ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԸ
Այնպիսի տպավորություն է, որ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սևեռված է Հայաստանը այլ ժողովուրդներով վերաբնակեցնելու գաղափարի վրա։ Մերթ նա պատրաստվում է «քաղաքակիրթ» ձևով հաղթահարել երկրում ժողովրդագրական ճգնաժամը՝ իր կարծիքով «անվտանգ» ազգերի ներհոսքի հաշվին, մերթ պաթետիկ դատողություններ անում այն մասին, թե «ցանկացած մայրցամաքային զարգացած պետություն իր պատմության ընթացքում չի մեծացել զուտ իր հաշվին, այլ կարողացել է կլանել և իր մեջ ինտեգրել այլ ազգերի», և Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով։
«Ինձ թվում էր, որ բոլորի համար է պարզ՝ աճող, հզոր պետությունները երբեք միատար չեն», - ինքնագոհ հայտարարում է Սինանյանը «Ազատության» եթերում (իսկ ուրիշ որտե՞ղ), դրանով իսկ ինքնաբերաբար թերամիտների շարքը դասելով բոլոր նրանց, ում համար դա ամենևին էլ պարզ չէ հայկական իրողությունների սևեռակետում։
Առանձնապես ցանկություն չկա մեջբերելու և մեկնաբանելու Գլենդեյլի նախկին քաղաքապետի ուղեղի մարգարիտներն ու նրա պատմական մտքի թռիչքներն այն համատեքստում, թե «Արգիշտին գրում է, որ գրավեցի Էրեբունիի տարածքը, այսինչ տեղից այս 2 ցեղերին բերեցի ու բերդը կայազորեցի», «Տիգրան Մեծը 300 հազար հրեաների բերեց Հայաստան», իսկ «ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են»։ Անդրադառնանք Սինանյանի առանցքային մտքին, որը փաստացի պնդում է, թե մեր միատարրությամբ մենք լուսավոր ապագա չենք տեսնելու։
«Ես ծանոթ եմ այն տեսակետին, թե եթե պետությունը միազգ է, ապա նա զարգացման առումով խնդիրներ կունենա», - «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ: - Ես հակառակ կարծիքի եմ այդ առնչությամբ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ անցած դարի 90-ականների սկզբին գտնվելով աշխարհաքաղաքական բարդագույն կացության մեջ, Հայաստանը կարողացավ հաղթանակ տանել ագրեսոր Ադրբեջանի դեմ պատերազմում, և դա պայմանավորված էր առաջին հերթին հայկական պետության մոնոէթնիկ կազմությամբ։ Եվ պատահական չէ, որ Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) տարիներին մենք բախվեցինք բազմաթիվ խնդիրների, քանի որ Հայաստանի տարածքի մի մասը բնակեցված էր մահմեդական տարբեր ժողովուրդներով և, մասնավորապես՝ թաթարներով (ապագա ադրբեջանցիներով), որոնք փաստացի քայքայիչ գործունեություն էին ծավալում պետության դեմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի օգնությամբ։ Իսկ Խորհրդային Հայաստանի գոյության ժամանակաշրջանում ժողովրդագրական պատկերը երկրում արմատապես փոխվեց. սկսեց գերակշռել հայազգի բնակչությունը։ Դրա արդյունքում մենք ազգամիջյան բախումներ չունեցանք։
Հայաստանում ամենամեծ էթնիկ տարրը եզդիներն են, որոնք հիանալի հարաբերություններում են հայերի հետ, իրենց մեծամասնությամբ համարում են Հայաստանն իրենց հայրենիքը և մեզ հետ միասին բազմիցս կռվել են մեր ընդհանուր թշնամիների դեմ և՛ 1918 թվականին, և՛ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ... Իսկ ընդհանրապես Հայաստանը հատուկենտ ժամանակաշրջաններում (դրանցից մեկը ուշ միջնադարն էր) եղել է բազմազգ պետություն, և պատմությունը ցույց է տալիս, որ երբ նման բան տեղի է ունեցել, դա դարձել է մեր աքիլլեսյան գարշապարը՝ թուլացնելով երկիրը։ Այսօր տեղի կունենա նույնը, ավելին. բազմազգ պետությունը կդառնա Հայաստանի Հանրապետության վերջը, եթե հաշվի առնենք ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները…»։
Հայաստանի սահմաններից դուրս, ամենահամեստ հաշվարկներով, ապրում է 6-7 միլիոն հայ։ Նրանց հայրենադարձության գործընթացը կազմակերպելու և դրա հաշվին հզոր պետության զարգացում ապահովելու փոխարեն, մեր իշխանությունները հայտարարում են, թե պետք է Հայաստանում վերաբնակեցնել այլ ազգությունների ներկայացուցիչների։ Ո՞րն է տրամաբանությո՛ւնը։
«Ես նման տրամաբանությունը չեմ հասկանում, - շարունակում է Ա.Մելքոնյանը:- Դա ինչ է, ինչ-որ տուրք արևմտյան, եվրոպական մտածողությա՞նը։ Սակայն եկեք չմոռանանք, որ, նախ՝ եվրոպական պետություններն այսչափ բարդ աշխարհաքաղաքական շրջապատում չեն, և երկրորդ՝ բուն Եվրոպայում բազմամշակութայնության անսանձ քաղաքականության հետևանքներն արդեն հանգեցնում են բավական բացասական երևույթների։ Տեսեք, թե որքան խնդիրներ կան Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում... Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ խոսելն անգամ ավելորդ է՝ հաշվի առնելով երկու էքզիստենցիալ թշնամիների ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությունը։ Ընդ որում մենք չպետք է մոռանանք, որ Վրաստանի սահմանամերձ շրջանները, Վրաստանի հարավն ու Իրանի հյուսիսը, որ սահմանակից է Հայաստանին, բնակեցված են թյուրք ժողովուրդներով: Եթե այդ պետություններում, չխոսենք արդեն Թուրքիայի մասին, ազգամիջյան բախումներ սկսվեն թուրքերի և քրդերի միջև, մենք կարող ենք բախվել վերաբնակ քրդերի լուրջ ալիքի։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի այդժամ Հայաստանի հետ։ Այսօր առնվազն 7-8 միլիոն քուրդ է ապրում Արևմտյան Հայաստանի տարածքում, եթե այնտեղ քրդերի ապստամբություն բռնկվի Թուրքիայի դեմ, և իշխանությունները սկսեն ուժ կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ, ապա լավ իմանալով, թե ինչ հարաբերություններում է Հայաստանը Թուրքիայի հետ, այդ մարդիկ կսկսեն զանգվածաբար անցնել սահմանը՝ հասկանալով, որ իրենց համար ամենահուսալի ապաստանը Հայաստանն է։ Բավական հավանական այդօրինակ սցենարները հաշվարկելու և դրանց հակազդելու միջոցների մասին մտածելու փոխարեն, նկատի առնելով, որ եթե նման բան տեղի ունենա, դա վերջնական արդյունքում ամբողջությամբ կփոխի ժողովրդագրական պատկերը փոքրիկ Հայաստանում, մեր իշխանությունները սկսում են ծրագրել այլ ժողովուրդների վերաբնակեցո՞ւմ հանրապետությունում։ Կրկնում եմ. մեզ համար դա կդառնա մեր հանրապետության և մեր ժողովրդի վերջը» ։