ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հակադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին:
24 TV-ին տված հարցազրույցում նախկին նախարար Տոնոյանը մեկնաբանել է նախկին նախարար Հարությունյանի հայտարարությունն այն մասին, թե Գորիս-Կապան ճանապարհը հաջողվել է պահել բացառապես իր (Հարությունյանի) ջանքերով, սակայն ճանապարհը հանձնվել է նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով, երբ պաշտպանության նախարարն արդեն Դավիթ Տոնոյանն էր։
«Ես կարծում եմ, որ դուք ընթերցել եք հրադադարի վերաբերյալ համաձայնությունները։ Ես պատասխանատու եմ միայն այն բաների համար, որոնք որ եղել են մինչև նոյեմբերի 20-ը։ Մինչև նոյեմբերի 20-ը այդպիսի որոշում չի կայացվել, բանակցություններ էին ընթանում, ոչ պարտադիր այդ սահմանային մասնաբաժնի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Վաղարշակ Հարությունյանին ևս մեկ հարց պետք է տրվի, թող ուղիղ նշի այդ մասով», – հայտարարել է Տոնոյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի և Հարությունյանի նշանակման ամսաթվին՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին։
Լրագրողը նկատեց, որ Հարությունյանը խոսում է Զանգելանի հատվածը պահելու անհրաժեշտության մասին… «Նա (Հարությունյանը) մասնավորապես նախընտրական փուլում է գտնվում: Եկեք ես ընդհանրապես չխոսեմ դրա վերաբերյա: Ես ձեզ ասում եմ՝ փաստաթղթում, էդ համաձայնություններում նման բան չկա: Ինչքան, որ ես հիշում եմ՝ վարչապետն անդրադարձել է այդ հարցին՝ նշելով, որ դա եղել է որոշակի բանավոր համաձայնություններ: Իր բանավոր համաձայնությւոնները»,- հավելեց Տոնոյանը:
«Չեմ ուզում մենկանաբանել, չեմ էլ լսել՝ ինչ է ասել։ Ես ուղղակի արձագանքում եմ նրան, թե դուք ինձ ինչ եք ասում», – նշել է նախկին նախարարը։
Պատասխանելով նախկին նախարարի՝ քաղաքական մրցապայքարին մասնակցելու վերաբերյալ հարցին, ինչպես նաև այն հարցին, թե առհասարակ ինչպես է վերաբերվում նախկին նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությանը քաղաքական գործընթացներին և արդյոք ինքը մտադիր է ընտրել այդ ուղին, Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ այս փուլում նման մտադրություն չունի։ Նա հիշեցրել է, որ դատական գործընթացը դեռ չի ավարտվել, և իրեն անհրաժեշտ է ազատվել իրեն վրա բարդված «ինտրիգից»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ եթե դա չլիներ, ինքը հնարավոր է քաղաքական հայտ ներկայացներ։
Այն հարցը, թե ում է ինքն աջակցում, նախկին նախարարը համարել է ոչ կոռեկտ: «Բայց կա՞»,- ճշտել է թղթակիցը: «Իհարկե»,- նշել է նախկին նախարարը: «Դա իշխող կուսակցությո՞ւնն է»: — «Ո՛չ, իշխող կուսակցությունը չէ»:
News.am
