ՎԵՐՋՆԱԳԻՐ «ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ» ԱՆՈՒՆԻՑ
Հետհեղափոխական Հայաստանում հասարակական-քաղաքական խորապատկերի ամենատարբերիչ գիծը, թերևս, «ողջ ժողովրդի» վկայակոչումն է։ Այն ամենը, ինչ ասվում է, անկախ բովանդակությունից, գործողության վայրից, պատճառից, շարժառիթից, կողմնակիցների թվից և այլն, ասվում է ամբողջ ժողովրդի անունից։
Մերթ վարչապետ Փաշինյանն անձամբ ուղևորվում է Աբովյան և, մասնակցելով երթին, բնակիչներին կոչ անում հաստատել «ժողովրդի իշխանությունը» հունիսի 9-ին նախատեսված քաղաքապետի ընտրություններում, քվեարկելով իշխանության կողմից լոբբինգավորվող քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի օգտին։ Թեև դա անմիջական ճնշում է ընտրողների վրա, և նրանք, ովքեր կորոշեն ընտրություններում աջակցել մեկ ուրիշին, պետք է ենթադրել, նույնպես ժողովրդի ներկայացուցիչներ են և սեփական երկրի քաղաքացիներ։ Մերթ կառավարության ղեկավարի անունից կոչեր են հնչում արգելափակել դատարանները, որպեսզի հաստատվի ժողովրդի իշխանությունը դատական համակարգում, դարձյալ «ողջ ժողովրդի» անունից։ Ընդ որում, թե ինչ է նշանակում «ժողովրդի իշխանություն» հասկացությունը տվյալ համատեքստում, ոչ ոք չգիտի, քանզի դա ինքնին անհեթեթ է։ Մերթ ինչ-որ ակտիվիստներ, որոնք ներկայանում են իբրև հեղափոխության գործի շարունակողներ, հանդես են գալիս որպես ժողովրդական տրիբուններ, չհայհոյելով թերևս միայն ներկայիս իշխանություններին, «Քաղաքացիական պայմանագրին», «Իմ քայլին», այսինքն՝ բոլոր նրանց, ում վարչապետն անվանում է «ժողովրդի իշխանություն»։
Եթե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դեմ մայիսի 25-ին Թատերական հրապարակում կազմակերպված միտինգը հավաքեց չափազանց սակավաթիվ «ողջ ժողովուրդ», ապա հունիսի 4-ին նույն վայրում դրա շարունակությունը դարձավ պարզապես «երեքը նավակում, չհաշված շանը»։ Այնուհետ ամեն ինչ ընթացավ դարձյալ ըստ Ջ.Ջերոմի. «Նրանք սկսեցին զվարթ, ըստ երևույթին՝ մտադրվելով ցույց տալ, թե ինչպես է պետք հավաքել իրերը…»։
«Հավաքել իրերն» ու հեռանալ երկրից ժողովրդի անունից հրամայվեց բոլորին. դատավորներից մինչև Հանրային խորհուրդ՝ իր նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որն ավելի վաղ հանդես էր եկել դատարանների արգելափակման վարչապետի ակցիայի դատապարտումով, մինչև «ադեկվադներ» և այլն։ Մյուս պահանջը՝ անսիջապես ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին, ցմահ բանտարկության անհապաղ դատավճռով։ Ամեն ինչի համար տալով 14 օր ժամանակ։
Ինչպես հայտարարեց ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, հենց նա, որը սպառնում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը քարով ցխել» և որին բռնեցին ու արագ բաց թողեցին (ինչը, ակնհայտորեն, ոգևորեց նրան նորանոր «սխրանքների»), եթե 14 օրվա ընթացքում չկատարվի դատավորների և ամբողջությամբ ու անհատապես ողջ Հանրային խորհրդի հրաժարականի պահանջը, ապա «ողջ ժողովուրդը», լինելով երկրում իրական իշխանություն, կաթվածահար