Логотип

Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2026 թվականի Մամուլի ազատության ինդեքսում նահանջել է 16 կետով

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի Մամուլի ազատության ինդեքսը, համաձայն որի՝ Հայաստանը վարկանիշային աղյուսակում նահանջել է 16 կետով՝ զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։ Անցյալ տարի այն Ինդեքսում զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը։

Կազմակերպությունում ընդգծել են, որ չնայած Հայաստանի մեդիալանդշաֆտի բազմազանությանը, լրատվամիջոցները մնում են բևեռացված։ «Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, որոնք սնվում են ներքաղաքական լարվածությամբ, սահմաններին առկա անվտանգային խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև երկրի բարդ դրությամբ», – նշում են հետազոտության հեղինակները։

Նշվում է, որ սոցիալական ցանցերը, որոնցից ամեն օր օգտվում է բնակչության երկու երրորդը, տեղեկատվության հիմնական աղբյուրն են։ Միևնույն ժամանակ փաստվում է, որ հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշումներ զգալ իրենց խմբագրական քաղաքականության նկատմամբ։

«Լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին։ Միայն սակավաթիվ լրատվամիջոցներ են անկախություն դրսևորում։ Երկու քաղաքական թեմա հատկապես զգայուն են՝ Ադրբեջանի հետ շարունակվող բանակցությունները և Հայաստանի ու Ռուսաստանի միջև էլ՛ ավելի լարվող հարաբերությունները։ Այս լարվածության պատճառով լրագրողներն ավելի ու ավելի հաճախ են բախվում ապատեղեկատվության համակարգված արշավների և հիբրիդային ազդեցության գործողությունների, որոնք կապված են աշխարհաքաղաքական շփումների հետ, ինչն էլ՛ ավելի է խեղաթյուրում տեղեկատվական դաշտը։ Որոշ քաղաքական խմբեր թիրախավորում են լրագրողներին», – ասվում է Ինդեքսում։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրում է, որ չնայած զրպարտության ապաքրեականացմանը և ԶԼՄ-ների թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը, այս ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, իսկ վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության և տեղեկատվության հրապարակման արգելքների հետ կապված խնդիրները։ Նաև փաստվում է, որ պետության տիրապետման տակ գտնվող տեղեկատվության հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից (պատասխանից հրաժարում, ուշացումներ և այլն)։

«Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցություն է ստանում ազդեցիկ հասարակական գործիչներից։ Միայն սակավաթիվ լրատվամիջոցներ են ներդրել վճարովի բաժանորդագրության մոդելներ, իսկ գովազդային շուկան մնում է թույլ զարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը։ Միևնույն ժամանակ, պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից», – այնուհետև նշվում է Ինդեքսում։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ լրագրությունը՝ որպես մասնագիտություն, Հայաստանում ենթարկվում է քննադատության և ատելության խոսքի հատկապես մտահոգիչ դրսևորումների։ «Քաղաքական վերնախավի հակամեդիա հռետորաբանությունը, որը մեղադրում է լրագրողներին « կոռուպցիայի » և իրենց հակառակորդներին ծառայելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը խոչընդոտում է թղթակիցների աշխատանքին։ Նրանց մշտապես վիրավորում են, հարձակումների ենթարկում և հետապնդում զրպարտության վերաբերյալ դատական գործընթացների շրջանակներում, ինչն ուժեղացնում է ինքնագրաքննությունը։ Լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների ու նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում։ Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում», – ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Ինդեքսում։

Արմինֆո