Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանը մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային վիրավորման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

39-ամյա պայմանագրային զինծառայողի մահվան մասին երեկ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՔԿ–ն նշում է, որ դին հայտնաբերվել է մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

«Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն»,– ասված է հաղորդագրությունում։

Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողն ինքնասպան է եղել։ Ըստ լրատվամիջոցի` այդ քայլին գնալու պատճառը նրա սոցիալական վիճակն է եղել։ Իրավապահ համակարգում առկա լուրերի համաձայն՝ Ավալյանը շատ պարտքեր է ունեցել։ Նա ամուսնացած էր, ուներ երեխաներ։

Sputnik Արմենիա