ՀԵՏԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՈՎ
Հայաստանի հետկորոնավիրուսային շրջանի տնտեսության վերաբերյալ մեր մասնագետների մեծամասնության կանխատեսումները, մեղմ ասած, վհատեցնող են, և թվերն էլ արդեն ցույց են տալիս տնտեսական ակտիվության անկում, տնտեսական աճի տեմպերի, արտահանման, ներկրման, արտաքին առևտրաշրջանառության նվազում և այլն։ Օրերս Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարեց, որ արտակարգ դրության երկարաձգումը ևս մեկ ամսով և «կարանտինային տրամաբանության» գործողությունը (այն բացարձակ անորոշության պայմաններում, թե աջակցության ինչ միջոցներ է պատրաստվում ցուցաբերել կառավարությունը տնտեսության տուժած ճյուղերին) կհանգեցնի նրան, որ աշնանը երկրում գործազուրկների թիվը կավելանա 80000-ով:
Ակնհայտ է, որ դեռ երեկ իշխանությունները պետք է զօրուգիշեր մտածեին, թե ինչպես փրկել հայկական տնտեսությունը լիակատար ու բացարձակ կործանումից, և մշակեին տնտեսական քաղաքականության համապատասխան «հետկորոնավիրուսային» ռազմավարություն՝ համատեղ աշխատելով փորձագետների հետ, որոնք, անկասկած, կան մեզանում և, ըստ էության, միայնակ են զբաղվում խնդրով։
«Անշուշտ, պետք է արմատական շտկումներ մտցնել տնտեսական քաղաքականության մեջ, - «ԳԱ»-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։- Այսօր մենք պետք է հաշվարկ կառուցենք արդյունաբերության վրա. դա ոչ թե պարզապես անհրաժեշտություն է, այլ ռազմավարական անհրաժեշտություն։ Տանն անցկացրած կարանտինային 3 ամիսների ընթացքում ես գրել եմ հետկորոնավիրուսային հակաճգնաժամային ծրագիր, ավելի ճիշտ՝ համավարակից հետո Հայաստանի տնտեսության զարգացման ուրվագծային նախագիծ, որտեղ հիմնական շեշտը դրված է արդյունաբերության ոլորտում հենց մասնավոր-պետական համագործակցության արդյունավետ մոբիլիզացիոն տնտեսական քաղաքականության վրա»:
Ի՞նչպես ենք մենք օգտագործում բնական ռեսուրսները, որոնցով հարուստ է Հայաստանը, և ի՞նչ պետք է փոխենք։
«Որպես օրինակ վերցնենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը խոշոր հարկատուներից մեկն է,- շարունակում է Վ.Սաֆարյանը։- Տարեկան կտրվածքով մենք երկրից արտահանում ենք 400 հազար տոննա պղնձի խտանյութ։ Մինչդեռ այնտեղ պետք է կառուցել պղնձաձուլական կոմբինատ, որպեսզի ստանանք ոչ թե հումք, որում մաքուր պղնձի բաժինը կազմում է ընդամենը 26-28%, այլ հենց մաքուր պղինձ, որը կուղղորդվի հայրենի էլեկտրատեխնիկական արդյունաբերության զարգացմանը, սարքաշինությանը։ Ընդ որում, եթե կառուցենք ավտոգեն մեթոդով աշխատող պղնձաձուլական կոմբինատ, ապա դա կազատի ծծմբաթթվի չափազանց մեծ քանակի գոյացումից. գործոն, որը շատերին է վախեցնում, քանի որ, նախ՝ այստեղ մենք դրանից ազատվելու տեղ չունենք, և երկրորդ ՝ դուրս բերելն էլ խնդրահարույց է, քանի որ, ասենք, երկաթուղային տրանսպորտով ծծմբաթթուն 500 կմ-ից ավելի հեռու փոխադրել խորհուրդ չի տրվում։ Պղնձաձուլական կոմբինատի կառուցման համատեքստում պետությունը պետք է օգնի և՛ փողով, և՛ հարկային