Արմեն Բադալյան․ Հարց է՝ ում վարկանիշն ավելի կբարձրանա

Քանի որ այս պահին ներքաղաքական կյանքում դատարկություն է տիրում, իշխանություն-ԲՀԿ հնարավոր տարաձայնությունների հարցը մեծ ռեզոնանս է առաջացրել։ Եթե «Իմ քայլը» չի նշում Հայաստանի զարգացման վեկտորը և դրական օրակարգ չի ներկայացնում, փորձում է գոնե բացասական օրակարգ առաջ բերել, որպեսզի դրանով կարողանա իր կողմնակիցներին մոբիլիզացնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ուղղված գրությանը, որով վերջինս հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հրապարակային պարզաբանումներ ներկայացնել։

«Այս հարցը բացասական օրակարգի կարևորագույն, ընդգծված օրինակ է։ Եթե մի պահ ընդունենք, որ ԲՀԿ ղեկավարն իսկապես անմիջականորեն բիզնեսով է զբաղվում, և գործը հասնի նրան, որ Գագիկ Ծառուկյանը վայր դնի պատգամավորական մանդատը, ի՞նչ է լինելու հետո։ Հայաստանում ներդրումնե՞րն են շատանալու, երկրի սոցիալ-տնտեսական վիճա՞կն է բարելավվելու։ Դա ոչ մի հարց չի լուծելու։ Այդ մասին առավելագույնը մեկ-երկու շաբաթ գրելու են և վերջ», - ասաց մեր զրուցակիցը։

Արմեն Բադալյանի խոսքով, եթե անգամ Գագիկ Ծառուկյանը վայր դնի մանդատը, քաղաքականությունից դուրս չի գալու, որովհետև շարունակելու է մնալ ԲՀԿ ղեկավար։

«Բայց այստեղ էլ այլ հարց է առաջ գալիս։ Եթե Գագիկ Ծառուկյանը մանդատը դրեց, հարց է՝ ո՞ւմ վարկանիշն ավելի կբարձրանա՝ վարչապետի՞, որը կարողացավ հասնել դրան, թե՞ Գագիկ Ծառուկյանի։ Պետք է միշտ իմանալ՝ իշխանությունների կողմից հալածվող և արդեն իսկ զգալի վարկանիշ ունեցող ուժի վարկանիշն ավելի է բարձրանում», - ասաց քաղտեխնոլոգը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ի դիրքերին, քաղտեխնոլոգի խոսքով՝ դրանք բավական ամուր են։

«Միայն ԲՀԿ-ն է «Իմ քայլի» դեմ այլընտրանք ընկալվում։ «Լուսավոր Հայաստանն» այդպես էլ չկարողացավ բավարարել հասարակության ակնկալիքները և դառնալ իրական այլընտրանք։ Հետևաբար, ԲՀԿ-ի դիրքերն այս պահին ավելի բարձր են, քան՝ ԼՀԿ-ինը։ Միաժամանակ, չմոռանանք, որ ԲՀԿ-ն այն ուժն է, որի հետ բավական ինտենսիվ աշխատում է ռուսական կողմը, մասնավորապես, «Եդինայա Ռոսիան»։ Ստացվում է, որ ԲՀԿ-ին դեղին քարտ ցույց տալը կարող է ընկալվել որպես դեղին քարտի ցուցադրություն Ռուսաստանին, ինչը բացասաբար կընկալվի ռուսական կողմից», - ամփոփեց Արմեն Բադալյանը։

Основная тема:
Теги: