Կրեմլում ակնկալում են, որ Պուտինն ու Փաշինյանն անկեղծորեն կքննարկեն խնդրահարույց հարցերը

Կրեմլում ակնկալում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն կքննարկեն երկկողմ հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։ Նա կգլխավորի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 8–ին Մոսկվայում: Նույն օրը տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երկկողմ հանդիպումը:

«Վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ինչպես մենք ենք ակնկալում, անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև», - ասել է Ուշակովը լրագրողներին:

Կրեմլում ակնկալում են, որ հանդիպումը կլինի բովանդակալից, ինչը կօգնի շատ հարցերում վերջնական որոշման հանգել։

Նա հիշեցրել է` Փաշինյանն ապրիլին հայտարարել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում, և նշել է, որ վերջին շրջանում նկատելիորեն նվազել են շփումները երկու երկրների ղեկավարների միջև:

«Քննադատություններ են հնչում և՛Ռուսաստանի, և՛ ՀԱՊԿ-ի հասցեին։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ին, ապա գիտեք, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռևս չի հրաժարվելլիարժեք մասնակցությունից։ Բացի այդ, նրանք չեն մասնակցում զորավարժություններին և պատրաստվում են ձեռնպահ մնալ ՀԱՊԿ–ի ֆինանսավորումից։ Զուգահեռ Հայաստանում ցուցադրաբար զարգանում է երկխոսությունը Արևմուտքի հետ, այդ թվում` դիտարկվում են Եվրամիությանը միանալու տարբեր տարբերակներ, ակտիվանում են ՆԱՏՕ–ի գծով կապերը։ Այսինքն՝ հիմա շատ հարցեր են կուտակվել, որոնք քննարկում են պահանջում հենց առաջնորդների միջև»,– ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, որը նախատեսված է վաղը։

Sputnik Արմենիա