արտոնություններով, և՛ տարատեսակ առավելություններով։ Եվ արդյունքն արժե դրան։ Ժամանակին մենք ունեինք «Անդրկովկասկաբել» մալուխային գործարանը, որի համար Ալավերդու պղնձաձուլական կոմբինատն արտադրում էր տարեկան 50 հազար տոննա մաքուր պղինձ, որն օգտագործվում էր տարբեր տեսակի մալուխների արտադրության համար։ Գործարանը չի աշխատում, որովհետև վերջին 30 տարիներին մենք մաքուր պղինձ չենք արտադրել, իսկ եթե վերջապես սկսենք, ապա հնարավոր կլինի վերագործարկել նաև «Անդրկովկասկաբելը»։ Մի մոռացեք, որ այստեղ խոսքը, բացի ամենայնից, նաև նոր աշխատատեղերի մասին է»։
Վ.Սաֆարյանի խոսքերով, շեշտն առաջին հերթին պետք է դնել գունավոր մետալուրգիայի զարգացման վրա՝ հայրենական հումքի օգտագործումով։
«Չէ՞ որ մենք ունենք մոլիբդեն, պղինձ, արծաթ, սելենիում, կոբալտ, բիսմութ և այլն: Մենդելեևի աղյուսակի գրեթե բոլոր տարրերը կարելի է գտնել Հայաստանում», - շարունակում է Վ.Սաֆարյանը: - Երկրորդ ուղղությունը նույնպես հեռանկարային է. սև մետալուրգիան, այն կարելի է և պետք է վերակենդանացնել։ Այս գործում մենք, ի դեպ, հիանալի կարող ենք համագործակցել Չինաստանի հետ, ընդ որում դիմելով ոչ թե մասնավոր, այլ հենց պետական ձեռնարկություններին։ «Նաիրիտի» մեկ գիծ մենք հանձնել ենք չինացիներին՝ Շանսի նահանգում կազմակերպելով քլորոպրենային կաուչուկի արտադրության չին-հայկական համատեղ ձեռնարկություն, իսկ այժմ կարելի է առաջարկել չինացիներին արդեն հայ-չինական ձեռնարկություն ստեղծել այստեղ, Հայաստանում։
Կարևոր ուղղություններից մեկը, կարծում եմ, քիմիական արդյունաբերության զարգացումն է։ Պետք է վերագործարկել և՛ Վանաձորի քիմկոմբինատը, և՛ «Նաիրիտը», մանավանդ որ դրանք համակարգակերտ ձեռնարկություններ են։ Կարևոր է նաև շեշտը դնել ոչ մետաղական հանքարդյունաբերության զարգացման վրա։ Մեզ մոտ շուրջ 270 արտոնագիր է տրված ոչ մետաղական հանքապարների մշակման համար՝ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի և այլն, որոնցով հարուստ է Հայաստանը։ Եվ այդ մասնահատվածում նույնպես անհրաժեշտ է մասնավոր-պետական համագործակցություն՝ հաշվի առնելով ընկերությունների տարանջատ գործունեությունը։ Իսկ եթե ստեղծվի մասնավոր-պետական ձեռնարկություն՝ գիտահետազոտական ինստիտուտները մասնավոր հատվածի հետ միավորելու նպատակով, ապա ոլորտը շատ ավելի արդյունավետ կաշխատի։
Ժամանակին մենք ունեցել ենք Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտ, որը լուրջ մշակումներ էր կատարում, իսկ այսօր այն, ցավոք, գրեթե չի գործում։ Ունենք ալմաստե սկավառակներ արտադրող գործարան, Գյումրիի գործարանը, որը սարքավորում է արտադրում քարահատման համար: Խնդիրն այն է, որ այդ ձեռնարկությունները կապակցված չեն և մի կերպ գոյատևում են, բայց չեն զարգանում։ Իսկ եթե հավաքենք մեկտեղ, համակարգելով դրանց գործունեությունը, ապա կհասնենք այլ մակարդակների՝ զուգահեռաբար ապահովելով գիտության և արտադրության տանդեմը։ Որպեսզի և՛ գիտությունը «չմահանա», և՛ արտադրողները կարողանան գիտական մշակումներ ներդնել»։