ՔԿ․ ՀՀ առողջապահության նախարարությունում ու ԲԿ-ներից մեկում խուզարկություններ են

ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ»,– նշեց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` խուզարկությունն իրականացվում է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնում, մասնավորապես տնօրեն Զավեն Քոլոյանի աշխատասենյակում։

«Հրապարակի» տեղեկություններով` «Ուիգմորի» տնօրենը ձերբակալվել է կամ բերման ենթարկվել։ Ըստ պաբերականի` գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հետ։