Հույս ունենք` Երևանում կգերիշխի քաղաքական կամքը. Պեսկովը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ իշխանությունն անհրաժեշտ քաղաքական վճռականություն կցուցաբերի Ռուսաստանի հետ կապերի հետագա ամրապնդման համար՝ չնայած երկկողմ հարաբերություններում առկա դժվարություններին: Այս մասին նա հայտարարել է «Արգուոմենտի ի ֆակտի» պարերականին տված հարցազրույցում։

«Հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը, և մենք այս բարդ շրջանը հաջողությամբ կանցնենք», - ասել է նա:

Պեսկովը նաև ընդգծել է, որ չնայած երկկողմ հարաբերությունների բարդ փուլին, ՌԴ-ում բնակվող հայերի տնտեսական ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ զգալի է՝ տարեկան կազմելով մի քանի միլիարդ դոլար:

«Այժմ մենք բավական բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում», - կրկնել է Պեսկովն ավելի վաղ ներկայացրած տվյալները։

Անդրադառնալով արտատարածաշրջանային ուժերի կողմից կովկասյան տարածաշրջանի նկատմամբ ուշադրությանը՝ Պեսկովը կարծիք է հայտնել, որ դրանց ներկայությունը պետք է սահմանափակվի, քանի որ չի նպաստում կայունությանն ու բարգավաճմանը:

Sputnik Արմենիա