներից մինչև նախարարներ, նրան հայտնի են իշխող վերնախավի հարստացման բոլոր լծակները։ Այսօր պետության հաշվին հարստանալ թույլատրվում է միայն խոսնակին և արտաքին գործերի, պաշտպանության ու ՆԳ նախարարներին։ Մնացած բոլորը կարող են ցանկացած պահի հայտնվել գլխավոր դատախազի և ՔԿ պետի սևեռուն հայացքի ներքո, ուստի իրենց խելոք են պահում։
Փաշինյանը ուժգնացնում է ճնշումը կուսակցության և կառավարման ապարատի ներսում, փորձելով ձևավորել իր կամքին համընդհանուր և տոտալ ենթարկման համակարգ։ Հակառակ առանձին քաղաքագետների պնդումների՝ երկրի ներսում ռեժիմի պարագլուխը ոչ մեկից կախված չէ։ Նա բացարձակ ազատ է որոշումների ընտրության հարցում և չի կողմնորոշվում որևէ մեկի կարծիքով. լինեն դրանք սորոսական գործիչներ, իր տեղակալներ, փոխվարչապետներ, թե ԱԳ նախարար։ Ներկուսակցական կարգապահության ամրապնդման կարգախոսի ներքո Փաշինյանը 2023-ի տարեվերջին վերջնականապես հող նախապատրաստեց կապիտուլյացիա-2-ի ստորագրման համար։
Ալիևի հետ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համատեքստից անմիջականորեն հետևում է, որ Հայաստանի ճակատագիրը նա վճռելու է միանձնյա։ ԱԳՆ-ը, խորհրդարանն ու ՍԴ-ն նրա հնազանդ կամակատարներն են, ուստի խաղաղության համաձայնագրի վավերացման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Այս առնչությամբ հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը վավերացման ենթակա չէր ՍԴ-ի և խորհրդարանի կողմից։
Հակառակ իր խոստմանը՝ ռեժիմի պարագլուխը դուրս չի գա Հանրապետության հրապարակ, որպեսզի խորհրդակցի ժողովրդի հետ, ինչպես որ չարեց դա 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ ստորագրեց կապիտուլյացիա-1-ի մասին հայտարարությունը։ Այսօր մոտ է Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը, որն ընդդիմությունն անվանում է կապիտուլյացիա-2՝ Բաքվի կողմից տարածքային բացահայտ նկրտումների խորապատկերին:
Բրյուսելից ու Վաշինգտոնից Փաշինյանին կարող են պարտադրել ցանկացած որոշում Ալիևի պայմաններով (այլ պայմաններ, ինչպես պարզվեց, չկան), բուն Հայաստանում չկա մեկը, ով կարող է կասեցնել նրան տարածքային նոր զիջումներից մեկ քայլ առաջ։ Նման սուբյեկտ կարող էր դառնալ ժողովուրդը, սակայն զանգվածներին պայքարի մոբիլիզացնելու ունակ առաջնորդի բացակայության պայմաններում ռեժիմի պարագլուխը կարող է հանգիստ ստորագրել մի փաստաթուղթ, որը դե յուրե կամրագրի Ադրբեջանի ոտնձգությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ալիևի պայմաններով խաղաղությունը նշանակում է ՀՀ սողացող բռնազավթման շարունակում։ Համեմատության համար. վրաց-ադրբեջանական սահմանի 70%-ն արդեն ենթարկվել է սահմանազատման, իսկ մնացած 30%-ի սահմանազատումն ավարտելուց հետո կստորագրվի համապատասխան միջպետական համաձայնագիր: Նկատեք. հետո, այլ ոչ թե առաջ, ինչպես պահանջում են Փաշինյանից։
Սահմանազատման շրջանցումով Ալիևի հետ համաձայնագրի ստորագրումը կնշանակի Փաշինյանի դե յուրե համաձայնություն ՀՀ ավելի քան 200 քառ.կմ տարածքի բռնազավթմանը։ Ալիևի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դե յուրե ճանաչումը 29 հազար 800 քառ. կմ մասշտաբով կբարձրացնի բռնազավթած տարածքներից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման հարցը, իսկ այդ քայլին Ալիևը չի գնա։ Փաշինյանն արագացված տեմպերով սպանդի է տանում ինքնիշխան պետությունը՝ քաղաքական ուժերի և հասարակության կողմից որևէ դիմադրության բացակայության պայմաններում։ Ժողովուրդն ու ընդդիմությունը անջրպետվել են նրա գործողություններից, իշխանական բոլոր կառույցներն անվերապահ հնազանդություն են ցուցաբերում, ռեժիմի պարագլուխը միանձնյա տնօրինում է երկրի ու ժողովրդի ճակատագիրը՝ խաղաղության ցուցանակի տակ բռնելով ՀՀ տարածքի մասնատման ուղեգիծ։
