Այս ուրբաթ Արագածոտնի և Մասյացոտն թեմերը առաջին անգամ միասին էին ժամերգություն կատարում։ Միասնական աղոթքն այս անգամ հնչեց Արարատի մարզի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։
Սուրբ Հակոբ եկեղեցին բազմամարդ էր. ոչ միայն մարզի տարբեր բնակավայրերից էին եկել, այլև Արագածոտնի մարզից ու Երևանից՝ իրենց աղոթքն առ Աստված հղելու։
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Ռուբեն վարդապետը իր քարոզում նշեց, որ առաջիկա կիրակին տնտեսի կիրակին է, ինչը նման է մեր այսօրվա իրականությանը։ Նա հավելեց, որ խորհրդանշական է 2 թեմերի միասնական աղոթքը, որովհետև ամենաշատը այս 2 թեմերն են ենթարկվում հալածանքների։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Sputnik Արմենիա
