ԵԽ-ի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ Եվրահանձնաժողովի փոխնախագահ և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին կոչ են արել կասեցնել Վրաստանի՝ որպես ԵՄ թեկնածուի կարգավիճակը, հաղորդում է SOVA նախագիծը։
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում դուրս են եկել թույլատրվածի սահմաններից։
«Այս պահվածքն էլ ավելի է մեծացրել լարվածությունը և բևեռացումը վրացական քաղաքականության և հասարակության մեջ», - ընդգծել են Եվրախորհրդարանի պատգամավորները:
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ այս գործողությունները հակասում են Եվրահանձնաժողովի 9 քայլերին, որոնք ամրագրված են թեկնածուի կարգավիճակ ստանալու համատեքստում, և որ այս զարգացումները այլևս չեն կարող անտեսվել։
«Մենք ձեզ կոչ ենք անում հաստատակամ դիրքորոշում ունենալ և համապատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք հստակ ազդանշան կուղարկեն Վրաստանի կառավարությանը։ Վրաստանի կառավարության և առաջատար «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին։ Ըստ այդմ, Վրաստանի թեկնածուի կարգավիճակը պետք է դադարեցվի՝ առանց անդամակցության հետագա առաջընթացի»,- ասվում է խորհրդարանականների հայտարարության մեջ։
Երկրորդ՝ պատգամավորները կարծում են, որ անհրաժեշտ է վերանայել Եվրամիության կողմից Վրաստանի պետական բյուջեի և կառավարության ծրագրերի ֆինանսավորումը։
Խորհրդարանականները նաև ցանկանում են, որ անհապաղ իրականացվի Վրաստանի առաջընթացի միջանկյալ գնահատականը Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականում նշված ինը քայլերի իրականացման հարցում:
Հայտարարության հեղինակներն են Ռասա Յուկնևիչիենեն, Անդրիուս Կուբիլիուսը, Միրիամ Լեքսմանը և Եվրախորհրդարանի ևս 28 պատգամավորներ։
Վերջերս Եվրահանձնաժողովի ընդլայնման տնօրինության գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը նախազգուշացրեց Վրաստանի կառավարությանը, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծն անընդունելի է և խոչընդոտ կդառնա երկրի՝ ԵՄ-ին միանալու հույսերի համար, սակայն, իրավիճակը փոխելու համար դեռ ժամանակ կա։
Թբիլիսիում անվտանգության ուժերի կողմից բռնություն գործադրելուց հետո, «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ կազմակերպված հանրահավաքում Եվրախորհրդարանը կոչ արեց Վրաստանը զրկել ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակից:
News.am