Պեկին. Հայաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի կարևոր գործընկերն է

Մենք միշտ Հայաստանին դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր ԱՊՀ երկրների թվում և կարևոր գործընկեր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում: Պեկինում հայ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Չինաստանի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի խորհրդական Գո Չժիցզյունը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 27 տարի անց այդ հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ։

«Մեր երկրների միջև քաղաքական վստահությունը շատ կարևոր հիմք է երկկողմ հարաբերությունների համար։ Բազմապլանային գործնական համագործակցությունը շարունակաբար խորանում է և երկկողմ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդում», - ասաց Գո Չժիցզյունը:

Միևնույն ժամանակ չինացի պաշտոնյան նշեց, որ դատելով երկկողմ հարաբերությունների զարգացումից՝ առաջիկա 6 ամիսն առավել արգասաբեր կլինի երկկողմ հարաբերությունների համար:

Պարոն Չժիցզյունն ընդգծեց, որ ելնելով ավելի վաղ ստորագրված համաձայնագրերից, կարելի է վստահ ասել, որ Երևանի և Պեկինի միջև համագործակցության ոլորտները բավականին լայն են. «Պետք է ասել, որ մենք շատ բազմաբովանդակ և լայն շահեր ունենք: Անընդհատ ընդլայնվում են երկկողմ առևտրի մասշտաբները, և չինական կողմը երկար տարիներ անընդմեջ մնում է Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը»:

Նա հայտնեց, որ 2018-ին Չինաստանում կայացած առաջին միջազգային էքսպո-շնորհանդեսին, որին մասնակցել են նաև հայկական ընկերությունները, հայկական կոնյակը պոպուլյար էր այցելուների շրջանում:

«Ես ուզում եմ ասել, որ հայկական կոնյակը Հայաստանի փայլուն այցեքարտն է դարձել Չինաստանում։ Մենք հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան ավելացնել կոնյակի մատակարարումները, ինչն էլ ավելի կնպաստի Հայաստանի տնտեսական աճին»,- նշել է Գո Չժիցզյունը։

Չինացի պաշտոնյան ավելացրեց, որ նոյեմբերին Չինաստանում տեղի կունենա երկրորդ միջազգային ցուցահանդեսը, ինչը հայ գործարարներին լավ հնարավորություն կտա բարձրորակ հայկական արտադրանքի մատակարարումը Չինաստան ընդլայնելու համար։

Չինաստանի ԱԳՆ Արևելյան Ասիայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի խորհրդականը ընդգծեց, որ երկու երկրների միջև հաստատվում է ամուր համագործակցություն արտադրական հզորությունների և ներդրումների ոլորտներում, որի վառ օրինակն է «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը, որի կապալառուն չինական ընկերություն է։

Միևնույն ժամանակ, նա հույս հայտնեց, որ այդ նախագծերի իրականացումը կնպաստի Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացմանը։ Նրա խոսքով՝ բացի դրանից երկու երկրների ընկերություններն այժմ ուսումնասիրում են հանքային ռեսուրսների վերամշակման ոլորտում այնպիսի համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, որոնք մի կողմից կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ շրջակա միջավայրի պահպանությանը. «Մենք կարծում ենք, որ կբացվեն երկկողմ համագործակցության մեծ հեռանկարներ թվային տնտեսության և արհեստական ինտելեկտի ոլորտներում։ Չինական կողմը, իր հերթին, հետագայում կխրախուսի չինական ընկերությունների բիզնես նախագծերը Հայաստանում, որպեսզի ձևավորվեն ավելի շատ առաջատար նախագծեր»։

Նրա խոսքով՝ ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են, և համագործակցության մեծ ներուժ կա երկկողմ մշակութային փոխանակման ոլորտում։ Ըստ նրա՝ Երևանի ու Պեկինի համագործակցության զարգացմանը զուգընթաց՝ կրթության, գիտության և տեխնիկայի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում, երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության հայեցակարգն էլ ավելի է ամրապնդվում մեր երկու ժողովուրդների սրտերում, տեղեկացնում է News.am։