Ալիևն ամենևին չի խորամանկում, երբ ասում է, որ կարող է Հայաստան մտնել առանց բանակի։ Նրա բանակը վաղուց է սպասում իրեն այն տարածքներում, որտեղ 2021 թվականի մայիսի 12-ից հետո կահավորվել են մարտական դիրքեր, բացվել մարդկային ռեսուրսների և ծանր զինտեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ճանապարհներ։ Ադրբեջանական զավթիչների դիրքեր մարտական տեխնիկան մատակարարվում է կանոնավորապես, զավթիչները մեր երկրում զգում են իրենց ինչպես տանը։ Սահմանազատման շրջանցումով Ալիևի և Փաշինյանի ստորագրելիք համաձայնագիրը կոչված է ապահովելու ՀՀ տարածքում զավթիչների հետագա ներկայության լեգիտիմությունը, քանզի եթե սահմանազատումը հետաձգվում է անորոշ ժամանակով, ապա ո՞վ կարող է նշել, թե որտեղ է ավարտվում Հայաստանը և սկսվում Ադրբեջանը։
2023 թվականի ավարտին մոտ ռեժիմի հեռուստաալիքներում հայտնվեցին նորաթուխ վերլուծաբաններ, որոնք ուղիղ տեքստով ներշնչում էին զանգվածային լսարանին, թե «Հայաստանը որպես պետություն վերացնելու որոշումն արդեն ընդունված է»։ «Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիների» գիտակցության մեջ միտումնավոր մխում են անելանելիության գաղափարը, իբր՝ իրենց ճակատագիրն ու ապագան արդեն վճռել են Մոսկվայում և Վաշինգտոնում, ուստի ցանկացած դիմադրություն անիմաստ է։
Իրականում երկրի ու ժողովրդի ճակատագիրը վճռում է մի մարդ, որին գրեթե 6 տարի ոչ ոք չի կարողանում կասեցնել։ Արցախը հանձնելուց հետո Փաշինյանն ապահովեց զավթիչների անարգել մուտքը ինքնիշխան Հայաստանի տարածք՝ առանց գեթ մեկ կրակոցի։ Ըստ երևույթին, կապիտուլյացիա-2-ը ևս կիրականացվի փուլ առ փուլ։ Սկզբի համար Փաշինյանը կսահմանափակվի այն տարածքի լոկ մի մասով, որն Ադրբեջանում խորհրդարանի մակարդակով հայտարարել են «բնիկ ադրբեջանական», իսկ հետո ձեռնամուխ կլինի հայկական պետականության վերջնական վերացման ծրագրի իրականացմանը։
ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՐԿՆՎՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՍՑԵՆԱՐԸ։ Միայն կույրը կարող է չնկատել այդ հանցավոր սցենարի փուլային իրականացումը։ Թե՞ ոմանց թվում է, թե ՀՀ տարածքների նկատմամբ նկրտումների մասին Ադրբեջանի խորհրդարանի որոշումը կայացվել է Ալիևից առանձին։
44-օրյա պատերազմի արդյունքում Ալիևին չհաջողվեց միանգամից զավթել ողջ Արցախը՝ ռուս խաղաղապահների մուտքի պատճառով։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը հայկական երկրորդ հանրապետությունը բաժանված էր ադրբեջանական և ռուսական ազդեցության ոլորտների։ Նման մի բան այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Հայաստանն ամբողջությամբ զավթել Ալիևին խանգարում է ՌԴ 102-րդ ռազմաբազան, ուստի իրականացվում է փուլային սցենար, որն արդեն փորձարկվել է Արցախում։ Փաշինյանի արևմտյան տերերը, հիշեցնեմ, ամեն կերպ փորձում են արագացնել ռուսական բազայի փակումը…
Այսօրվա դրությամբ զավթիչներն արդեն գրավել են այն «ձյունածածկ լեռնագագաթները», որտեղ, ըստ Փաշինյանի, մեզ սահմանապահ դիրքեր պետք չեն։ Նրանք վերահսկում են Սև լճի մակերեսի ավելի քան 30%-ը, որի համար Փաշինյանը, իր իսկ խոստովանությամբ, մտադիր չէ կռվել, բնակռել են Շուռնուխ համայնքի բնակիչներից խլած տներում։ Զավթիչները վերահսկում են ոչ միայն ռազմավարական բարձունքները, այլև անթիվ ճանապարհներն ու արոտավայրերը, և հեռանալ բնավ մտադիր չեն: Կապիտուլյացիա-2-ը՝ միջպետական համաձայնագրի քողի տակ, միայն կամրագրի ադրբեջանական բանակի ռազմական ներկայությունը ՀՀ տարածքում, այլ կերպ ասած՝ սահմանազատումը կընթանա բռնազավթման պայմաններում, իսկ դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ տարածքների զավթում, ավելի ճիշտ՝ դրա շարունակություն։
Պայմանավորված բռնազավթման նախնական փուլն արդեն ավարտված է։ Փաշինյանը ձեռնամուխ է եղել Հայաստանի դե յուրե տարածքային մասնատմանը՝ սահմանազատման շրջանցումով Ալիևի հետ համաձայնագրի ստորագրման միջոցով, այսինքն՝ ի վնաս մեր երկրի տարածքային ամբողջականության։ Նրա պատրաստակամության վրա, կրկնում եմ, չազդեց տարածքային նկրտումների մասին Ադրբեջանի խորհրդարանի փաստաթղթի հրապարակումը…