Իսպանիան վերջնականապես հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին, քանի որ երկրների միջև դիվանագիտական դիմակայությունը սրվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի վերաբերյալ Մադրիդի դիրքորոշման պատճառով։
Դեսպանը Իսպանիա էր կանչվել դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին՝ դիվանագիտական վեճի ֆոնին, որն առաջացել էր Իսպանիայի սահմանած սահմանափակումների պատճառով։ Մադրիդն արգելել էր Իսրայելի համար զենք տեղափոխող ինքնաթիռներին և նավերին օգտագործել իր նավահանգիստներն ու օդային տարածքը՝ Գազայում Իսրայելի ռազմական գործողության պատճառով։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դատապարտել էր այդ միջոցները՝ դրանք որակելով որպես հակասեմական։
Երեքշաբթի օրը Իսպանիան պաշտոնապես հրապարակել է դեսպանի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությունը։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թել Ավիվում դեսպանությունն անորոշ ժամկետով կգլխավորի գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Այս քայլը դարձավ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների սրման նոր փուլ, որոնք լուրջ լարվածություն են ապրում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։
Իսպանիայում Իսրայելի դեսպանատունը նույնպես ղեկավարում է գործերի հավատարմատարը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելն անցյալ տարվա մայիսին հետ էր կանչել Իսպանիայում գտնվող իր դեսպանին՝ բողոքելով Իսպանիայի կողմից պաղեստինյան պետության ճանաչման դեմ:
News.am
