ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԿՕԳՆԻ ՄԵԶ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ. ԲՐԵՆԴԱ ՇԱՖԵՐԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐԸ

Դժվար թե կարելի է պատահական համարել օրերս Natural Gas World-ում հայտնված հրապարակումը, որի հեղինակն է ադրբեջանամետ տխրահռչակ լոբբիստուհի և թունդ ռուսատյաց Բրենդա Շաֆերը: «ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի նկատմամբ. հաջորդը բնական գա՞զն է» վերնագրով հոդվածում Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամում (FDD) էներգետիկայի հարցերով ավագ խորհրդական և Ջորջթաունի համալսարանի ադյունկտ-պրոֆեսոր Շաֆերը բավական մեծ ուշադրություն է հատկացնում Հայաստանին:

Ահա թե ինչ է նա գրում, մեջբերում եմ.

«Իրանը սկսել է գազի արտահանումը հարևան Հայաստան 2009 թվականին։ Հայաստանը վճարում է այդ գազի դիմաց՝ էլեկտրաէներգիա արտահանելով Իրան։ Ներկայումս Հայաստանը Իրանից տարեկան մոտ 0,5 մլրդ խորանարդ մետր բնական գազ է ներկրում… Հայաստանն ու Իրանը շահագրգռվածություն են հայտնել, որ օգտագործեն պահուստային ավելի մեծաքանակ հզորություններ և կառուցեն լրացուցիչ խողովակաշարեր։

Իրականում Թեհրանն ու Երևանը կցանկանային, որ Հայաստանը տարանցիկ պետություն լիներ իրանական գազը նոր ուղղություններով արտահանելու համար։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի փետրվարին Իրան կատարած այցի ժամանակ։ Հայաստանի և Իրանի համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանից Վրաստան և այնուհետ դեպի Եվրոպա գազի արտահանման երթուղին։

Հայաստանը հայտարարել է, որ չի հետևելու Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, և Թեհրանն այդ կապակցությամբ հաճախ է ռևերանսներ անում Երևանին: Ինչպես վերջերս նշել է «Թեհրան թայմս» թերթը, Հայաստանը այն երկրներից մեկն է, որը պահպանում և ընդլայնում է Իրանի հետ իր տնտեսական հարաբերությունները՝ անկախ պատժամիջոցների պայմաններից…»։

Շաֆերի կարծիքով, դա անհանդուրժելի է։

«Քանի որ Հայաստանը ապրանքներ է արտահանում՝ որպես վճար Իրանից գազ ներկրելու դիմաց, ապա այդ գործարքները ենթակա են պատժամիջոցների։ Անհասկանալի է, թե ինչու Թրամփի աշխատակազմը պատժամիջոցներ չի կիրառել այդ գործարքների նկատմամբ», - հայտարարում է այդ տիկինը, որի վարձվածությունը արդեն տարիներ շարունակ բազմիցս դարձել է քննադատության թիրախ, առաջին հերթին՝ ամերիկյան ԶԼՄ-ների կողմից, ինչն այնուամենայնիվ չի խանգարում նրան շարունակել ակտիվորեն տքնել ադրբեջանամետ լոբբիի հողի վրա։

Շաֆերի կարծիքով, Իրանից գազ ներկրող բոլոր երեք պետությունները (Թուրքիա, Իրաք և Հայաստան) ունեն իրանական գազի փոխարեն այլ մատակարարումների կամ վառելիքի տարբեր աղբյուրներից էներգիա արտադրելու տարբերակներ:

«Հայաստանը կարող է դադարեցնել Իրանից գազի ներկրումն առանց լուրջ հետևանքների։ Երկիրն օգտագործում է իրանական գազը ջերմություն արտադրելու համար, սակայն այդ ջերմությունը կարող է արտադրվել էլեկտրաէներգիայի հաշվին, որը Հայաստանը ներկայումս արտահանում է Իրան: Լրացուցիչ էլեկտրաէներգիա կարելի էր ստանալ՝ կառուցելով էժան ածխային էլեկտրակայան։ Իրանին էլեկտրաէներգիա մատակարարելու դադարեցումը լրացուցիչ օգուտ կտար։ Ներկայումս այդ արտահանումը կախված է Մեծամորի ատոմակայանից, որը վտանգ է ներկայացնում ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար... ԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի մեկ քառորդը արտահանվում է Իրան՝ բնական գազի դիմաց։ Իրանին էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը Երևանին թույլ կտար փակել ատոմակայանը, ինչը կվերացներ սպառնալիքը Հայաստանի ու նրա հարևանների համար», - հայտարարում է Շաֆերը, եզրահանգում անելով, թե իբր՝ Վաշինգտոնը մինչ այժմ չի օգտագործել իր տրամադրության տակ եղած պատժամիջոցային բոլոր գործիքները՝ Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար: Մինչդեռ ժամանակն է դա անել։ Շաֆերի խոսքերով, ԱՄՆ-ը պետք է խրախուսի Թուրքիային, Հայաստանին և Իրաքին՝ դադարեցնելու իրանական բնական գազի ներկրումը։

Մի՞թե պատահական է, որ «ընդհատակյա լոբբինգի ռահվիրայի» (ինչպես ժամանակին բնորոշել է նրան «ԳԱ»-ն) այս ընդարձակ օպուսը տեղեկատվական տարածք նետվեց հենց այս օրերին, երբ «կորոնավիրուսային աշխարհաքաղաքականության» ալիքի վրա ռեկորդային տեմպերով ակտիվանում են թաքնված զսպանակները, որոնք շարժման մեջ են դնում հիբրիդային պատերազմների մեխանիզմները։ Դրանց գործակալներն այսօր հանդես են գալիս միանգամայն անթաքույց։

Բրենդա Շաֆերի մասին «ԳԱ»-ն դեռևս 6 տարի առաջ գրել է հետևյալը.

«Հայֆայի համալսարանի քաղաքագիտության այդ պրոֆեսորի անունը հաճախ է հայտնվում տարածաշրջանային մամուլում։ Բրենդա Շաֆերը ամերիկյան և իսրայելական գիտնական է, քաղաքական գիտությունների ամերիկյան ասոցիացիայի անդամ, մոտ մեկուկես տասնյակ տարի զբաղվում է Մերձավոր Արևելքի հակամարտությունների ուսումնասիրությամբ և կանոնավորապես հանդես գալիս ամերիկյան պարբերականներում այդ թեմային առնչվող վերլուծական հոդվածներով: Սակայն որոշակի ժամանակից ի վեր նրա հրապարակումներում գնալով ավելի նկատելի է ուրվագծվել պատվիրված խորապատկերը. տիկին Շաֆֆերը երբեմն քողարկված, իսկ ավելի հաճախ բացահայտորեն գովազդել է Ադրբեջանը՝ որպես Արևմուտքի հիմնական գործընկեր ու առանցքային դերակատար Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտում։ Չսահմանափակվելով զուտ էներգետիկ հարցերով, նա չի խորշել նաև բռնապետական ռեժիմի պաշտպանությունից, հայտարարելով, թե իբր՝ Ադրբեջանի ժողովուրդը վստահում է Ալիևին, քանի որ «նա խաղաղություն, կայունություն և տնտեսական զարգացում է բերել»։

Այս ամենը կարող էր և նշանակություն չունենալ. Բաքվի այդօրինակ լոբբիստներն այսօր շնից շատ են, ընդ որում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ռուսաստանում, Եվրոպայում, Իսրայելում, ամենուրեք, ուր տարածում է իր շոշափուկները խավիարային դիվանագիտությունը՝ նավթադոլարների սիրահարների որոնումներով։ Խնդիրն այն է, որ տիկին Շաֆերը, հրապարակելով իր հետազոտությունները, մոռանում էր նշել, որ սերտորեն կապված է Ադրբեջանի հետ, այն է՝  դասավանդում է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, իսկ գլխավորը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (ԱՀՊՆԸ) նախագահ Ռովնագ Աբդուլլաևի «ռազմավարական հարցերով» խորհրդականն է: Այս «մոռացկոտությունը» թանկ նստեց պրոֆեսորի վրա. դատելով ամերիկյան մի շարք հեղինակավոր պարբերականների վերջին հրապարակումներից, Ադրբեջանի և նրա իշխող կլանի շահերի լոբբինգավորման գծով Բրենդա Շաֆերի առաքելությունը լիովին ձախողվել է, իսկ նրա հեղինակությունը՝ որպես պրոֆեսիոնալի ու ազնիվ գիտնականի, սաստիկ արատավորվել…

Մինչդեռ նույն այդ արատավորվածությունն այսօր չի խանգարում Շաֆերին հեղինակավոր տեղեկատվական հարթակից ուղիղ տեքստով խոսել Հայաստանի համար կործանարար սցենարների մասին՝ դրանք իրականացնելու կոչ անելով ԱՄՆղեկավարությանը։ Բոլորովին չանհանգստանալով, թե ինչպես կընկալվեն այդ կոչերն ու երկու երկրների գործերին միջամտությունը Հայաստանի կողմից, չենք խոսում արդեն Իրանի մասին։

«Հրաժարվել իրանական գազի ներկրումից, հրաժարվել էլեկտրաէներգիայի արտահանումից Իրան, հրաժարվել ատոմակայանիցհանուն հարևանների անվտանգությա՛ն»).  դա՞ են մեզ առաջարկում, - մեկնաբանեց իրավիճակը ենթակառուցվածքային նախագծերի մասնագետ Արտակ Վարդանյանը։ - Ընդ որում, գուցե մեզ թույլ տան ածխային ՋԷԿ կառուցել (ըստ երևույթին՝ այն նկատառումով, որ հաջորդ քայլը լինելու է նաև ռուսական գազի ներկրումը նվազեցնելու պահանջը)։ Իսկ քանի որ Հայաստանում չկա կոքսացված ածուխ, ապա ակնհայտ է, որ մեզ կառաջարկեն գնել դա Թուրքիայից։ Սա կոչվում է «Արևմուտքը մեզ կօգնի... ինքնասպան լինել»։ Իսկ հիմա եկեք հիշենք նաև մեկ ամիս առաջ մեր «թավշե» կառավարության «անհասկանալի» և անտրամաբանական հրաժարումը ռուսական վարկից՝ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման   ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու նպատակով իրականացվող արդիականացման աշխատանքներն ավարտելու համար։ Ամեն ինչ շատ գեղեցիկ շարվում է ռազմավարական մեկ ընդհանուր գծի վրա, այնպես չէ՞»։

Դե, այո, ավելի «գեղեցիկ» չի լինում…