Логотип

Դատարանն արդարացրեց Գագիկ Ծառուկյանին

Այսօր Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ճանաչել և հռչակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անմեղությունն «ընտրակաշառքի գործով»։ Նույն գործով անցնող Սեդրակ Առուստամյանին (նա նախկինում «Մուլտի գրուպ» ընկերության նախագահն էր) դատարանը մեղավոր ճանաչեց ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

Նշենք, որ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվել, ճնշումներ են գործադրվել՝ նրան լռեցնելու համար, քանի որ Ծառուկյանը հաճախ լրատվամիջոցների հետ էր շփվում, քննադատական խոսք էր հնչեցնում իշխանությունների հասցեին, օրինակ, մի առիթով հայտարարել էր, թե կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխել, քանի որ բոլոր ոլորտներում ձախողել են։

Նա մեջբերեց, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունը (2020թ․ հունիսի 6), թե Եթե «պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»:

Սարգսյանի խոսքով՝ վարչապետի խոսնակը նման հայտարարություն է արել այն ժամանակ, երբ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ որևէ գործ չկար։

«Հաճելիորեն զարմացած ենք դատարանի որոշումից։ Ամբողջ պրոցեսին հետևելով` իրավական առումով մի գրամ կասկած չունեինք, որ պետք է արդարացում լինի։ Մանրամասն ներկայացրինք, գեթ մեկ ապացույց չկար, որ պարոն Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել, բայց պրոցեսներն ու քաղաքական այս երևույթները հուշում էին, որ դատարանը կաշկանդվածություն ունի»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։

«2600 հոգու են հարցաքննել, 110 քննիչ, ու ոչ մեկը Գագիկ Ծառուկյանի անունը չի տվել»,- ասաց Ծառուկյանը։

Ասում է՝ չէր հավատում, թե դատարանը նման որոշում կկայացնի, արդեն ՄԻԵԴ դիմելու մասին էին մտածում։

Հիշեցնենք` 2020թ–ի հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ էր հարուցվել, որոնցի մեկը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Sputnik Արմենիա