LETTERS FOR PEACE. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՂԸ
Անցած երկուշաբթի Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի Տավուշի մարզի դիրքերը, հաղորդել է Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Իր հերթին, Արցախի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հրապարակել է տագնապալի հաղորդագրություն. արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ։
Ապրիլի 21-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում արցախ-ադրբեջանական հակամարտության ուժերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը մոտ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրազենից հայկական պահակետերի ուղղությամբ արձակվել է մոտ 3700 կրակոց։ Մոտավորապես նույնպիսի ակտիվություն վերջին անգամ գրանցվել է մեկ տարի առաջ, ապրիլի 20-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում. 400 խախտում, 4000 կրակոց։
Մինչ Ադրբեջանի ժողովուրդը, որը, վարչապետ Փաշինյանի հավաստմամբ, «խաղաղասեր է ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը», այդչափ յուրօրինակ (իսկ ըստ էության՝ կանխատեսելիորեն) պատրաստվում է խաղաղության, անուշիկ հայ օրիորդներն ու պատանիները, իրենցից ներկայացնելով ուղեղի հաջող լվացման օրինակ, այսպես կոչված՝ խաղաղության նամակներ են գրում ադրբեջանցիներին, երևակայելով իրենց խաղաղ ապագան նրանց հետ։ Այդ ո՞վ է հղացել այդ միտքը, կհարցնել դուք։ Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը. հենց այն, որը նշված էր «Միասին հնարավոր է» նախագիծն իրականացնող կազմակերպությունների ցանկում, որի շրջանակներում վերջերս Երևանում բացվեց ֆոտոցուցահանդես՝ կոչված ցուցադրելու հայ հասարակայնությանը (միայն հայ, քանզի Բաքվում համանման ցուցահանդես չի բացվել), թե որքան համերաշխ են, ինչպես պարզվում է, միասին ապրում մշակութային ընդհանրությամբ և ավանդույթներով միավորված հայերն ու ադրբեջանցիները։
Այն ժամանակ մենք հարց տվեցինք. ինչո՞ւ է «Միասին հնարավոր է» թեզն այդպիսի նախանձելի, իսկ վերջին ժամանակներս պարզապես կատաղի համառությամբ ու ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով մտցվում միայն հայկական լսարանի գլուխը։ Հարևան երկրից հնչում են միմիայն սպառնալիքներ, ներառյալ լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը, իսկ մյուսում (որին հասցեագրված են այդ սպառնալիքները) կազմակերպվում են միջոցառումներ, որոնք կարող են, «խաղաղաշինարարների» կարծիքով, «սթափեցնող հայացք տալ մեզ հակամարտության մարդկային կողմի վրա, ստիպելով մտորել այն մասին, թե ինչպես են մարդիկ հաղթահարում իրենց տարաձայնությունները, հանրություններ ստեղծելով ընդհանուր արժեքների և երկխոսության միջոցով»։ Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու այդ ի՞նչ միակողմանի ու կաղլիկ ձև է։
Նույն այդ շարքից է Letters For Peace Workshop ծրագիրը որն իրականացվում է Հայաստանում Եվրասիա համագործակցություն նույն այդ տխրահռչակ հիմնադրամի նախաձեռնությամբ։ Հայ երիտասարդությունը նամակներ է հասցեագրում ադրբեջանցիներին, նրանք էլ պատասխանում են։
«Ապրիլյան պատերազմից հետո ես հասկացա, որ տեղի ունեցող ամենի պատճառը կառավարություններն են, և մեր երկու ժողովուրդները չեն ցանկանում թշնամանք ու պատերազմ։ Որպես հայուհի, ես ուզում եմ իմ ավանդը ներդնել հարցի լուծման գործում»,-ասում է արտաքուստ համակրելի աղջիկը, որին կցանկանայինք հարցնել. այդ ինչպե՞ս կարող է հրադադարի գործող ռեժիմը ոտնահարող Ադրբեջանի ուխտադրուժ հարձակումը 2016-ի ապրիլին, ադրբեջանական ելուզակների ռազմական հանցագործություններով, միջազգային հումանիտար իրավունքի օրենքների ու նորմերի կոպիտ խախտումներով ուղեկցվող լայնամասշտաբ ռազմական ագրեսիան մեկնաբանվել, նույնիսկ չասենք հայի, այլ ցանկացած նորմալ մարդու կողմից «երկու ժողովուրդները չեն ցանկանում թշնամանք ու պատերազմ» ոգով։ Թալիշում խաղաղ բնակիչների (տարեցների) հրեշավոր դաժան սպանությունը, երեխաների մահը, մարտադաշտում զոհված հայ զինծառայողի դիակի ծանակումն ադրբեջանցիների կողմից, մարմինների գլխատման փաստերը՝ համացանցում արյունոտ «ավարների» ցուցադրությամբ, և շատ ու շատ այլ բաներ. այդ ի՞նչ աստիճան կուրացած ու խլացած պետք է լինես, որ ժխտես ակնհայտը՝ ձգտելով հաճոյանալ տնաբույծ «խաղաղաշինարարներին»։
Ուրիշ էլ ի՞նչ են ասում ու գրում այդ պատանիներն ու աղջիկները իրենց խնամարկուների թելադրանքով։ «Եթե դու խաղաղություն ես ցանկանում, ապա պետք է առաջին հերթին լսես դիմացինիդ, հասկանաս, թե ինչ է նա ուզում, և փորձես գնալ որոշակի զիջումների…»։ «Մենք պետք է նստենք նույն սեղանի շուրջ, բայց չխոսենք փաստաթղթերի մակարդակով։ Մենք առաջին հերթին պետք է ուշադրության առնենք այդ ժողովրդի (ադրբեջանցիների-Զ.Գ.) զգացմունքները…»։
Հետաքրքիր է, գիտակցո՞ւմ են արդյոք «խաղաղության համար պայքարող» բոլոր այդ պատանի մարտիկները, որ իրենց վարձել են կատարելու հինգերորդ շարասյան դերը կամ այնքան հիմնավորապես լվացել ուղեղը, որ անկեղծորեն հավատում են իրենց ասածին՝ գիտակցության վերաձևման կամ պարզապես տարրական տգիտության, բախման պատմությունը, էությունը չիմանալու պատճառով և այլն։ Թեպետ, եթե նույնիսկ Հայաստանի վարչապետի կինն է հայտարարում, թե նշանակություն չունի բախման ծագումը, իսկ հանուն հայրենիքի, հանուն Արցախի սեփական կյանքը զոհաբերած զինվորները «զոհվել են հանուն ոչնչի», ապա ի՞նչ պահանջես օտարերկրյա գրանտներով կերակրված դեղնակտուցներից։
Ընդ որում արժե ուշադրություն դարձնել ադրբեջանցի երիտասարդության «խաղաղության նամակներին», ավելի ճիշտ՝ նրանց պատասխաններին։ Մի՞թե նրանք նույնպես գրում են, թե պետք է ուշադրության առնել մեր զգացմունքները, պատմական ճշմարտությունը, պատրաստ են գնալ զիջումների, քանի որ վերջին հաշվով պատերազմը չի կարող շարունակվել հավերժ և, միևնույնն է, վիճակված է ապրել կողք-կողքի։
«Անցյալում տեղի ունեցած սխալները թշնամիների վերածեցին մեր ժողովուրդներին,- գրում է ադրբեջանցի պատանին հայ աղջկան՝ ի պատասխան վերջինիս «խաղաղության նամակի»։- Եվ իհարկե, դու մեղավոր չես Ղարաբաղի բռնազավթման և պատերազմի ժամանակ հազարավոր անմեղ ադրբեջանցիների մահվան համար։ Ո՞վ կուզենար, որ նման բան պատահեր։ Եթե դու տեսնեիր Խոջալուում դաժանորեն սպանված երեխաների լուսանկարները, չէիր կարողանա զսպել արցունքներդ և կցանկանայիր, որ հանցագործները պատժվեին…»։ Ահա այսպես։
Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են, և եթե ոմանք պատրանքներ ունեին «խաղաղաշինարարների» այլասերված ու միակողմանի շեշտադրումների և նպատակների վերաբերյալ, ապա դրանք ցրվեցին։ Ճիշտ ինչպեսև պատրանքները սահմանի վրա տիրող անամպ իրավիճակի մասին…