Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը չի բացառել ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերման սկիզբը Հայաստանից, եթե «Հայաստանի ղեկավարությունը որոշի գործել այս ուղղությամբ և գերադասի արևմտյան երկրների անվտանգության երաշխիքները»։
«Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փորձագետը։
Նա ակնհայտ համարեց, որ Հայաստանը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ ոչ միայն Ռուսաստանից, գուցե ոչ այնքան, որքան հավաքական Արևմուտքից։
«Եթե դա տեղի ունենա, ապա ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում կարող է թվալ անհարկի և նույնիսկ անվտանգության սպառնալիք, ինչպես հայտարարել են Հայաստանի ղեկավարները։
Եթե ռուսական զորքերը դուրս բերվեն Հայաստանից, և Արևմուտքի կողմից տրված երաշխիքները չաշխատեն, դա Ադրբեջանին ազատություն կտա։
Եթե այս երաշխիքները գործեն, եթե ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կարողանան ազդեցություն գործադրել՝ կանխելու նոր պատերազմի վտանգը, ապա Հայաստանի համար վտանգ չի լինի։ Բայց եթե ամեն ինչ սահմանափակվի խոսքերով և բանաձևերով, ապա կարելի է ենթադրել ամենադրամատիկ իրադարձությունների զարգացում»,- հավելել է Կռիլովը։