«Փաստ». Սվիտալսկին. ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացումը դեռևս չի սկսվել
«Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության և զարգացման տեսլականների վերաբերյալ: Սվիտալսկին բավականին զուսպ ու կոռեկտ դիտարկումներ է կատարել:
Դեսպանն իր խոսքում խուսափել է նախկին և գործող իշխանությունների միջև համեմատականներ անցկացնելուց և որակումներ տալուց, ավելին՝ գործող կառավարությանը շատ նուրբ, բայց ուղղակի ակնարկել է, որ նրանք պետք է շատ ավելի լուրջ բարեփոխումների ծրագրեր ունենան: Սվիտալսկին փաստացի հաստատել է այն տեղեկությունը, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրի իրականացումը դեռևս չի մեկնարկել, այսինքն՝ այն, ինչ ասում է, ՀՀ ընդդիմությունը, փաստացի ճիշտ է:
Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցից հետո իշխանական ներկայացուցիչներն ու լրատվականները փորձում էին այցի ամբողջ արդյունավետությունը կառուցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ ժան Կլոդ Յունկերի մի նախադասության վրա, ըստ որի՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը պետք է կարգավորվի, իսկ դրանց վերաբերյալ բանակցություններն սկսելու հետ կապված որևէ խնդիր չկա:
Սվիտալսկին, սակայն, այդ հարցի հետ կապված ասել է, որ դա եղել է Յունկերի անձնական կարծիքը, ոչ թե ԵՄ դիրքորոշումը: Փորձագետների պնդմամբ, փաստացի Սվիտալսկին պայթեցրել է հերթական փուչիկը և զրոյացրել այցի վերաբերյալ հանրությանը մատուցած PR-ի հնարավոր արդյունքները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: