ՁԵՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ԹՈՒՐՔ- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ, ՄԵՐԸ ՌՈՒՍՆԵՐՆ ԵՆ, ՊՐԾԱ՞ՆՔ․ Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ընդդիմության դաշնակիցների մասին ռեպլիկը։

«Այո, պարոն Ռուբինյան, ձեր դաշնակիցները թուրք- ադրբեջանականներն են, այո, մեր դաշնակիցներն էլ ռուսներն են, պրծա՞նք, սա՞ է ձեր ուզածը»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ իշխանությունը աթոռ պահելու համար կարող է նաև Հայաստանը վերածել «գուբերնիայի»։

Ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում դիմելով ընդդիմությանը ասաց, որ եթե լեգիտիմ սահմանազատում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ու լեգիտիմ դառնա ուժի իրավունքը, «ձեր դաշնակիցները» կրկին չեն կատարի իրենց պարտավորությունները, ու կլինի այն, ինչ եղել է բազմիցս։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր մերժեց օրակարգ ընդգրկել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը։