ՔԱՆԻ՞ ՏԱՐՈՎ ՊԵՏՔ Է ՀԵՏ ԳՆԱԼ՝ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Լուրջ մտավախություններ կան, որ չհաշվարկված և մինչև վերջ չգնահատված գործընթաց նախաձեռնելու արդյունքում մենք կարող ենք հայտնվել փակուղում՝ սերունդների բախման հանգեցնող հեռանկարով, «ԳԱ»-ին հայտարարեց Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անցումային արդարադատության և, մասնավորապես, դրա գործիքներից մեկի մասին, այն է՝ անօրինականորեն ձեռք բերված ունեցվածքի բռնագրավում, առանց դատական մեղադրական եզրակացության։
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ կառավարությունը քննարկում է անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքն առանց դատական մեղադրական եզրակացության բռնագանձելու մեխանիզմի կիրառումը։ «Կա հարց երկրից և ժողովրդից գողացված գումարների վերադարձի հետ կապված, և հիմա կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց մենք հիմնավորում ունենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է որպես նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում, այսինքն սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում»,- ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքերով, դա անցումային արդարադատություն բաղադրիչներից մեկն է։ «Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, գործում է կոպիտ ասած մեղավորության կանխավարկածը: Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, ապա այդ գույքի ձեռքբերումը համարվում է ապօրինի,-ասաց Փաշինյանը և ավելացրեց,- պետական կառավարման համակարգում այս խնդրի հետ կապված դիմադրություններ են առաջանում, որ այս գործն առաջ չգնա, բայց այն իրագործվելու է»։
-Միջազգային պրակտիկայում, իհարկե, կան նախադեպեր։ Բայց Հայաստանի պարագայում ես նման հնարավորությանը վերաբերվում եմ որոշակի հոռետեսությամբ։ Քանզի նախընտրական շրջանում հնչեցին խոստումներ, թե գողացված յուրաքանչյուր կոպեկը պետք է վերադարձվի պետությանն ու ժողովրդին։ Վերադարձնելու մեխանիզմներ ես, գոնե այս պահին, չեմ տեսնում,- ասում է Արթուր Ղազինյանը։- Քանի որ խոսքը եկամուտների, կապիտալի մասին է, որոնք 25 տարվա ընթացքում ձեռք են բերվել օրինական կամ անօրինական ճանապարհով։ Այդ կապիտալի մի մասը ներդվել է տնտեսության մեջ, մյուսը՝ դուրս բերվել Հայաստանից և գտնվում է տարբեր օֆշորային հաշվեհամարների վրա կամ վենչուրային ֆոնդերում, տրաստներում, որոնք բավականին պաշտպանված են և առանձնապես տեղեկատվություն չեն տրամադրում իրենց շահառուների կամ սեփականատերերի մասին։ Այդ առումով իշխանութունը լուրջ խնդիր կունենա, իսկ ստացված շահաբաժիններն ու դրա արդյունքում պատճառված վնասը կարող են բավական անզուգաչափ լինել։
Այլ կերպ ասած, օրինականություն հաստատելու համար պետք է դեռ հասկանալ ու որոշել, թե քանի տարով մենք պետք հետ դառնանք. 5, 10, 20, թե 30։ Դա մեզ տանում է մութ սենյակ, որտեղ ինչ-որ բան գտնելու ամենացածր հավանականությամբ մենք պիտի փորձենք դա անել։ Բայց որոնումների ընթացքում բաց կթողնենք ապագայի հնարավորությունը, առաջընթաց շարժման հնարավորությունը։
Այդ առումով կառավարութունը, կարծում եմ, պետք է լրջորեն վերլուծի իրավիճակը և հասկանա, թե հնարավո՞ր է արդյոք բախման բերելով սերունդներին ու խախտելով իշխանության շարունակականության և փոխանցելիության սկզբունքը, փաստացի հասնել որևէ իրավիճակի լուծման։ Դա չափազանց բարդ է։ Կա այլ տարբերակ. կառուցողական երկխոսության մեջ մտնել այդ կապիտալի կրող սուբյեկտների հետ և փորձել համոզել նրանց ներդրումներ անել հայկական տնտեսության մեջ, կոնկրետ ոլորտներում և դառնալ գործընկերներ,- ասաց Ղազինյանը։
Թեպետ, մեր զրուցակցի խոսքերով, անցումային արդարադատությունը չի ենթադրում համաձայնության ձեռք բերում։
-Անցումային արդարադատությունը ենթադրում է գործող դատական համակարգի նկատմամբ հասարակական ծարահեղ ցածր վստահության պայմաններում բևեռների հաշտեցում՝ արդարության և օրինականության հաստատման ճանապարհով, նոր ձևավորվող դատական համակարգի հուսալիության և դրա նկատմամբ մարդկանց վստահության բարձրացում։ Չեմ կարծում, թե Հայստանում հիմքեր կան այդ ինստիտուտը կիրառելու համար, որովհետև ոչ մի իրավապաշտպան միջազգային կազմակերպություն չի գնահատել Հայաստանը որպես դիկտատորական ռեժիմ ունեցող երկիր։ ՀՀ-ում չեն գրանցվել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ. խոսքն առանձնապես սեփականության իրավունքի մասին է։ Անցումային արդարադատությունը կիրառելի է այն երկրներում, որտեղ եղել է բռնակալական ռեժիմ, զինվորական խունտա, որտեղ ամենուրեք կոպտորեն խախտվել են քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը։ Անարդարությունն արմատախիլ անելու և նոր արդարություն սահմանելու համար գործի են դրվում փաստորեն այնպիսի մեխանիզմներ, որոնք հակասության մեջ են մտնում երկրի միջազգային պարտավորությունների և սահմանադրության հետ։
Ինչ վերաբերում է անօրինական կերպով ձեռք բերված ունեցվածքի բռնագրավման մեխանիզմն առանց դատարանի մեղադրական եզրակացության Հայաստանում կիրառելուն, ապա Արթուր Ղազինյանը համոզված է, որ դրա պատճառով պետության առջև կարող են ծառանալ մի շարք խնդիրներ։
-Ցանկացած տնտեսություն հիմնված է սեփականության բացառիկ իրավունքի նկատմամբ հարգանքի և դրա պաշտպանության վրա,- ասում է նա։- Եթե պետության մեջ խախտվում է սեփականության իրավունքը, ապա ցանկացած տնտեսավարող սուբյեկտ և հավանական ներդրող կհամարի, որ տվյալ պետությունում լուրջ խնդիրներ կան սեփականության իրավունքի երաշխավորման առումով։ Եվ համարելով, որ երկիրը ռիսկային է ներդրման համար, զերծ կմնա ներդրումային ծրագրերից։ Այդ ծրագիրը ռիսկային է նաև ապագայի համար։ Քանզի դա պետության ոտնձգություն է մասնավոր սեփականության հանդեպ։ Սեփականություն, որը գրանցված է պետության կողմից, դրա տերն ունի վկայական, որով պետությունը ճանաչել է տվյալ ունեցվածքի հանդեպ այդ մարդու սեփականութան իրավունքը։ Ստացվում է, թե նոր իշխանությունը ժխտում է նախորդ պետության գոյությունն ընդհանրապես և ասում, թե դա պետություն չէր, և այս կամ այն ունեցվածքի նկատմամբ նրա կողմից տրված սեփականության վկայականը կեղծվածք է։
Խոսելով նախկին իշխանության եկամուտների աղբյուրների օրինականությունն ուսումնասիրելու մասին, Ղազինյանը նշեց, որ իշխանությանն այստեղ անհրաժեշտ է դրսևորել զգուշություն, որպեսզի չմեղադրվի քաղաքական հետապնդման մեջ։
-Որպես կանոն, նախկին իշխանությունների կուտակած կապիտալի ստուգումն իր մեջ պարունակում է քաղաքական տարր։ Ցանկացած պետություն, որտեղ գտնվում է այդ ունեցվածքը, առանձնապես եվրոպական պետությունները (եթե ՀՀ-ն դիմում է պետությանը այդ ունեցվածքը հայտնաբերելու նպատակով), հանդես է բերում բավական զգուշավոր վերաբերմունք, դրանում տեսնելով քաղաքական հետապնդման տարրեր։ Այնպես որ պետք է գործել չափազանց գրագետ և լուրջ,- գտնում է նա։
-Բայց այստեղ կարևոր է և այլ բան։ Համաձայն մեր սահմանադրության, մարդու մեղավորությունն ապացուցելը պետության խնդիրն է։ Ապացուցման բեռը փաստորեն ընկնում է մեղադրող կողմի վրա։ Մեղադրվող սուբյեկտը ոչ մի պարտավորություն չունի ապացուցելու իր անմեղությունը։ Ստացվում է, որ այդ գործընթացը լուրջ խնդիրներ ունի Հայաստանի սահմանադրության հետ։ Ըստ որում դրանք այն հոդվածներն են, որոնք ենթակա չեն փոփոխության։ Այդ առումով ես մտավախություններ ունեմ, որ ներքաշվելով չկշռադատված և մինչև վերջ չգնահատված գործընթացի մեջ, մենք կարող ենք պարզապես մտնել փակուղի՝ սերունդների բախում առաջացնելու վատ հեռանկարով,- ամփոփեց Արթուր Ղազինյանը։