ԲԱՐԳԱՎԱՃՆԵՐՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՍԿԱՑԱՆ ԵՎ… ՉՎԱԽԵՑԱՆ

Մեկ քրեական գործով ավելի, մեկով պակաս. դա արդեն ոչինչ չի փոխի ո՛չ բարգավաճների, ո՛չ էլ առավելևս իմքայլականների համար, իսկ հանրահավաքը տեղի կունենա։ Այսպես արձագանքեց Ֆեյսբուքում իմքայլականների զանգվածային գրոհին Նաիրա Զոհրաբյանը, որը մի որոշ ժամանակ ձեռնպահ էր մնում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ մեկնաբանություններից։ Համբերության բաժակը լցրեցին։ Հատկապես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունները, որոնք ընկալվեցին ոչ այլ կերպ, քան Ծառուկյանին իշխանության հղած ուղերձ։

Իշխանության ներկայացուցիչների եվ բարգավաճների միջեվ տևական բանավոր փոխհրաձգությունը անցած շաբաթ պսակվեց Մակունցի շուրթերով Ծառուկյանին հասցեագրված նախազգուշացմամբ՝ առ այն, որ հնգամյա վաղեմության պատմությունը՝ քաղաքական էջի փակմամբ, ԲՀԿառաջնորդի համար կարող է կրկնվել: Այդ իրավիճակը, ըստ Մակունցի, հետևանքն էր այն բանի, որ ԲՀԿ-ն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ և չի առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով։ Այնուհետ «հաճոյախոսությունների» փոխանակումն անցավ ֆեյսբուքյան ստատուսների հարթություն, որ սկսեցին միմյանց հասցեագրել Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը և Լիլիթ Մակունցը։

Տոնոյանի խոսքերով՝ այն, որ Մակունցը դժվարացել է պատասխանել, թե հատկապես ինչ ուժերի նկատի ունի, որոնց ազդեցության տակ իբր գտնվում է ԲՀԿ-ն, վկայում է մեկ բանի մասին. չկա նման բան, և Մակունցն ասել է միայն ասած լինելու համար։

Տոնոյանի գնահատմամբ, Մակունցի հայտարարությունը զավեշտալի է հատկապես այն առումով, որ ինչ-որ ուժերի ազդեցության մասին խոսում է մի այնպիսի քաղաքական ուժի անդամ, որի ներկայացուցիչների մի ահռելի հատված ամենասերտ կապերն ունի Սորոսի գրասենյակի և նրա ֆինանսական աղբյուրների հետ, մյուս մասը ջերմագին հարաբերություններ ունի տարբեր տեսակի փոքրամասնությունների հետ, ևս մի մասն էլ պատսպարվել է իշխանության շարքերում՝ մոռանալով այլ քաղաքական ուժերին տված հավատարմության երդումը: «Նեղություն քաշեք ու «Իմ քայլ»-ի պիտակը ԲՀԿ-ի վրա մի փակցրեք: Ցավալին այն է, որ ամբողջ իշխանական 88 հոգանոց խմբակցությունից չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, որն այս ժամանակահատվածում բովանդակային քննադատություն կներկայացներ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների հետ կապված: Թե չէ երևակայությանը զոռ տալ ու անձնական վիրավորանքների մակարդակին իջնել բոլորն էլ կարող են, այլ բան է, որ ոմանց դաստիարակությունն ու անցած ճանապարհը դա թույլ չի տալիս»,- գրել է նա։

Մակունցի արձագանքն իրեն սպասել չտվեց։ Նա զարմացավ, որ ԲՀԿ-ն վիրավորվել է 2015-ին հզոր հանրահավաքներ սկսելու ձախողված փորձի հիշեցումից։ Իսկ հետո աշակերտուհու միամտությամբ «բացատրեց», թե հիշեցնում է՝ բացառապես հոգ տանելով բարգավաճների ու նրանց կուսակցության մասին։ Ասել է թե՝ երբ քաղաքական ուժը հայտնվում է քաղաքական պայքարի առաջնագծում ոչ սեփական օրակարգով, ապա մեծ է հավանականությունը, որ ինչ-որ պահի նրան կդավաճանեն, և նա կմնա միայնակ ու կպարտվի։ «Խոսքը սրա մասին է, ինչը տեղի է ունեցել 2015թ.-ին։ Իսկ պատմությունը կրկնվելու հավանականություն ունի։ Խոսքը անձնական դաշտում չէ, այլ քաղաքական պարզագույն, աքսիոմատիկ ճշմարտության մասին է։ Թե չէ որքան ցանկանում են, թող հանրահավաք անեն, թեկուզ՝ ամեն օր», - գրել է Մակունցը։ Ստացվում է, թե իմքայլականների ղեկավարը մտահո՞գ է, որ հանկարծ ԲՀԿ-ին չդավաճանեն, ԲՀԿ-ն չմնա միայնակ ու չպարտվի։ Բայց չէ՞ որ իշխանությունը հենց միայն այդ մասին է երազում:

Սա, ինչպես ասում են, թվացյալ երեվութականություն է։ Իրականում սա նախազգուշական կրակոց է, որ բարգավաճները հանկարծ իրոք լրջորեն չակտիվանան։ Իրականում սա հիշեցում-նախազգուշացում է, որ Ծառուկյանը չհատի թույլատրելիի սահմանները։ Չէ՞ որ իշխանությունը, ըստ էության, առաջին քայլն արդեն արել է. զրկել է նրան պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ձերբակալել նույնպես կարող է։ Ցանկացած պահի։ Հենց որ համարի, որ իրեն սպառնացող վտանգն իրական է։ Թեպետ, իշխանությունն այս պահին էլ իրական է համարում այդ վտանգը, քանի որ գերազանց հասկանում է, թե մարդկային ինչ ռեսուրսներ ունի Ծառուկյանը, ինչ հեղինակություն ու սեր է վայելում բնակչության որոշակի մեծաթիվ զանգվածի շրջանում, բայց կրկնենք, առայժմ նախազգուշացնում է, որ ԲՀԿ առաջնորդը չանցնի սահմանները։

Եվ այդ ուղերձը ԲՀԿ-ում շատ լավ հասկացան։ Հենց այդ պատճառով էլ նույնիսկ ներքաղաքական զարգացումների թեմայով ԶԼՄ-ների հետ շփումներում դադար վերցրած Զոհրաբյանն ընդհատեց լռությունը, հայտարարելով verelq.am-ին, որ «Իմ քայլը» խմբակցությունը օրեցօր խորացող լրջագույն խնդիրները լուծելու փոխարեն՝ իր հրատապ օրակարգ է դարձրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Գագիկ Ծառուկյանին և խմբակցության պատգամավորներին։ Նրա խոսքերով, հարյուրավոր քննիչներ, թողնելով իրենց հիմնական գործը, լծվել են կամ, ավելի ճիշտ՝ նրանց ստիպել են իրենց կամքին հակառակ գործեր սարքել ԲՀԿ-ի դեմ։ Հատուկ ծառայությունները «մեկը մյուսի հետևից բոյեվիկ սյուժեներ են մոնտաժում կեղծ ցուցմունքների և կոնտեքստից կտրված հեռախոսագաղտնալսումների վրա»։ Դա, ըստ Նաիրա Զոհրաբյանի, իսկապես ողբերգություն է, որ քաղաքական հաշվեհարդարը դարձել է սևեռուն գաղափար, որ իշխանությունները մոռացել են երկրի խնդիրների մասին։

«Հիմա Լիլիթ Մակունցը, իր թիմակիցներին իրականություն վերադարձնելու ու ժողովրդի ծայրահեղ սոցիալական խնդիրների լուծմամբ զբաղվելու, իրենց ալպինիստ նախարարին պեղելու և երկրում չհաղթահարված համաճարակի խնդիրիներին վերադարձնելու, 1000-ից ավելի մահերի համար պատասխատվություն կրելու, ամեն օր կառավարության դիմաց բողոքի ցույցեր անող մարդկանց խնդիրներով զբաղվելու փոխարեն կրկին մտասևեռվել է «Բարգավաճ Հայաստանի» վրա։ Մի՛ արեք, տիկին Մակունց, պարզապես մի արեք։ Մենք, ի տարբերություն ձեզ, որ հայտնի չէ, թե ինչ կասկածելի օրակարգեր եք սպասարկում, սպասարկում ենք բացառապես Հայաստանի և ՀՀ քաղաքացու օրակարգը։ Ու այդ մեթոդները՝ քաղաքական ընդդիմախոսությանը քաղաքական հաշվեհարդարներով պատասխանելու գործելաոճը, հավատացնում եմ ձեզ, շատ կարճ կյանք ունի։ Բարեկամական հորդորս է՝ վերադարձեք իրականություն, հանդիպեք մարդկանց ու լսեք, թե անգամ ձեր ամենամոլի երկրպագուները այսօր ինչ են ասում իրենց կոտրված հավատի ու վստահության մասին։ Նրանք, հարգելի Լիլիթ, ՊՈԱԿ-ի ու ձեր խմբակցության «տղամարդ» պատգամավորի կողմից ռեգուլիռովկա արվող ֆեյքերը չեն, այլ իրական մարդիկ, որոնք ձեզ բերեցին իշխանության։ Այլապես գործեր հարուցելով, պատերին ծեփելով, ասֆալտին փռելով դուք ո՛չ մեզ կվախեցնեք, ո՛չ էլ, որ շատ ավելի կարևոր է, ժողովրդի հարցերը կլուծեք»,- ամփոփել է Նաիրա Զոհրաբյանը։