Պահանջում են «անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը»

ԱՄՆ կոնգրեսականներ Ջեկի Սփիերը, Ֆրենկ Պալոնեն և Ադամ Շիֆը ԱՄՆ Պետդեպին և ՊՆ-ին ուղղված իրենց նամակում պահանջել են «անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը», Twitter-ի իր էջում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«Մենք խորապես անհանգստացած ենք ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը տրվող օգնության ավելացմամբ և Հայաստանի Հանրապետությանը հավասարաչափ ֆինանսական օգնության ակնհայտ բացակայությամբ»,- ասվում է կոնգրեսականների նամակում։

Նամակի համաձայն, ԱՄՆ-ը զգալիորեն մեծացրել է անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը։ Այսպես, 2018-2019թթ Ադրբեջանը ստացել է ավելի քան 102 մլն դոլար (58,6 մլն դոլար՝ 2018թ և 42,9 մլն դոլար՝ 2019թ)։ Այսպիսով, Ադրբեջանը դառնում է տվյալ ծրագրի շրջանակներում օգնություն ստացող մեծությամբ երրորդ երկիրը, տեղեկացնում է News.am։