ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԻՐԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇ ԵՆ ՄԵԾԹՈՒՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌՋԵՎ
«Չնչին կասկած իսկ չկա, որ եթե ադրբեջանական բանակը հաղթականորեն առաջ շարժվեր, ապա հրադադարի շուրջ ոչ մի բանակցություն պարզապես չէր կայանա», -«ԳԱ»-ին տված հարցազրույցում նշում է ՌԳԱ ՀՏՄՀԻ-ի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
-Պարոն Կռիլով, ինչպե՞ս կմեկնաբանեք ղարաբաղյան հակամարտության գոտում հոկտեմբերի 10-ից սահմանվող հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը: Ինչպիսի՞ք են ձեր կանխատեսումները բանակցությունների հետագա զարգացման վերաբերյալ և, ինչ եք կարծում, կվերսկսվե՞ն արդյոք ռազմական գործողությունները:
-Մոսկվայում կնքված համաձայնագիրը ռուսական դիվանագիտության ջանքերի արդյունքն էր, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ ՄԽ մյուս երկու համանախագահների մասնակցությամբ: Սակայն գլխավոր դերը տվյալ դեպքում խաղացին ոչ թե դիվանագետների ջանքերը, այլ այն, որ երկու շաբաթ տևած մարտերից հետո ակնհայտ դարձավ. սրընթաց և հաղթական բլիցկրիգի ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման փորձը ձախողված է։ Չնչին կասկած իսկ չկա, որ եթե ադրբեջանական բանակը հաղթականորեն առաջ շարժվեր, ապա կրակի դադարեցման շուրջ ոչ մի բանակցություն պարզապես չէր կայանա։
Ադրբեջանն ու Թուրքիան հարձակմանը նախապատրաստվել են տարիներ շարունակ, գործողության շրջանում կենտրոնացվել է ամենաժամանակակից սպառազինությամբ զինված հզոր զորախումբ։ Այն բազմապատիկ գերազանցում էր ղարաբաղյան հատվածում տեղակայված հայկական ուժերին, և Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը բոլոր հիմքերն ուներ արագ ու վճռական հաղթանակ ակնկալելու համար։ Սակայն կատաղի մարտերի արդյունքում բլիցկրիգը ձախողվեց, ռազմական գործողությունները ձգձգվեցին, և այժմ ադրբեջանական հրամանատարությանը ժամանակ է հարկավոր ծրագրերի ճշգրտման և ժամանակային առումով ավելի տևական պատերազմի նախապատրաստվելու համար:
Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները տարիներ շարունակ ծայրահեղ դժգոհություն են հայտնել բանակցային գործընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության առնչությամբ, որոնք ի վիճակի չգտնվեցին կատարել ԼՂՀ տարածքն իր վերահսկողությանը վերադարձնելու Բաքվի պահանջը։ Արդյունքում Անկարայում և Բաքվում հայտարարեցին, թե բանակցային գործընթացն այլևս անիմաստ է, և ղարաբաղյան խնդիրը լուծվելու է ռազմական ճանապարհով։ Թուրք և ադրբեջանական հասարակությունների մեջ երկար ժամանակ սերմանել են արմատական և ռազմատենչ տրամադրություններ, այնպես որ ուժային լուծումից հրաժարումն ու վերադարձը խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներին ծայրաստիճան բացասական արձագանք կառաջացնի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների համար։ Այդ պատճառով էլ ի սկզբանե մեծ կասկածներ կային, որ հրադադարի մասին համաձայնագիրը կպահպանվի, և չնայած մարտական գործողությունների ինտենսիվության նվազմանը, այդ կասկածների հիմնավորվածությունը հաստատվում է ռազմաճակատի գծի երկու կողմերում բնակավայրերի շարունակվող հրակոծումների մասին կանոնավոր հաղորդագրություններով:
Բաքվի համար համաձայնագրի կնքումն ունի նախևառաջ քարոզչական նշանակություն։ Դա հնարավորություն է տալիս բացատրել բլիցկրիգի ձախողումը «հայերի ուխտադրժությամբ», որոնք օգտվելով Բաքվի խաղաղասիրությունից՝ խախտեցին հրադադարն ու դրա շնորհիվ փոխեցին իրավիճակն իրենց օգտին։ Միաժամանակ անցկացվում է ադրբեջանական զորքերի վերախմբավորում և դրանց պատրաստականացում նոր հարձակման։ Տարբեր աղբյուրներ հայտնում են Թուրքիայից և Իսրայելից, ինչպես նաև թուրքական տարածքով տարանցմամբ Բելառուսի Հանրապետությունից Ադրբեջանին սպառազինության ու զինամթերքի խոշորամասշտաբ մատակարարումների մասին: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը և այլ երկրների հատուկ ծառայություններ արձանագրել են ահաբեկչական տարբեր կազմակերպություններից մեծ թվով գրոհայինների փոխադրումը Դարաբաղյան ճակատ: Այդ մասին ասվում է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջերս արած պաշտոնական հայտարարությունում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Անկարայում և Բաքվում շարունակում են փայփայել Ղարաբաղյան ճակատում նոր հարձակման հաջողության հույսը։ Ակնհայտ է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին չհաջողվի գործուն միջոցներ գտնել Բաքվին ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման անընդունելիության հարցում համոզելու համար, ապա արդեն առաջիկա օրերին պետք է սպասել Ղարաբաղյան ճակատում ադրբեջանական նոր հարձակման։
-Թուրքական ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ս.թ. հոկտեմբերի 29-ին (Թուրքիայի Հանրապետության 97-ամյակի օրը) Բաքվում կայանալու է Թյուրքալեզու պետությունների խորհրդի նիստը, որի ընթացքում նախատեսվում է համաձայնագիր ստորագրել Թուրանի միացյալ բանակի ստեղծման մասին: Չէ որ սա ևս մեկ նոր սպառնալիք է, այնպես չէ՞։
-Մեծ Թուրանի գաղափարն արձագանք է գտնում ազգակից թյուրք ժողովուրդների շրջանում, նախագահ Ռ.Թ.Էրդողանը համառորեն առաջ է մղում դա հնարավոր բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմական: Այդ ծրագիրը կարող է լրացուցիչ արագացում ստանալ ղարաբաղյան խնդիրն ուժային ճանապարհով հօգուտ Թուրքիայի լուծելու դեպքում, ինչը կհանգեցնի ոչ միայն Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդման, այլև հնարավորություն կբացի Կասպից ծովի արևելյան ուղղությամբ հետագա էքսպանսիայի համար: Ռազմական հաղթանակները միշտ մեծ ազդեցություն են ունենում հասարակական տրամադրությունների վրա, նպաստում հաղթող առաջնորդների ժողովրդականության աճին, նոր կողմնակիցներ հրապուրում իրենց երկրում և այլ պետություններում: Ռուսաստանի համար «Մեծ Թուրան» նախագծի առաջմղումը լի է անվտանգությանը սպառնացող նոր մարտահրավերներով։ Նոր սպառնալիքները կստիպեն Մոսկվային համապատասխան կերպով ճշգրտել Թուրքիայի նկատմամբ իր նախկին քաղաքականության ուղեգիծը և նախկին «կշռադատված» ու իր ռազմավարական դաշնակից Հայաստանից և ռազմավարական կարևոր գործընկեր Ադրբեջանից «համաչափ հեռավորության պահպանման» քաղաքականությունը: Կայունությունն ու անվտանգությունը Ռուսաստանի խոցելի «հարավային ստոծանիում» կախված են նրանից, թե որքան արագ կգտնվեն ռուսաստանյան անվտանգությանը սպառնացող նոր վտանգների չեզոքացման արդյունավետ միջոցները։ Ակնհայտ է, որ Մոսկվայի կողմից նախկին ուղեգծի շարունակումը բարենպաստ իրավիճակ կստեղծի ոչ միայն Թուրքիայի ազդեցության աճի, այլև Ռուսաստանում և նրան սահմանակից տարածքներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների ակտիվացման համար:
-Ո՞րն է Արևմուտքի շահը Հարավային Կովկասի տարածաշրջանում, եթե հաշվի առնենք Թուրքիայի բացահայտ միջամտությունն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է:
-Վերջին տարիներին աճող ներքին խնդիրների խորապատկերին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում գնալով ավելի քաոսային և անկանխատեսելի բնույթ է ստանում: Բայց ընդհանուր առմամբ «հավաքական Արևմուտքի» քաղաքականությունը Հարավային Կովկասում շարունակում է ընթանալ Ռուսաստանի «զսպման» և հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների արգելափակման ռազմավարության հունով։ Ներկայումս ԱՄՆ-ը և ԵՄ-ն զգալիորեն նվազեցրել են իրենց ներգրավվածության աստիճանը. փաստորեն նրանք տվյալ տարածաշրջանում գործողությունների լիակատար ազատություն են տրամադրել Էրդողանին։ Այդպիսով նրանք ձգտում են ուղղորդել թուրքական էքսպանսիան դեպի արևելք, Էրդողանի համար երկրորդական դարձնել քաղաքականության եվրոպական, հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան ուղղությունը։
ԱՄՆ-ին և Իսրայելին թուրքական էքսպանսիան հնարավորություն է տալիս ուրիշի ձեռքերով լուծել իրանական խնդիրը՝ «Հարավային Ադրբեջանի» զատման ճանապարհով, ինչին պիտի հաջորդի իրանական պետության փլուզումը: Իսրայելի ղեկավարությանը իրադարձությունների նման զարգացումը ոչ պակաս գրավիչ է թվում, քան Ադրբեջանին սպառազինության ժամանակակից համակարգեր մատակարարելուց ստացած ֆինանսական օգուտը։ Այդ պատճառով էլ ներկայումս Իսրայելը հանդես է գալիս որպես Ադրբեջանի կարևոր դաշնակից ղարաբաղյան խնդրի ուժային լուծման հարցում և Թուրքիայի դաշնակից՝ Մեծ Թուրանի կառուցման գործում։
Ակնհայտ է, որ մեծթուրանական ծրագրերին հակազդելու գործում բնական դաշնակիցներ են Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Եվրասիայի այն պետությունները, որոնք պատրաստ չեն հրաժարվել սեփական անկախությունից հանուն Մեծ Թուրանի կառուցման։ Թուրքական էքսպանսիային հակազդելու գործում կարևոր դեր կարող է խաղալ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայկական սփյուռքը։ Վերջին տարիներին հաճախ հայտարարություններ են հնչել այն մասին, որ «մենք՝ հայերս, միասին գլոբալ ազգ ենք։ Եվ գլոբալ ազգի համար եկել է վճռական գործողությունների ժամանակը»։ Պատերազմական իրավիճակում, երբ արցախահայության զանգվածային բնաջնջման սպառնալիքն իրականություն է դարձել, գլոբալ ազգի միասնության, միջազգային ասպարեզում ինքնուրույն ու ազդեցիկ խաղացողի վերածվելու կոչերն առանձնակի արդիականություն են ստանում: