ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ

«Նման իշխանության առկայությամբ արժանապատիվ ընդդիմություն չունենալը պարզապես անմտություն է»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

-Պարոն Զաքարյան, խնդրում եմ մեկնաբանեք թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունները, որոնք չեն կարող հարցեր չառաջացնել, հատկապես հուլիսի 12-13-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանության, տարածաշրջանում տիրող իրավիճակի և տարածաշրջանային հնարավոր զարգացումների համատեքստում:

-Միանշանակ է, որ բոլոր գործընթացները պետք է դիտարկել տարածաշրջանային մակարդակով։ Սա պայքար է տարածաշրջանի, տարածաշրջանում նոր վերադասավորումների համար։ Այդ առումով Ադրբեջանն, իհարկե, ընկել է թուրքական ծուղակը, ինչի համար ստիպված է լինելու հատուցել։ Կարող եմ վստահաբար ասել, որ տեսանելի ապագայում, մասնավորապես, սաստիկ կտուժեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Հաշվի առնելով տարածաշրջանում այսօր ընթացող զարգացումները՝ մենք պետք է ծայրաստիճան ուշադիր լինենք, ակնդետ հետևենք տեղի ունեցող գործընթացներին, որոնց մեջ, կարծում եմ, հետագայում կկարողանանք տեսնել նաև ՆԱՏՕ-ի հետքը։

Որոշակի չափով խոսքը Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի շահերի բախման մասին է։ Եվ այստեղ անչափ կարևոր է Հայաստանի անսասան ու հստակ արտահայտված դիրքորոշումը։ Սա՝ ինչ վերաբերում է քաղաքականությանը։ Իսկ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական առումով թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունները չեն կարող մեզ չանհանգստացնել։ Այստեղ կարևոր է նշել. բնավ պատահական չէ, որ ռուսաստանյան ղեկավարության կողմից հայտարարվեց Հարավային ռազմական օկրուգի զորքերի անսպասելի ստուգում, որում ընդգրկված է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան։ Իրականում դա նաև զգուշացում է Թուրքիային և Ադրբեջանին. ցանկացած անզգույշ, սխալ շարժում Հայաստանի և Ռուսաստանի դեմ կարձանագրվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մեկ բան կարելի է ասել ամենայն վստահությամբ. տարածաշրջանում տեղի են ունենում, կրկնեմ, լուրջ, գլոբալ գործընթացներ, որոնք մեր իշխանությունները, վստահ չեմ, թե հասկանում են։ Իսկ եթե անգամ հասկանում են, ապա անլուրջ են վերաբերվում դրանց։ Մինչդեռ անհրաժեշտ է ծայրաստիճան զգոն լինել՝ թույլ չտալով նոր բախումներ սահմանի վրա. թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։

-Ի՞նչ է նշանակում՝ զգոն լինել, ինչո՞վ դա պետք է արտահայտվի:

-Հայաստանը պետք է մշտապես հրավիրի միջազգային հանրության ուշադրությունը թուրք-ադրբեջանական տանդեմի, ինչպես նաև այդ տանդեմի ագրեսիվ նկրտումների և ռազմական գործողությունների վրա։ Եվ մենք չպետք է մոռանանք Նախիջևանի գործոնի մասին, որտեղ հատվում են արդեն և՛ ռուս-իրանական, և՛ թուրք-ադրբեջանական շահերը։ Նախիջևանը կարևոր ռազմավարական գիծ է տարածաշրջանային շահերի տեսանկյունից, իսկ մեզ համար՝ մեր ընդհանուր պաշտպանական համակարգի համատեքստում։ Եթե Նախիջևանը մնա Թուրքիայի ռազմական ազդեցության տակ, դա կնշանակի, որ մենք նոր լուրջ խնդիրների ենք բախվել ինչպես մեր երկրի պաշտպանունակության, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանում պաշտպանության և անվտանգության համակարգերի առումով։ Հասկանալի է, որ Թուրքիան պատերազմ չի սկսի Հայաստանի դեմ, բայց այն կանգնած է և ամուր կանգնած կմնա Ադրբեջանի թիկունքում. սա կասկածից վեր է։ Ընդ որում Թուրքիայում, պետք է ենթադրել, ուշադիր հետևում են մեր ներքաղաքական գործընթացներին և շատ լավ տեղյակ են, թե որքան անհամարժեք են մեր իշխանությունները։ Ուստի ամեն ինչ կարող է պատահել, մենք պետք է համախմբենք քաղաքական ուժերը, գիտակցենք, թե ինչ կարող է տեղի ունենալ վաղը-մյուս օրը։ Իսկ մեզ մոտ այստեղ ինչ-որ անհասկանալի «մանկական ցերեկույթներ» են։

