Փակ հանդիպում ԱԱԾ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն փակ հանդիպում է ունեցել ԱԱԾ աշխատակազմի հետ։ Փաշինյանի խոսքով, նա մի շարք հարցերի շուրջ որոշել է խոսել ԱԱԾ աշխատակիցների հետ, ուստի խնդրեց հանդիպմանը ներկա լրագրողներին դուրս գալ դահլիճից ու անջատել հեռարձակումը։

Մինչ այդ նա ԱԱԾ-ին է ներկայացրել երեկ կառույցի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին։

«Պետք է արձանագրեմ, որ պարոն Մարտիրոսյանն իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է ԱԱԾ–ում։ Այսինքն` եթե ճիշտ եմ հիշում, դուք որևէ այլ տեղ չեք աշխատել»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարծիք հայտնեց, որ ԱԱԾ–ն կայացած ինստիտուտ է, բայցև կարևորեց կառույցի պրոֆեսիոնալիզմի շարունակական բարձրացումը։

«Ամեն հաջորդ օր մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ, որովհետև սա է առաջընթացի գրավականը»,– ասաց նա։

Էդուար Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին` վստահության համար` հավաստիացնելով, որ ԱԱԾ աշխատակիցներն օժտված են անհրաճեշտ պրոֆեսիոնալիզմով` ապահովելու ՀՀ և Արցախի անվտանգությունը։