Նոյեմբերի 8-ին Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենի առաջին խմբաքանակը բաղկացած էր 4-րդ կարգի պարենային ցորենից, հայտնում է Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատոր «Պրոդկորպորացիա» ազգային ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հոկտեմբերին ընկերությունը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր էր ստորագրել հայ սպառողներին հացահատիկի մատակարարման համար։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ կարգի ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ կենդանիների կերերի արտադրության համար։
«Պրոդկորպորացիա» ազգային ընկերության կառավարիչ տնօրեն Տոբիլբեկ Օմարովի խոսքով՝ Ղազախստանի հացահատիկի օպերատորը պատրաստ է ամսական հայ սպառողներին մատակարարել մոտավորապես 15 000-20 000 տոննա պարենային հացահատիկ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ այն հիմնականում օգտագործվում է կերի արտադրության մեջ:
«Այնպես որ, շատ չբողոքեք, եթե վաղը մատնաքաշն էլ էն համը չունենա: Բարձր կարգի ցորենը թանկ է, տրանսպորտային ծախսերն էլ եթե ավելացնեին՝ հացի գինը շատ կբարձրանար»,- գրել է պատգամավորը:
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել էր Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ղազախական ցորեն փոխադրելու որոշման մասին, ինչը ողջունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոյեմբերի 6-ին ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել էր Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն:
Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը ժամանակավրեպ էր համարել խոսակցությունները, թե ղազախական ցորենի Հայաստան գալով հացի, ապա նաև այլ մթերքների գինը նվազելու է:
Armenia Today