-Հայ-ռուսական հարաբերությունների թեման, ըստ էության, երբեք Հայաստանում չի մարել, բայց վերջին շրջանում իսկապես շատ են շահարկումները, սադրիչ հայտարարությունները, թե իբր՝ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, դուրս բերել 102-րդ ռուսական ռազմաբազան և այլն։

-Ակունքները պետք է փնտրել և՛ դրսում, և՛ ներսում: Գաղտնիք չէ, որ «թավշե» իշխանությանը միացել են հասարակական կազմակերպություններ ու կառույցներ, որոնք տարիներ շարունակ մաքառել են ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների, ընդդեմ հայ-ռուսական ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցության վրա հիմնված հզոր պաշտպանական համակարգի։ Եվ այդ առումով դժվար չէ կռահել, թե որտեղից են աճում ոտքերը։ Վախենամ, որ այն իշխանության պարագայում, որ մենք ունենք այսօր, հայ-ռուսական հարաբերությունների բարվոք պատկեր չի ուրվագծվում։ Դրա համար, ավաղ, ոչ մի հիմք չկա։ Հակառակը, մենք ականատես ենք սառեցման, իսկ ջերմացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե մեր իշխանությունները կտրուկ փոխեն իրենց դիրքորոշումն ու ջանան հանուն երկրի, այլ ոչ թե ինչ-որ մեկի անհասկանալի շահերի։ Կամ էլ տեղի ունենա իշխանափոխություն։

-Դուք ասում եք, որ ականատես ենք սառեցման: Ո՞ր հատկանիշներով:

-Բոլոր։ Ե՛վ ռազմաքաղաքական առումով, և՛ տնտեսական համագործակցության, և՛ հումանիտար, սոցիալական տեսանկյունից, և՛ արտաքին քաղաքականության ոլորտում, և՛ դատելով այն հայտարարություններից, որոնց մասին լսում ու կարդում ենք ռուսական ԶԼՄ-ներում, և այլն: Նրանց համար, ովքեր հասկանում են քաղաքականության նրբությունները, դժվար չէ տեսնել ակնհայտը։ Նույնը տեղի է ունենում, ի դեպ, Հայաստանում։ Այսօրվա դրությամբ պատասխանատու ղեկավար պաշտոններ են զբաղեցրել նրանք, ովքեր մինչ այդ զբաղվել են հակառուսական քարոզչությամբ։ Լուրջ երկրները, քաղաքական լուրջ շրջանակները չեն հասկանում և չեն կարող հասկանալ քաղաքական այն գործիչներին, որոնք մինչև իշխանության գալը ունեցել են այլ դիրքորոշումներ, իսկ իշխանության գալուց հետո՝ փոխել դրանք 180 աստիճանով։ Ինչպե՞ս կարող է իրեն հարգող քաղաքական գործիչը (քաղաքական գործիչը, այլ ոչ թե դերասանը), պայքարել հանուն ինչ-որ բանի, իսկ հետո փորձել իրականացնել ճիշտ հակադիր գաղափարներ։ Այդպես չի լինում։

-Ի դեպ, լրջության մասին... Ինչպե՞ս կմեկնաբանեք Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե «հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը» ղեկավարվել և համակարգվել է Փաշինյանի կողմից:

-Իսկ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել դա: Եթե նման բան ասվեր պիոներական ճամբարում, դա դեռ ինչ-որ կերպ կարելի կլիներ հասկանալ։ Նման արտահայտությունը լուրջ ընդունել կարող են միայն նրանք, ում իշխանությունն ինքն է կնքել «պողոսներ»։ Այդօրինակ հայտարարություններով իշխանությունները շարունակում են պայքարել իրենց մարդկանց այն լսարանի համար, որոնց հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել և որոնք առանձնապես գլուխ չեն հանում քաղաքականությունից։ Այդպիսի լսարանի համար այդչափ ծիծաղելի հայտարարությունները դեռ կարող են ինչ-որ արժեք ունենալ։

