«ՅԱՐԽՈՒՇՏԱ»՝ ...ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

2023 թվականի արդյունքներով կառավարությունը լիակատար ձախողում է գրանցել

Հայաստանի կառավարությունը փետրվարի 23-ի նիստում հաստատեց 2023 թվականի իր ծրագրի կատարման և արդյունքների վերաբերյալ զեկույցը, որը խորհրդարանին պետք է ներկայացվի մինչև մարտի 1-ը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդ որում ընդգծեց, որ փաստաթուղթը ներառում է կառավարության ծրագրի կատարելիության արդյունավետ և թվային ցուցանիշներ, որոնք ներկայացված են մի շարք բաժիններով. արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, տնտեսություն, ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում…

Բնավ չենք սխալվի, եթե ենթադրենք, որ խորհրդարանական քննարկումների ժամանակ Փաշինյանին հավատարիմ ՔՊ-ականները (նույն իրենք՝ «ուսապարկերը», իսկ տիրոջ հագուկապի վերջին թարմացման լույսի ներքո՝ նրա «կեպիները») արժանի գովասանքի կարժանացնեն գործադիր իշխանությանը, հերոսական ներբող կձոնեն նրան, իսկ եթե պահանջվի, ապա նաև կպարեն «Յարխուշտա» մարտական պարը։

ԻՍԿ ՀԻՄԱ ԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ ՄԵՐԿ ՓԱՍՏԵՐԻՆ։ Ի՞նչ է զեկուցելու կառավարությունը խորհրդարանին զեկույցի «Անվտանգություն» բաժնի վերաբերյալ։ Դարձե՞լ է արդյոք մեր կյանքը գոնե փոքր-ինչ ավելի ապահով՝ կառավարության անցած տարվա գործունեության շնորհիվ։ Ինքը՝ Փաշինյանն ամբողջ տարի քաղաքացիների «ուղեղը բռնաբարեց» իր խաղաղ օրակարգով, խաղաղության մտացածին «խաչմերուկներով» ու «արահետներով», իսկ հիմա France 24-ին տված հարցազրույցում հայտարարում է, որ «Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է» և «Ադրբեջանի նախագահը խաղաղության պայմանագիր չի ցանկանում՝ ձգտելով նոր տարածքներ զավթել Հայաստանում»։ Իլհամ Ալիևը շարունակում է տարածքային նոր նկրտումներ ներկայացնել 8 գյուղերի նկատմամբ, բռնազավթված է պահում 200 քառ.կմ տարածք Սյունիքում ու Գեղարքունիքում և այլն: Այսպիսով, զոհաբերելով Արցախը՝ Փաշինյանն անվտանգության առումով ոչինչ չշահեց. միայն կորցրեց և շարունակում է կորցնել:

Զեկույցի «Արտաքին քաղաքականություն» և «Պաշտպանություն» բաժիններում նշված են «անվտանգության համակարգերը», ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման, Սփյուռքի հետ համագործակցության գործընթացները: Անվտանգության մասին արդեն ասվեց, իսկ հայկական Սփյուռքի հետ կապերի ամրապնդման մասին խոսելու բան ըստ էության չկա. այն աստիճան վատ է ամեն ինչ։ Միանգամայն հասկանալի է նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումն անցած տարվա ընթացքում առաջ չի շարժվել ոչ մի քայլ, իրավիճակը նույնիսկ ավելի է սրվել։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ողջ պատմության մեջ ամենաստորին կետում են։

Առանձին անդրադառնանք Եվրամիության հետ հարաբերություններին։ Հայտնի է, որ դեռևս 2021 թվականին ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանում 5 տարի ժամկետով 5 առանցքային ծրագրերի ֆինանսավորմանը՝ 2,6 մլրդ եվրո ընդհանուր արժեքով։ Եվ ահա այսօր, երբ հինգ տարուց երեքն արդեն անցել է, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացնում է, որ Եվրամիությունը Հայաստանում իրականացնում է 550 մլն եվրոյի ծրագրեր, որոնք այս կամ այն փուլում են, այսինքն նույնիսկ ավարտված էլ չեն:

Այդ ծրագրերից կարևորագույնը՝ հայտնի պատճառներով, «Սյունիքի մարզի կայունությանն» ուղղված ընդամենը 50 մլն եվրո արժողությամբ նախագծերի փաթեթն է, որն ըստ որում մեկնարկային փուլում է: Անգամ փոխվարչապետը, նշելով այդ ծիծաղելի թիվը՝ չդիմացավ և ցանկություն հայտնեց, որ «այդ ծրագրերն ավելի ծավալուն լինեն»։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Եվրամիության կողմից Հայաստանի աջակցման ծրագրի ավարտից երկու տարի առաջ դրա համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյից չի տրվել անգամ այն գումարը, որը ստորակետից հետո է (600 մլն եվրոն)։

ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ՝ «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԻ ՄԱՍԻՆ: Վերջին նիստում Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը կատարել է նախընտրական խոստումները տնտեսական աճի մասով՝ ապահովելով տարեկան միջինը 7%: Բավական գեղեցիկ է հնչում, բայց երբ սկսում ես խորամուխ լինել, ներկայացված ձեռքբերումների երփներանգությունը խամրում է։ Դե, նախ՝ վերջին 3 տարիներից ամենացածր և միաժամանակ Հայաստանի ներքին ներուժին առավել մոտ տնտեսական աճը բաժին է ընկել 2021 թվականին։ Իսկ այ ամենաբարձր աճը վերաբերում է 2022-2023 թվականներին, այսինքն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության և դրա արդյունքում Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև սրված դիմակայության ժամանակաշրջանում։

Հենց աշխարհատնտեսական փոխակերպումների շնորհիվ է, որ Հայաստանն արդյունքում հայտնվեց առավել շահեկան վիճակում՝ վերջին երկու տարիներին շահագործելով բառացիորեն երկնքից թափված բարիքները։ Ըստ էության, հայկական տնտեսությունը հայտնվել է զուտ արտաքին գործոնների յուրօրինակ պատանդի վիճակում, իսկ այդ պատճառով լրջորեն մեծացել է նրա խոցելիությունը։ Մի խոսքով, տնտեսության ձեռքբերումների մեջ Փաշինյանի կառավարության գործունեության դերը եթե անգամ զրոյական չէ, ապա առանձնակի տպավորիչ էլ չէ։

Եվ, երկրորդ, ՀՆԱ կառուցվածքում առաջատար դիրք ունի մանրածախ և մեծածախ առևտուրը, այլ ոչ թե տնտեսության իրական հատվածը, որը հուսալի և երկարաժամկետ հիմք է ապահովում երկրի զարգացման համար: Կարծում ենք՝ զեկույցի մյուս բաժիններին անդրադառնալն իմաստ չունի. ասվածը բավական է՝ 2023 թվականին Փաշինյանի կառավարության գործունեությունը ծայրահեղ անբավարար գնահատելու համար։ Անկախ նրանից, թե իրար մեջ ինչ կմրմնջան ՔՊ-ականները խորհրդարանում