ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՊԱՀԱՊԱՆ ՀԻԴՐՈՀՐԵՇՏԱԿԸ»

Լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, Արցախի նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանի «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» մենագրությունը։

Գրքի վեց գլուխներում ներկայացված են գլոբալ հիդրոքաղաքականության հարցերը միջազգային հարաբերություններում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համառոտ պատմությունը և ջրի խնդիրը դրա արեալում, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։ Ծավալով համեմատաբար ոչ մեծ հետազոտությունը (150 էջ) բովանդակում է մեծ քանակությամբ հետաքրքիր տեղեկատվություն մոլորակի ջրային ռեսուրսների աճող դերի և երկրների հարաբերություններում դրանց նշանակության մասին։

Ջրի համար պայքարը անհիշելի ժամանակներից ի վեր անդրադարձել է ցեղերի և պետությունների հարաբերությունների վրա։ Իսկ XXI դարում է՛լ ավելի է սրվել բնակչության աճի, էկոլոգիական խնդիրների և գլոբալ ջերմացման պատճառով։ Հեղինակի հիշատակած բախումների շարքից առանձնացնենք միայն մեկը, կապված Տիգրիս ու Եփրատ գետերի օգտագործման վերաբերյալ Թուրքիայի ծրագրերի հետ։ Դամասկոսն այդ կապակցությամբ հայտարարում է, որ նշյալ գետերի վրա Թուրքիայի կողմից հիդրոնախագծերի իրականացումից հետո Սիրիան 2025 թվականին կստանա 16%-ը ջրի այն ծավալից, որ ստանում է հիմա, իսկ Իրաքը՝ 27%-ը։ Այս մեղադրանքներին Թուրքիայի նախկին նախագահ Ս.Դեմիրելը դեռևս 1992 թվականի հունիսին արձագանքեց այսպես. «Չէ՞ որ մենք չենք ասում, թե պիտի բաժին ունենանք իրենց նավթային պաշարներից։ Եվ նրանք էլ չեն կարող բաժին պահանջել մեր ջրային պաշարներից։ Դա ինքնիշխանության հարց է։ Մենք իրավունք ունենք անել՝ ինչ ցանկանանք»։

Առանձին գլխում ներկայացնելով Արցախի ջրային ռեսուրսները (գետեր, լճեր, ջրամբարներ), Դ.Բաբայանը վերլուծում է ԼՂԻՄ-ում Ադրբեջանի հիդրոքաղաքականությունը 1921-1988 թվականներին։ Այդ ուղղությունը Ստեփանակերտի հանդեպ Բաքվի ընդհանուր քաղաքականության ևս մեկ ճնշիչ օղակն էր։ Հիմնական հրամայականը (ինչպես նշում է հեղինակը) Լեռնային Ղարաբաղի տնտեսական և սոցիալական աճին ամեն կերպ խոչընդոտելն էր՝ հայ բնակչության արտահոսքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ Միաժամանակ ԼՂԻՄ-ի ջրային ռեսուրսներն առավելագույնս օգտագործվում էին բուն Ադրբեջանի պահանջները բավարարելու համար։

'ГИДРОАНГЕЛ-ХРАНИТЕЛЬ' АРЦАХА И АРМЕНИИ

Գրքում ներկայացված բազմաթիվ փաստերը, ընդարձակ վիճակագրությունը համոզիչ կերպով վկայում են Բաքվի նպատակաուղղված ջանքերի պտուղների մասին։ Այսպես, 1980-ականների վերջի դրությամբ ԼՂԻՄ-ի գյուղատնտեսական տարածքների 218 հազար հեկտարից միայն 26,2 հազարն էր (12%) ոռոգվում։ Մինչդեռ առկա ֆոնդերը թույլ էին տալիս ոռոգվող տարածքների մակերեսը հասցնել մինչև 100 հազար հեկտարի։

Ունենալով ջրային հարուստ աղբյուրներ, մարզը ոռոգման ջրի քրոնիկական պակաս ուներ, մինչդեռ հարակից ադրբեջանական շրջաններում (Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ և այլն) իրավիճակը շատ ավելի լավ էր։ Սարսանգի ջրամբարը (խոշորագույնը Արցախում) ոռոգում էր 128 հազար հեկտար, որից 110 հազարը՝ ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս։ Իսկ Սարսանգի ջրով սեփական գյուղատնտեսական տարածքները ոռոգելու համար ջրանցքների կառուցման հասնելու մարզային ղեկավարության փորձերը կասեցվում էին Բաքվի իշխանությունների կողմից։ Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ հացահատկի, պտուղ-բանջարեղենի բերքի վրա։

Ծայրաստիճան սրված էր խմելու ջրի խնդիրը Ստեփանակերտում, հատկապես ամռանը։ Բայց իրավիճակը բարելավելու ոչ մի փորձ չէր ձեռնարկվում։ Այդ և այլ պատճառներով հայ բնակչությունը դուրս էր մղվում մարզից, մինչդեռ ադրբեջանականն ավելանում էր։ 1921-1988 թթ. ժամանակահատվածում ԼՂԻՄ-ում հայտնվեց ադրբեջանական 36 նոր գյուղ։ Ըստ որում դրանք այնպես էին տեղադրված, որ շրջկենտրոնները կապող մարզային բոլոր կարևոր մայրուղիներն անցնում էին կա՛մ սահմանակից ադրբեջանական շրջաններով, կա՛մ Ղարաբաղի ներսում գտնվող ադրբեջանական գյուղերով։

Նոր գյուղերը հիմնվում էին գետերի կամ դրանց վտակների ակունքների մոտ՝ ջրային ռեսուրսները վերահսկելու համար։ Ջուրը հսկող ահա այդպիսի վիշապներ, և դրա հետ հարկ էր լինում հաշվի նստել։ Ադրբեջանի ժողովրդագրական ագրեսիան ակներևաբար ցույց է տալիս Խոջալու գյուղը։ 1926 թվականի մարդահամարի տվյալներով այն լիովին հայկական էր՝ 888 շունչ բնակչությամբ։ 50-ական թվականների վերջին այնտեղ սկսեցին բնակություն հաստատել ադրբեջանցիներ։ Այդպես հայկականի կողքին հայտնվեց ադրբեջանական Խոջալուն։ 1977 թվականին հայկական գյուղն արդեն չի հիշատակվում։ Իսկ 1989-ին դա արդեն զուտ ադրբեջանական բնակավայր էր՝ 1661 շունչ բնակչությամբ։ Համանման ճակատագիր ունեցան մարզի բազմաթիվ այլ հայկական գյուղեր։

Հեղինակի ներկայացրած գրեթե անհայտ, շատերի կողմից մոռացված փաստը վկայում է այն մասին, որ 30-ական թվականներին Ադրբեջանին հաջողվեց ինչ-որ կերպ հօգուտ իրեն փոփոխել Հայաստանի հետ սահմանները Քելբաջարի շրջանում, իր կազմում ներառելով Մեծ և Փոքր Ալ լճերի շրջակա տարածքները։ Արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն ստացավ Արփա և Որոտան գետերի ակունքների նկատմամբ։ Մի՞թե արքայական նվեր չէր հայ կոմունիստների կողմից՝ պրոլետարական ինտերնացիոնալիզմի հողի վրա։

Пресс-секретарь президента Арцаха Давид Бабаян

Դ.Բաբայանն անդրադառնում է նաև Ադրբեջանի անցկացրած հիդրոահաբեկչության քաղաքականությանը։ Այսպես, 70-ական թվականների կեսին ԼՂԻՄ-ի բնակչությունը չգիտես ինչու սկսեց առաջին տեղը զբաղեցնել օնկոլոգիական հիվանդությունների քանակով, և տոկոսը 80-ականներին աճում էր։ Հեղինակը դա կապակցում է խմելու ջրի հետ, որին քիմիական նյութեր էին ավելացվում։ Քաղցկեղով հիվանդների ամենամեծ թիվը Ստեփանակերտում էր։ Ջուրն այնտեղ էր մատակարարվում Ղայբալու գետից (հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Շուշիի շրջան), ջրի վիճակի հսկողությունը նույնպես իրականացնում էին ադրբեջանցի միլիցիոներները։ Ցուցանշական է, որ Շուշիի շրջանը ԼՂԻՄ-ում վերջին տեղում էր օնկոլոգիական հիվանդությունների քանակով։ Իսկ հանրահայտ փաստը, որ 1991 թվականին ադրբեջանցիները անչափ թունավոր կրեոլին քիմիկատ լցրեցին Ստեփանակերտը ջրով մատակարարող գետերից մեկը, ապացուցում է նման տեսակետի համոզչությունը։ Այն ժամանակ տասնյակ մարդիկ հոսպիտալացվեցին, կոտորվեցին բազմաթիվ ընտանի կենդանիներ։

Մենագրությունում դիտարկվում է Արցախի ջրային ռեսուրսների այսօրվա վիճակը, հիդրոէներգետիկայի զարգացման հեռանկարները, ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունը Իրանի, ինչպես նաև Ադրբեջանի հետ, եթե վերջինս հրաժարվի իր ագրեսիվ մտադրություններից։

 Ամփոփելով թեման, Դավիթ Բաբայանը որպես պարտադիր պայման ընդգծում է, որ հակամարտությունը կարգավորելիս Արցախն ու Հայաստանը պետք է առաջին հերթին ապահովեն Ղարաբաղի էկոլոգիական անվտանգությունը և խուսափեն այդ հարցում Հայաստանին սպառնացող իրական վտանգից։

Տվյալ ենթատեքստում բացառիկ նշանակություն ունեն Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները։ Առանց դրանց Արցախը չի կարողանա ապահովել բնակչության անվտանգությունն ու պահպանել պետականությունը, իսկ Հայաստանը կարող է կորցնել իր գլխավոր ջրային հարստությունը՝ Սևանա լիճը, որը սնվում է Քարվաճառի շրջանից սկիզբ առնող Արփա և Որոտան գետերի ջրերով։ Այդ յուրօրինակ «պահապան հիդրոհրեշտակի» մասին հայ քաղաքական գործիչները ոչ մի դեպքում չպետք է մոռանան։

Основная тема:
Теги: