Ջավադյան․ Մարդկանց եկամուտներն աճում են, գնաճը ցածր է

Սպասվում է, որ Հայաստանում 12-ամսյա գնաճը կլինի 3 տոկոսի սահմաններում, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Պաշտոնյայի խոսքով, Հայաստանում գնաճը ցածր է, որի վրա տարբեր գործոններ են ազդել։

«Հենց հիմա ավելի շատ սեզոնային գնանկում կա։ Այս պահին ոչ թե սպառման ծավալներն են նվազել, այլ սպառման ծավալների աճի տեմպը», - նշեց նա։

Հարցին՝ արդյոք աճո՞ւմ են մարդկանց եկամուտները, Ջավադյանը պատասխանեց

«Իհարկե, մարդկանց եկամուտներն աճում են։ Դրա մասին մեր Վիճպետկոմը (ԱՎԾ) հրապարակումներ է արել։ Եվ վարկավորման ծավալների աճերն էլ հենց դրա մասին են խոսում։ Մենք գնահատումներ ենք անում վարկավորման վերաբերյալ և շատ շուտով կհրապարակենք։ Եվ ամենամենակարևորը՝ խարսխվել են ցածր գնաճային սպասումներ։ Ժամանակակից տնտեսագիտության մեջ ամենակարևոր խնդիրը հենց սպասումներն են՝ տնտեսական աճի, գնաճի»,- ավելացրեց նա։

Դիտարկմանը, թե մասնագետների պնդմամբ՝ առանց գնաճի տնտեսությունը չի զարգանա, ԿԲ նախագահն արձագանքեց.

«Էդ ուրիշ գնաճ նկատի ունեն, այդքան գնաճ մենք ունենք։ Բայց բարձր գնաճը սարսափելի հիվանդություն է, որը խոցում է հիմնականում անապահով խավերին։ Եվ բարձր գնաճի դեմ պայքարելը բավական բարդ ջանքեր է պահանջում», տեղեկացնում է Aysor.am։