՞նչ կասեք Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին:

-Դա խոսակցության բացառիկ լուրջ ու առանձին թեմա է։ Ընդհանուր առմամբ ասեմ. փաստաթուղթը պետք է անցկացնել փորձագիտական մասշտաբային քննարկումների միջով։ Աշխարհն իրապես փոխվում է, կորոնավիրուսից հետո այն ուրիշ է լինելու՝ մարտահրավերների, հնարավորությունների, իրական քաղաքականության տեսանկյունից։ Թե ինչպիսիք են լինելու Հայաստանի դերը, դիրքորոշումը, նրա հարաբերություններն այլ երկրների հետ (բազմակողմ, երկկողմ), ինչից մեծ հաշվով կախված է նաև երկրի անվտանգությունը.նման տեսլական, դիտարկում ես չտեսա փաստաթղթում։ Բացառապես ցանկություններ, համատարած բաժակաճառեր, մի պատառ՝ այնտեղից, մի պատառ՝ այստեղից. դա ռազմավարություն չէ, այլ ինչ-որ գեղարվեստական ժողովածու:

-Մեր զրույցի սկզբում ասացիք, որ պետք է համախմբել քաղաքական ուժերը, միավորվել։ Ենթադրենք՝ համախմբվեցին, միավորվեցին։ Իսկ հետո՞։ Արտահերթ ընտրություննե՞ր։

-Համախմբվել հարկավոր է պետության շուրջ՝ նոր խնդիրների լույսի ներքո, դրանք չեզոքացնելու նպատակով։ Իսկ ինչ վերաբերում է ներքաղաքական պայքարին, ապա ռացիոնալ, ազգային մտածողության տեր բոլոր ուժերի, կուսակցությունների, կազմակերպությունների միավորումն անհրաժեշտ է իրական հակակշիռ ստեղծելու համար այն հիմարություններին, որոնք, ցավոք, արդեն հասցրել է անել իշխանությունը։ Հակակշիռն անհրաժեշտ է այն գործընթացների պարագայում, որոնք տեղի են ունենում երկրում, պետք է ուժեղ ընդդիմություն, որը ոչ միայն պայքարում է փողոցներում, այլև առաջադրում նոր քաղաքական մտքեր, լուծումներ և նոր բանաձևեր։ Այն խնդիրների պայմաններում, որոնք կան երկրում, նման անլուրջ իշխանության առկայությամբ արժանապատիվ ընդդիմություն չունենալը պարզապես անմտություն է։ Պետք է սկզբում հակակշիռ ձևավորել, հետո կերևա, թե ինչ անել. ի վերջո, մենք ունենք Սահմանադրություն, սահմանադրական գործընթացներ…

Իհարկե, կորոնավիրուսային «արգելապատնեշը», որ «թավշե» իշխանությունները դնում են քաղաքական գործընթացների առաջ, խաղում է իր դերը։ Իշխանությունները հասկացել են, որ արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը կարող է նոր տպաճություններ ստեղծել իրենց համար։ Քանի որ այսօր բնակչության չափազանց մեծ զանգված դժգոհ է, յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, և վաղը դրանք կարող են հանգեցնել բողոքի ցույցերի, հանրահավաքների, երթերի և այլն։ Դա՝ սոցիալական տեսանկյունից։ Իսկ քաղաքական առումով կա այն գիտակցումը, որ երկիրն ու մեր ժողովրդի ապագան բազմաթիվ հարցականների տակ են։ Եվ մենք բոլորս իրավունք ունենք իմանալու. ունի՞ արդյոք իշխանությունը պատասխաններ և լուծումներ, թե՞ չունի։ Քանի դեռ չկա ուժեղ հակակշիռ՝ ի դեմս ընդդիմության, իշխանության անհամարժեքությունն այնքան էլ ակնբախ չէ։ Դրա համար էլ շատերը մտածում են. դե, իշխանություն է, դե, ընտրել ենք, թող աշխատեն, տեսնենք՝ ինչ կստացվի։ Դա բնական է նրանց համար, ովքեր քաղաքական պատասխանատվություն չեն կրում։ Բայց այն քաղաքական ուժերը, որոնք առնվազն խոսում են երկրի, ապագայի առջև իրենց պատասխանատվության մասին, չեն կարող մի կողմ քաշվել։