Логотип

«ՀայաՔվեն» Եվրոպական 8–րդ գագաթնաժողովը հետաձգելու կոչով դիմել է ԵՄ-ին

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը նամակ-կոչով դիմել է Եվրոպական միության անդամ պետություններին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և հետաձգելու այն։ Այս մասին տեղեկանում ենք «ՀայաՔվեի» ֆեյսբուքյան էջից։

«Միջազգային համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր են, սակայն այս գագաթնաժողովը, որն անմիջապես նախորդելու է հունիսին ՀՀ–ում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին, գործող իշխանություններին, անձնապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղիղ քաղաքական աջակցության տարրեր է պարունակում։ Նման մոտեցումը կստեղծի անհավասար պայմաններ Հայաստանում գործող մյուս քաղաքական ուժերի համար և կխաթարի արդար ժողովրդավարական մրցակցության սկզբունքները»,- ասված է նամակ-կոչում։

«ՀայաՔվեն» ընդգծել է` ՀՀ–ն այս պահին գտնվում է խոր ներքին բևեռացման և լուրջ արտաքին անվտանգային մարտահրավերների առջև, հետևաբար միջազգային դերակատարները պետք է խուսափեն ներքին քաղաքական հավասարակշռության պահպանմանն ուղիղ ներգործությունից։ «ՀայաՔվեի» պնդմամբ՝ գործող իշխանության ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ կարող է վտանգել երկրի ռազմավարական խոցելիությունը, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների համատեքստում։

Քաղաքացիական միավորումը նաև կոչ է արել դիտարկել մայիսի 4-ին նախատեսված գագաթնաժողովին մասնակցելը հետաձգելու հնարավորությունը։ Առաջարկել են գագաթնաժողովը կազմակերպել և դրան մասնակցել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն ձևավորված կլինի նորընտիր խորհրդարան։

Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Sputnik Արմենիա