կանի դատարանների աշխատանքը և ընդհանրապես ցույց կտա, թե ինչն ինչոց է։ Ասել է թե՝ եթե չհասցնեն տրված ժամկետում, մեղքն իրենց վիզը։ Իսկ եթե 14 օրվա ընթացքում տեղի ունենա ինչ-որ ֆորս-մաժոր, ապա ակտիվիստները խոստանում են արագացնել իրենց գործողությունները։ Հանրային խորհրդի վերաբերյալ, մասնավորապես ասվեց, որ եթե դա (ՀԽ-ը) չի ընդունում դատարանների արգելափակման ակցիան, ուրեմն չի ընդունում ժողովրդի կամքը։
Ընդ որում, անդրադառնալով հավաքվածների սակավաթվության թեմային, արվեց ուշագրավ հայտարարություն. իբր՝ ներկայիս միտինգը նախորդներից տարբերվում է նրանով, որ հրապարակում կանգնած է ժողովուրդը, որն իսկապես «պայքարել է հեղափոխության համար»։ Ուրեմն երկու տասնյակ մա՞րդ է պայքարել, ինչ է։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար, որը մայիսի 25-ի միտինգի նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել էր «ղալաթ են անում» բառերով,ակտիվիստները պահանջ հնչեցրին այսուհետ չօգտագործել օտար բառեր և երկրի քաղաքացիների հետ խոսել պետական լեզվով, որպիսին հայերենն է։ Իրենք՝ հռետորները ելույթ էին ունենում հայկական ժարգոնի ու ռուսերենի հրեշավոր խառնուրդով…
Հեղափոխական իշխանությունների ջանքերով հասարակությանը բաժանեցին «սևերի» ու «սպիտակների», այդ կերպ «ժողովուրդ» հասկացությունից բացառելով յուրաքանչյուրին, ով հանդգնում է քննադատել իշխանությանը կամ ունենալ այլընտրանքային տեսակետ։ Այժմ տարաձայնություններ և տատանումներ են սկսվել հենց «սպիտակների՞» միջավայրում։ Հնարավոր է։ Մյուս կողմից, մոտիկից զննելիս տպավորություն է ստեղծվում, որ դա բավական լավ բեմադրված ներկայացում է։ Այլապես ինչո՞վ բացատրել իրավապահ մարմինների քնկոտ բարեհոգությունը՝ ի պատասխան վերոնշյալ միտինգի ընթացքում հնչած վերջնագրերի, դատարանները կաթվածահար անելու խոստումների, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հասցեին սպառնալիքների և Բակո Սահակյանի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի մասին հոխորտանքների։ Իշխանությունը չքմեղանում է, իբր՝ դրանք մեր կերպարները չեն, բայց չէ՞ որ դժվար է վիճարկել այն փաստը, որ «կրակից շագանակներ հանողների» դերում նրանք միանգամայն ձեռնտու են իշխանությանը և առաջին հերթին իրեն՝ Փաշինյանին։
Եվ ո՞ւր են անհետացել, մի հարցնող լինի, մեր իրավապաշտպանները։ Ոչ ոք տվյալ դեպքում չհայտարարեց նման ագրեսիվ հռետորաբանության և սպառնալից հայտարարությունների անթույլատրելիության մասին։ Փոխարենը՝ ամբողջ 66 ՀԿ-ներ անմիջապես իրենց կոլեկտիվ վրդովմունքն արտահայտեցին Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության դեմ բողոքի ակցիայի կապակցությամբ, կոչ անելով իրավապահ մարմիններին միջամտել։ Եվ դա այն դեպքում, երբ օրենքի պահապաններն առանց այդ էլ անխորտակելի պատվարի պես շարվել էին «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամի շենքի մուտքի առջև, զրկելով ցուցարարներին ներս մտնելու հնարավորությունից։ Չէ՞ որ վերջիններս «ողջ ժողովուրդ» չեն…