Логотип

Կրակոցի ձայն լսեցինք, լուսամուտից նայեցինք, մարդ չկար. կրակոցներ՝ Բաղրամյան պողոտայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես մտածեցի, որ կարող է երեխեքը գիշերով հրավառություն են անում, բայց հետո լուսամուտից նայեցինք, տեսանք մարդ չկա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Բղրամյան պողոտայի բնակիչներից մեկը, որտեղ վաղ առավոտյան կրակոցներ են հնչել։

«Բոլորն էլ կրակոցների ձայնը լսել են, եթե գիշերվա կեսին կրակում են, ո՞նց կարող ես չլսել»,–ասաց նա։

Մեկ այլ բնակչուհի էլ ասաց. «Ժամը հինգի կողմերն էր, ես զարթնել էի, բայց պառկած էի դեռ։ Ճիշտն ասած, ինձ թվաց շներին են հավաքում, մտքովս ուրիշ բան չանցավ, չէր եղել այդպիսի բան այսքան տարի։ Առհասարակ, որ շներին սատկացնում են, միանգամից չեն սատկում, ձայն է գալիս, մեքենայի մեջ են գցում, բայց այս դեպքում ոչ մի ձայն չկար։ Ես այդ ժամանակ արթուն էի, լսեցի կրակոցի ձայնը։ Ես մենակ կրակոցի ձայն եմ լսել, խոսակցություն չեմ լսել։ Եթե նորմալ աշխատեն, այդքան չէր շատանա այդ հանցագործությունները»։

NEWS.am–ի տեսախցիկը ֆիքսել է այդ վայրում փողոցում ու մայքերին գծանշված հատվածները՝ պարկուճների տեղերը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները, ձեռնարկելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ, վնասազերծել են հանցագործությունը կատարողին։ Վերջինս ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։