Պատրաստ ենք աջակցել Հայաստանով բեռնափոխադրումների մեծացման ջանքերին
Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանով բեռնափոխադրումների մեծացման ջանքերին: Սեպտեմբերի 30-ին «Մեծ Եվրասիան անդրմայրցամաքային տրանսպորտային կապերի զարգացման ենթատեքստում» թեմատիկ նստաշրջանի ժամանակ ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմեդ Էսլամին:
Նրա խոսքով՝ երկաթուղիների խնդրով ինքը նախնական բանակցություններ է վարել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: «Ընկերություններ կան, որոնք ցանկանում են աշխատել Հայաստանում, և մենք պատրաստ ենք նրանց աջակցել: Կարևոր է, որ բեռնափոխադրումների ծավալը մեծանա»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր Իրանը կարևորում է նոր երկաթուղիների միջոցով առևտրային շարժունության մեծացմանը:
Նախարարը նշեց, որ համագործակցության զարգացման համար, այդ թվում՝ ԵՏՄ-ում, անհրաժեշտ է ձգտել առևտրի ազատականացմանը և Իրանում լոգիստիկայի զարգացմանը, որը կընդգրկի 60 քաղաքներ և բնակավայրեր: «Սա կդյուրացնի Հնդկաստանից և Չինաստանից ապրանքների փոխադրումը Ռուսաստան և Եվրոպա: Այսպիսի մոտեցումը հատկապես հետաքրքիր է այն երկրներին, որոնք դեպի ծով ելք չունեն»,- հավելեց Մոհամմեդ Էսլամին, տեղեկացնում է News.am-ը: